Ղարաբաղյան հարցը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում. երկընտրանք – 2

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 12, 2010 10:41

Սկիզբը` տե’ս այստեղ

Սիրիական «Al Watan» թերթի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը…»: Ընդդիմությունն ու ազգայնական ուժերը քննադատեցին նախագահի հայտարարությունը` կրկնելով «Ղարաբաղը տալիս են» դրույթը:

Հաստատվեց, և դա ենթադրվում էր, որ հայ հանրությունը նման  դիվանագիտական քայլերն ընկալելու համապատասխան փորձ չունի: Այդ իսկ պատճառով քննադատները հանրության շրջաններում դիվիդենտներ ստացան:

Իրականում, հայտարարության մեջ ոչ մի հասկացություն հստակ չէ, և ասված յուրաքանչյուր միտք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Օրինակ` «իրական հնարավորություն». մեզ համար իրական հնարավորություն կարող է լինել մի բան, Ադրբեջանի համար` մի այլ բան: «Գործնական մեխանիզմներ». որո՞նք են Հայաստանի համար այդ գործնական մեխանիզմները: «Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել», բայց ոչ թե հայկական կողմը փոխզիջում է դիտում («կարող է», հնարավոր է, որ չի կարող, «դիտվել», բայց ոչ թե դիտում է) և այլն:

Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ «հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ (անվտանգության) գոտին մեր կողմից ո՛չ բնակեցվում և ո՛չ էլ շահագործվում է…»: Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը բնակեցնում կամ շահագործում է այդ տարածքները, Լեռնային Ղարաբաղն է այդ անում:

Այս հայտարարություններին նախորդել էր «Euronews»-ի հետ հարցազրույցի ժամանակ նախագահի կոչը Ադրբեջանին` ստորագրել ուժի չկիրառման մասին պայմանագիր: Այսպիսով, Սերժ Սարգսյանն այդ հայտարարություններով փորձեց ցույց տալ Հայաստանի բարձր քաղաքական կամքն ու զիջումների գնալու պատրաստակամությունը:

Ադրբեջանի արձագանքը հայկական կողմի վարքագծին նույնական չէր. Բաքուն նախ կրկին հնչեցրեց «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս գալու» պահանջը, ապա նախազգուշացրեց հնարավոր պատերազմի ռիսկի մասին, թե «տարածքներից դուրս գալը կչեզոքացնի կոնֆլիկտի ռազմական փուլ մտնելու սպառնալիքը»:

Հարց է ծագում` արդյոք Հայաստանն իր քաղաքական վեկտորը պե՞տք է փոխեր այս ուղղությամբ, արդյոք ավելի մեծ քաղաքական կամք պե՞տք է ցույց տա այն դեպքում, երբ Ադրբեջանը սպառնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը, օր օրի զինվում ու հոգեբանորեն պատրաստում իր հասարակությանը հնարավոր ռազմական բախմանը: Կամ գուցե Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին քաղաքական ավելի բարձր կամքով հակադարձելն ավելացնու՞մ է Հայաստանի միջազգային դիվիդենտները:

Ստորև բերված աղյուսակը, որը կառուցել ենք` ելնելով մի քանի «խաղերի տեսության» սկզբունքներից, հնարավորություն է տալիս հետևություններ անելու Հայաստանի արտաքին քաղաքականության վարքագծի վեկտորի ընտրության վերաբերյալ:

Աղյուսակից պարզ է դառնում, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում կողմերի վարքագծի ընտրության 9 տարբերակ կա:

Հայկական կողմը միշտ ակտիվ բանակցությունների մեջ է եղել, թեև, շատ հաճախ կտրուկ հետ է կանգնել ինչ-որ առաջարկներից ու պասիվ քաղաքական կամք ցուցաբերել: Ներկայում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է կարգավորման գործընթացում ակտիվ ներգրավվածության ու քաղաքական կամքի դրսևորման վրա: Ադրբեջանը նույնպես ներգրավված է բանակցություններում. բարձր մակարդակով հանդիպումները դրա վկայությունն են: Բայց վերջին շրջանում Բաքվի ռազմաշունչ հայտարարությունները նրան կառուցողական-ակտիվ վիճակից տանում են դեպի ապակառուցողական-պասիվ վիճակի: Այս դեպքում, ինչպես աղյուսակում է պատկերված, Հայաստանի դիրքերը կարծես ավելի շահեկան են: Նույն տրամաբանությամբ` Հայաստանի նախագահի վերոհիշյալ հայտարարություններն ուժեղացնում են Հայաստանի դիրքերը, ու այդ համատեքստում Ադրբեջանի ավելի ցածր քաղաքական կամքը հանգեցնում է աղյուսակի 1-ին հորիզոնականի Բ տարբերակում սահմանված միավորների բաշխմանը: Այսինքն` Հայաստանը ստանում է 10 միավոր, Ադրբեջանը` 5: Թեև, հաշվի առնելով ադրբեջանական կողմի փոխլրացնող վարքագիծը. այսինքն` նախապայմաններ է դնում, բայց ամեն դեպքում, ողջունում է ուժի չկիրառման պայմանագիրը, փոքր-ինչ բարձրանում է նրա 5 միավորը:

Միջազգային հանրության պատկերացման մեջ իրավիճակն այնպես է փոխվել (Ադրբեջանն այնքան է հայտարարել «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման» մասին, և դրան զուգահեռ, հայկական քարոզչությունն այնքան թույլ է եղել), որ ձևավորված տպավորություն կա, թե Ադրբեջանի զայրույթն ու «սեփական տարածքները հայկական ուժերի կողմից գրավված լինելու» մտահոգությունը բնական է ու անկեղծ, ու թե «Հայաստանը պետք է վերադարձնի դրանք»: 1990-ականների կեսերից մինչ օրս բանակցություններում ազատագրված տարածքների հանձնման ու հայկական ուժերի դուրսբերման մասին անընդհատ շրջանառված սկզբունքի առկայությունը կրկնակի է ամրապնդում այդ տպավորությունը: Հետևաբար, եթե Ադրբեջանն այս իրավիճակում պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ոչ թե կշահի 10 միավոր, քանի որ ակտիվ քաղաքական կամք էր ցուցաբերում, ոչ թե 5, այլ ընդամենը` 2.5: Ադրբեջանը, բնականաբար, կստանա 0 միավոր, քանի որ պատերազմ նախաձեռնելն, այնուամենայնիվ, դատապարտելի է (աղյուսակի 1-ին հորիզոնականի Գ տարբերակը): Այսինքն` Ադրբեջանի կանխավ արած քարոզչությունը ոչ թե կավելացնի Ադրբեջանի` հնարավոր պատերազմի պատճառով ստանալիք 0 միավորը, այլ կկրճատի Հայաստանի «անմեղության ու պատերազմի ենթարկվածի կարգավիճակի» համար ստանալիք հնարավոր 10 միավորը, կկրճատի մինչև 2.5:

Քննարկենք 2-րդ հորիզոնականի երկընտրանքները. եթե Հայաստանը փոխի իր ներկա վարքագիծը և որդեգրի անզիջում կեցվածք, ինչպես պնդում են շատ փորձագետներ ու քաղաքական ուժեր: Այս պարագայում կլինի բանակցային կոշտ առճակատում, այսինքն` կառաջանա 2-րդ հորիզոնականի Բ տարբերակի դեպքը, երբ Հայաստանը կունենա 5 միավոր, Ադրբեջանը` 7.5: Հետևաբար, Հայաստանի քաղաքական ակտիվ կամքից անցումը «պասիվի» կհանգեցնի միավորի կրկնակի կրճատման, քանի որ դա, բացի հայկական շրջաններից, հակամարտության  շահագրգիռ կողմերը չեն ողջունի. նրանց համար անհասկանալի կլինի այդ փոփոխությունը: Անշուշտ, Հայաստանն այս վարքագծի ընտրության դեպքում կշահեր Ադրբեջանին հավասար` 7.5, եթե ժամանակի ընթացքում ձևավորված լիներ առճակատման այդօրինակ վարքագծի հիմքը: Բայց ներկա փուլում ստացվում է, որ, եթե սկսենք անզիջում դառնալ Ադրբեջանի նման, վերջինս 2.5 միավորով շահում է, որովհետև նա ինչ-որ բան չի փոխել, այլ շարունակում է իր նույն քաղաքական վարքագիծը: Եթե ենթադրենք, որ Հայաստանի անզիջում դիրքորոշմանն ի պատասխան` Ադրբեջանը կառուցողական դարձնի իր վարքագիծը, ապա այս դեպքում Հայաստանի միավորները շատ ավելի կկրճատվեն. կլինի 2-րդ հորիզոնականի Ա տարբերակի դեպքը. Հայաստանին` 2.5, Ադրբեջանին` 10: Այսինքն` Հայաստանը կառուցողականից անցում կատարեց ապակառուցողականի, իսկ Ադրբեջանն էլ ընդհակառակը, ապակառուցողականից անցում կատարեց քաղաքական կամքի դրսևորմանը:   Եվ եթե Հայաստանի քաղաքական կամքի պարագայում Ադրբեջանի ռազմական հնարավոր ագրեսիան Ադրբեջանին ոչ մի միավոր չէր բերի (0), ապա Հայաստանի անզիջում կեցվածքի պարագայում Ադրբեջանի պատերազմը «արդարացված» կարող է համարվել. այսինքն` հնարավոր է` դիտարկվի, թե 2 կողմերն էլ իրենց մեղքի բաժինն ունեն դրա մեջ ու թե Հայաստանն իր առճակատման միտված  վարքագծով «նպաստեց» պատերազմի վերսկսմանը: Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, Հայաստանի 2.5 միավորի դեպքում Ադրբեջանն էլ կստանա համարժեք 2.5 միավոր. 2-րդ հորիզոնականի Գ տարբերակը:

Եթե նույն իրավիճակում` երկու կողմերի անզիջում վարքագծի դեպքում, հայկական կողմը պատերազմ սկսի Ադրբեջանի դեմ, ապա այս դեպքում, իհարկե, կգործի նախորդ տարբերակի «մեղքի բաժին»-ի սկզբունքը Ադրբեջանի ուղղությամբ, բայց նախորդ 2.5/2.5 հավասար միավորների փոխարեն Ադրբեջանը 2,5 կստանա, իսկ Հայաստանը` 0, քանի որ Հայաստանն է պատերազմը սկսել (այս դեպքում նաև կգործի Հայաստանի` ադրբեջանական քարոզչությամբ սարքված «օկուպացրած տարածքներով երկրի» պիտակը). 3-րդ հորիզոնականի Բ տարբերակը: Հայաստանի 0 միավորը կարող է մնալ նույնը կամ մի քիչ ավելի, եթե ծանրակշիռ ապացույցներ լինեն, որ ինքնապաշտպանության կամ ագրեսիայի իրական սպառնալիքից խուսափելու համար է հայկական կողմը պատերազմ սկսել: Եվ, նույն տրամաբանությամբ, կարող է 0 մնալ, կամ ավելի նվազել` կախված այդ ժամանակամիջոցում Ադրբեջանի վարած քարոզչության որակից:Եթե Ադրբեջանը փոխի իր ներկա վարքագիծն ու քաղաքական կամք ցուցաբերի, իսկ Հայաստանը, ենթադրենք, պատերազմ սկսի, ապա այս պարագայում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի միավորը կլինի 0, իսկ Ադրբեջանինը` 5: (Ադրբեջանի միավորի այս նվազ չափի համար հաշվի ենք առել նաև Ադրբեջանի համար հնարավոր հետևանքները). 3-րդ հորիզոնականի Ա տարբերակ:

Եվ վերջապես, եթե երկու կողմերն էլ գնան ռազմական առճակատման, կլինի Գ տարբերակի դեպքը` 0/0: Կողմերից ոչ մեկը չի շահի: Բայց, կրկին նշենք, որ պատերազմի բոլոր տարբերակների դեպքերում կողմերի միավորների նվազ կամ առավել չափերը կորոշվեն` կախված արվելիք համապատասխան քարոզչությունից: Այս առումով պետք է ասել, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ղարաբաղը համապատասխան փորձ չունեն:

Ամփոփելով, կարելի է փորձել պարզել, թե ներկա պայմաններում որ տարբերակն է ձեռնտու հայկական կողմին: Հայաստանը հիմա ակտիվ քաղաքական կամք է ցուցաբերում, Ադրբեջանը` պասիվ, բայց նաև դեռ չի հրաժարվում բանակցություններից (այսինքն` 1-ին հորիզոնականի Բ տարբերակում Ադրբեջանը 5 միավորից ավելի ունի):

