Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանի նախագահի ուղերձը ՙստեղծված պայմաններում լավ մարտավարի քայլ էր՚

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2010 21:45

Ըստ ՀՀ առաջին արտգործնախարար, ՙԺառանգություն՚ կուսակցության հիմնադիր, Ազգային ժողովում նույն կուսակցության խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի, hայթուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի ուղերձը ՙստեղծված պայմաններում լավ մարտավարի քայլ էր, բայց լավ ռազմավարը չպետք է թույլ տար այս վիճակի ստեղծումն ի սկզբանե՚: Ապրիլի 23-ին ՙՀայացք՚ ակումբում նա նշեց նաեւ, որ ուղերձը գրագետ կազմված, հաջողված եւ հասկանալի էր, բայց հերթական անգամ վկայեց գործի եւ խոսքի միջեւ առկա անջրպետի մասին:

Նրա մատուցմամբ, Ս.Սարգյանի խոսքը շատ դիպուկ էր, համոզիչ, ինչպես եղել էր թեՏեր Զորում, թեՎուդրո Վիլսոնի դամբարանի մոտ, բայց մնում է գործը, այսինքն` հայթուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը, ՙհայոց իշխանության կնիքը, եւ այդ ստորագրությունը նշանակում է մեր հայրենազրկման ընդունում, Ցեղասպանության հետեւանքների վավերացում՚: Պատգամավորի համոզմամբ, այդ ստորագրությունը նշանակում է նաեւ ՙՏեր Զորի արհամարհում, մեր Նյուրենբերգի բացառում եւ Վուդրո Վիլսոնի իրավարար ժառանգության չեզոքացում՚:

Ր.Հովհաննիսյանի համոզմամբ, արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց շատերի համար ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի ղեկավարները, հատկապես վարչապետը եւ արտգործնախարարը, առաջին իսկ օրվանից ՙհետապնդել, խորացրել եւ դարբնել են այդ նախապայմանները՚: Ըստ նրա, ՙԺառանգություն՚ն ի սկզբանե տեսել է այդ նախապայմանները եւ դեմ արտահայտվել արձանագրություններին, եւ իշխանության, գործող նախագահի եւ քաղաքական կոալիցիայի այժմ կատարած քայլը պետք է դիտել որպես ՙսխալի ընդունում եւ խոստովանանք, որ այդ քաղաքականությունը, նախաձեռնությունն եղել է անհիմն, չմտածված, փորձարարություն է եղել , որը տապալվել է՚:

Նշվեց նաեւ, որ այժմ մենք հասել ենք որոշակի եզրագծի. կամ ապրիլի 23-ից սկսած սկսում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը նորից, ՙառանց որեւէ ստորագրության փոխանակում ենք դիվանագիտական նոտաներ, Թուրքիան էլ ապաշրջափակում է մեր սահմանը՚, եւ դիվանագիտական հարաբերությունների միջոցով ժամանակի ընթացքում լուծում ենք երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները, կամ, եթե Թուրքիան, սովորականի նման, շարունակում է նախապայմաններ դնել, ապա ՙՀայաստանը, իհարկե, պետք է մարտակոչն ընդունի եւ, հավասարությունը վերականգնելով, ինքը նախապայմաններ դնի՚: Ր.Հովհաննիսյանի համոզմամբ, այդ դեպքում Հայաստանը պետք է հիշեցնի ոչ միայն Ցեղասպանության, այլեւ` Արեւմտյան Հայաստանի օկուպացիայի մասին:ՙՄիջին ճանապարհը մեզ տանելու է փակուղի՚,-հայտարարեց Ր.Հովհաննիսյանը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly