Կրթական նորարարություն. աշակերտներն ու ուսուցիչները տանջվում են գնահատման նոր համակարգից

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 16, 2010 12:27

14-ամյա Գառնիկը պատռված ձեռքով երկու ամփոփիչ աշխատանք է գրել՝ ցածր քարորդային գնահատական չստանալու համար

14-ամյա Գառնիկ Ավետիսյանը, ով սովորում է 8-րդ դասարանում,  կիսամյակային ամփոփիչ  գրավորների հանձնման ժամանակաշրջանում վայր է ընկել և վնասել աջ ձեռքը: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա հրաժարվել է տուն կամ հիվանդանոց գնալուց և պատռված ձեռքով գրել է  2 ամփոփիչ գրավոր: Օրվա վերջում, սակայն, հիվանդանոցում բժիշկները  Գառնիկի ձեռքին հինգ կար են դրել: Հաջորդ օրը նա չի կարողացել դասի գալ և բաց է թողել  գրավոր աշխատանքները  2 առարկաներից:  «Այդ առարկաներից Գառնիկն ուներ միայն  8 և 9 գնահատականներ, բայց  քանի որ գրավորը չի գրել, երեխայի քառորդը նշանակել են 5 և 6»,- ասում է Գառնիկի մայրը` Մարինեն:

Մարինեն ասում է, որ որդին ողջ տարին լավ է սովորել, բայց հիմա հիասթափված է. «Այդ առարկաներին շատ լավ տիրապետում է, գերազանց գիտի անցած նյութը: Գոնե վերահանձնելու հնարավորություն տային, թե չէ երեխան հիմա ընկճված է, նոր ուսումնական կիսամյակը սկսվել է, բայց չի էլ ուզում սովորել»:

Բոլոր հանրակրթական դպրոցներում 2009-ի սեպտեմբերից կիրառվում է գնահատման բաղադրիչային համակարգը: Ըստ այդմ, կիսամյակի ընթացքում աշակերտի գիտելիքների գնահատման համար կիրառվում է գիտելիքների ստուգման 4 տարբերակ` բանավոր հարցում, գործնական աշխատանք, թեմատիկ գրավոր աշխատանք, կիսամյակային ամփոփիչ աշխատանք:

Յուրաքանչյուր առարկայի համար ԿԳՆն սահմանում է գիտելիքների ստուգման այս 4 տարբերակների հաճախականությունը:

Թեմատիկ գրավոր աշխատանք գրում են յուրաքանչյուր թեմա ուսումնասիրելուց հետո: Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կատարվում է ուսումնական կիսամյակի ավարտին և ներառում է ողջ կիսամյակի ընթացքում ուսումնասիրած թեմաները:  Իսկ բանավոր հարցումների  և գործնական աշխատանքների քանակը սահմանվում է ըստ  տվյալ առարկային հատկացվող ժամաքանակի:

Աշակերտի կիսամյակային գնահատականը ձևավորվում է նրա գիտելիքների ստուգման 4 տարբերակներից վաստակած գնահատականների հիման վրա. գնահատման 4 տեսակներից յուրաքանչյուրից հանվում է միջին գնահատական, ապա 4 միջին գնահատականից էլ  ընդհանուր միջին  է հանվում, որը և դառնում է քառորդային գնահատական:

Նախատեսվում է, որ ուսուցիչը պետք է  ունենա դասամատյանին  կից գրանցամատյան` բոլոր հարցումների  գնահատականները ներառելու համար:

Կրթության ազգային ինստիտուտի գնահատման համակարգերի ներդրման բաժնի մասնագետ Սոնա Սարգսյանն ասում է, որ բաղադրիչներով գնահատման համակարգը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն  ուսումնասիրել աշակերտի կարողությունները: «Գնահատումն այսպիսով ավելի արդարացի և օբյեկտիվ է լինում»,- ասում է նա:

Նա ասում է, որ աշակերտներից մեկի մոտ բանավոր խոսքն է զարգացած, մյուսի մոտ` գրավորը, իսկ բաղադրիչներով գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ամեն ոլորտում ըստ կարողությունների համապատասխան գնահատական ստանալ:

«Ընթացիկ գնահատման տարբեր ձևերի կիրառումը և 10 միավորային սանդղակի ներդրումը կնպաստեն ուսուցման գործընթացի բարելավմանը», – ասված է  ԿԳՆ-ի կողմից հաստատված  «Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաբանությունում»:

Աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Գալստյանն ասում է, որ գիտելիքների ստուգման թեստային մեթոդը չի բացահայտում աշակերտների իրական գիտելիքները

Մինչ հանրակրթական բոլոր դպրոցներում գնահատման բաղադրիչային համակարգին անցնելը, այն 2 տարի փորձարկվել է հանրապետության տասը  դպրոցներում` Երևանում  և տարբեր մարզերում:  Փորձարկվող դպրոցներից է եղել նաև Երևանի Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 դպրոցը, որի տնօրեն Ռաֆայել Մադոյանն ասում է, որ գնահատման բաղադրիչային համակարգն ունի և դրական, և բացասական կողմեր: «Նոր համակարգի ներմուծումով միայն խնդիրները լուծում չեն ստանա, ցանկալի արդյունքի չենք հասնի»,- ասում է Մադոյանը: Նա նշում  է, որ գնահատման նոր մեթոդը չի համապատասխանում ներկայումս գործող ուսումնական ծրագրին. «Տարվա ընթացքում նախատեսված  գրավոր աշխատանքների  թիվն այնքան շատ է, որ ուսուցիչն այլևս չի հասցնում ծրագրով սահմանված դասերն անցնել»:  Մադոյանն ասում է, որ գնահատման նոր մեթոդն ունի նաև իր դրական կողմերը.  կիսամյակային ամփոփիչ գրավորը որոշիչ դեր ունի կիսամյակային գնահատականի որոշման գործում, բացի այդ, տարվա ընթացքում աշակերտին հնարավորություն է տրվում վերահանձնել բաց թողած գրավոր աշխատանքները և վաստակել միավորներ:

Մադոյանն ասում է, որ գնահատման նոր համակարգը նաև աշխատատար է ուսուցիչների համար. «Սա լրացուցիչ աշխատանք է, որը շեղում է ուսուցչին իր հիմնական աշխատանքից»:

Մադոյանի խոսքով`  որոշ ծնողներ դժգոհ  են գնահատման նոր համակարգից: Ըստ նրա, դեպքեր են գրանցվել,  որ  երեխան հիվանդության պատճառով չի մասնակցել կիսամյակային ամփոփիչ  գրավորին, հետևաբար, ստացել է ցածր  կիսամյակային գնահատական (4-րդ բաղադրիչի համար ստացել են զրո): «Սա իրոք բաց հարց է, որովհետև պատահում է, որ երեխաները կիսամյակային ամփոփիչ գրավորների ժամանակ լուրջ հիվանդ են

Դիտվել է 3180 անգամ:
Print Friendly