5-ից ավել միավորի «պատճառը» հայկական կողմի վարքագիծն է, որը դրդում է Ադրբեջանին մնալ Ա-Բ մարգինալ մակարդակում. այլ կերպ ասած, Ադրբեջանը դրսևորում է թե՛ պասիվ, թե՛ ակտիվ քաղաքական կամք: Ադրբեջանի դիվանագիտությունը հաշվի է առնում, որ հայկական քաղաքական ակտիվ կամքի դրսևորման պարագայում չպետք է վարի արտահայտված կամ բացարձակ պասիվ քաղաքական կամքի վարքագիծ: Օրինակ, ենթադրենք, եթե Հայաստանի նախագահի վերոհիշյալ կոչին ի պատասխան` Ադրբեջանն ուղղակիորեն ասեր հետևյալը. «Ոչ մի իրական մեխանիզմներ էլ չենք տալու, դա բացառվում է, բայց հայկական կողմը պետք է տա բոլոր գրավյալ տարածքները, այլապես պատերազմ կսկսենք Ղարաբաղի ու Հայաստանի դեմ»,- ապա այս պարագայում Հայաստանը կշահեր իր 10 միավորը, իսկ Ադրբեջանը` 5: Ինչո՞ւ 5, և ոչ ավելի ցածր, որովհետև, այդօրինակ վարքագծի համար Ադրբեջանը համապատասխան փորձ ունի, և դա միջազգային հանրության համար «նորություն» չի լինի. պոտենցիալ սպառնալիք միշտ էլ կա Ադրբեջանի կողմից:

«Իսկական նորություն» կարող է լինել, օրինակ, Ադրբեջանի ռազմական նախաձեռնությունը:Հայաստանի վերջին շրջանի վարքագծից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ռազմական հնարավոր ագրեսիայի հասունացումը ուղիղ համեմատական է Հայաստանի ակտիվ քաղաքական կամքի ցուցաբերման ակտիվացմանը: Այսինքն` ինչքան մեծանում է ադրբեջանական սպառնալիքը, այնքան ավելի է Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերում: Ի լրումն` Հայաստանի այդ վարքագիծը, անկախ բովանդակությունից, լրջորեն ազդում է Ղարաբաղի, Հայաստանի ու Սփյուռքի հայության սոցիալ-հոգեբանական տրամադրության վրա, իսկ դա ներկա պայմաններում պետք է համարվի կարևոր մտահոգություն:  Կարծում ենք, որ թեև քաղաքական ակտիվ կամքի դրսևորումը դրական է, այնուամենայնիվ, հակառակ կողմի մոտ նույնական կամքի բացակայության պարագայում այդ վարքագծի շարունակումը արդյունք չի տալիս: Այս առումով պետք է նկատել, որ պասիվ քաղաքական կամքի կամ կոշտ դիրքորոշման որդեգրման դեպքում Հայաստանը, թեև չի ստանա 10 կամ 7,5 միավոր, բայց կհայտնվի հարաբերական հավասար իրավիճակում Ադրբեջանի հետ (ինչպես պատկերված է աղյուսակում): Սա այն դեպքում, երբ հայկական կողմի վարքագծի փոփոխությունը տեղի ունենա էվոլյուցիոն ձևով: Հաշվի առնելով ժամանակի գործոնը, որակյալ դիվանագիտության կարիքն այդ դեպքում հրամայական պահանջ է:

շարունակելի

Հ. Գ. Գուցե տպավորություն ստեղծվի, թե քանի որ կարևորված է միջազգային կարծիքը, դրանով է պայմանավորված կողմերի ստանալիք միավորների չափը, ուրեմն բացարձականացնում ենք «դրսի» կարծիքը կամ չենք առաջնորդվում «սա մեր գործն է ու ինչ մարտավարություն էլ ընտրելու լինենք, չպիտի հաշվի առնենք այլ կողմի կարծիքը» սկզբունքով: Բայց, պետք է հասկանանք, որ ապրում ենք չափազանց փոխկապակցված աշխարհում, մեր տարածաշրջանի ցանկացած զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն անդրադառնում է աշխարհի շատ այլ երկրների վրա, և այդ երկրների շահերը կապվում են այդ զարգացումների հետ: Բացի այդ, միջազգային հանրությունն արդեն ուղղակիորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ի վերջո, հնարավոր խաղաղության պայմանագրի կամ պատերազմի դեպքում նրա վարքագիծը որոշիչ է լինելու: Հետևաբար, պետք է հաշվի առնել ու կարևորել տպավորության ու կարծիքի կատեգորիաները:

Դիտվել է 2164 անգամ:
Print Friendly