2013թ.-ից շահումով խաղերը և խաղատները կարող են կազմակերպվել միայն Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում, ՙԶվարթնոց՚ օդանավակայանի և ՙԵրևան՚ ազատ տնտեսական գոտու տարածքներում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2010 18:28

Ապրիլի 27-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՙՇահումով խաղերի և խաղատների մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚, ՙՀաստատագրված վճարների մասին՚, ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚, ՙՇահութահարկի մասին՚ օրենքներում: 2013թ.-ի հունվարի 1-ից

ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխություններով շահումով խաղերը և խաղատները կկազմակերպվեն միայն օրենքով սահմանված տարածքներում և կհարկվեն նոր սկզբունքներով:

ՙՇահումով խաղերի և խաղատների մասին՚ օրենքում կատարված լրացման համաձայն, շահումով խաղերը կամ խաղատները կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերը կարող են կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքների վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում: Նաև կարող են կազմակերպվել Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանի և ՙԵրևան՚ ազատ տնտեսական գոտու տարածքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավել ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող կառավարության կողմից սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան:

2013թ.-ից կվերացվեն խաղատների գործունեության և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ինչպես նաև շահումով խաղային ավտոմատների շահագործման համար գանձվող հաստատագրված վճարները: Տվյալ գործունեության տեսակները կազատվեն նաև ավելացված արժեքի հարկից: Խաղատների գործունեության կազմակերպումից, շահումով խաղային ավտոմատների շահագործումից, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից ստացվող եկամուտները շահութահարկով հարկման առումով եկամուտ չեն համարվի,իսկ այդ գործունեության կազմակերպման գծով կատարված ծախսերը` ծախս: Դրա փոխարեն էապես կավելանան տվյալ գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքի գործող չափերը, որոնք կսահմանվեն ըստ գոտիականության գործակցի: Կառավարության հիմնավորմամբ, մասնավորապես, հարկման սկզբունքների վերանայման նպատակն է վերացնել հաստատագրված վճարների հաշվարկման համար ներկայումս հիմք հանդիսացող ելակետային տվյալների արժանահավատության ստուգման անհրաժեշտությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly