ԴՊՐՈՑՈՒՄ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ առանց համապատասխան դասագրքերի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 26, 2010 10:47

Հայաստանյան դպրոցների10-րդ դասարանում ուսումնասիրում են 16 առարկա` 12-ամյա կրթական համակարգի չափորշիչներին համապատասխան մշակված  ուսումնական ծրագրերով: Սակայն նոր կրթական ծրագրին համապատասխան  դասագրքեր  տպագրվել են միայն 13 անուն դասագիրք`  7 առարկաներից. Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, Երկրաչափություն, Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն, Հայ գրականություն, Հայոց լեզու առարկաներից   յուրաքանչյուրից  2 դասագիրք` ընդհանուր-հումանիտար և բնագիտական հոսքերի համար (ավագ դպրոցում իրականացվում է հոսքային ուսուցում` հումանիտար-ընդհանուր և բնագիտամաթեմատիկական` ըստ ոլորտի, որոնցում հետագայում մասնագիտանալու են աշակերտները): Հասարակագիտություն առարկայից էլ տպագրվել է մեկ` ընդհանուր հումանիտար հոսքի համար նախատեսված դասագիրք, որով ուսանում են բոլորը: Համապատասխան դասագրքեր չկան 9 առարկաների համար:

Տպագրված դասագրքերն էլ, սակայն, առաջացրել են ուսուցիչների դժգոհությունը:  Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի Պատմության մեթոդմիավորման նախագահ Մարիամ Կիրակոսյանն ասում է, որ 10-րդ դասարանցիների համար նախատեսված հոսքային դասագրքերը միմյանցից բովանդակությամբ ու ծավալով գրեթե չեն տարբերվում. «Հայոց պատմության և Համաշխարհային պատմության  դասագրքերի բնագիտական հոսքի համար նախատեսված տարբերակը շատ ավելի բարդ է գրված, քան հումանիտար հոսքինը, մինչդեռ պետք է հակառակը լիներ»:

Կիրակոսյանի խոսքերով` պատմության 2 դասագրքերը միմյանցից տարբերվում են միայն տառաչափով: Կիրակոսյանն ասում է, որ բնագիտական հոսքի համար գրված դասագրքերն ավելի բարդ շարադրանք ունեն. եթե հումանիտարում միտքն արտահայտվում է մի քանի պարզ նախադասություններով, այստեղ դրանք միավորված են մեկ բաղադրյալ նախադասության մեջ:

«Երբեմն  էլ անտեսված է կարևոր ինֆորմացիան, ինչի փոխարեն մատուցվում է  երկրորդականը, որը աշակերտը պարտադիր չէ, որ իմանա»,- ասում է Կիրակոսյանը:

Որպես օրինակ` նա  մատնանշում է, որ պատմության  դասագրքերում մշակույթների գոյատևման և թագավորների  կառավարման թվերի շարան է, մինչդեռ, ավելի կարևոր է, որ աշակերտը իմանա, թե տվյալ թագավորն ինչ պետական քաղաքականություն էր վարում, որն էր ավելի արդյունավետ, կամ կոնկրետ մշակույթի առանձնահատկություններն իմանա:

Պատմության ուսուցչուհի Մարիամ Կիրակոսյանն ասում է, որ 10-րդցիների պատմության հոսքային դասագրքերը միմյանցից հիմնականում տարբերվում են տառաչափով

Ըստ Կիրակոսյանի` ավագ դպրոցի դասագրքերի ինֆորմացիան կիրառելի չէ ոչ դպրոցն ավարտելիս, ոչ էլ բուհ ընդունվելիս. մատուցվող  նյութերը չեն համապատասխանում բուհական պահանջներին:«Հարցաշարերը կազմվում են 5-8-րդ դասարանների դասագրքերի հիման վրա: Այդ պարագայում ինչ իմաստ ունի 2-3 տարի սովորել դասագրքով, որի մատուցած ինֆորմացիան պետք չէ ոչ ավարտելուց, ոչ էլ բուհ ընդունվելուց»:

Պատմության դասագրքի խնդիրը 10-րդցիների համար միակը չէ.  Ընդհանուր աշխարհագրություն առարկայից դասագիրք բոլորովին չկա:  Նախկինում 9-րդ դասարանում (ներկայիս 10-րդում) ուսանում էին բնապահպանություն և բնօգտագործում առարկան, որի դասագիրքը, սակայն,  աշակերտները գնում էին, քանի որ դպրոցներում այն չկար:

Այս տարի էլ շատ աշակերտներ այդ դասագիրքը գնել են մինչ ուսումնական տարվա սկսվելը: Սակայն այժմ ստիպված են այդ գրքերը մի կողմ դնել և առանց դասագքրի ուսանել: «Ի՞նչ երեսով  ուսուցիչը  մտնի  դասարան ու երեխային ասի, որ իր գնած դասագիրքը պետք չէ, բայց նոր գիրք էլ չկա»- հարցնում  է Կիրակոսյանը:

Աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Գալստյանն ասում է, որ 10-րդցիների համար  ուսումնական նյութերը մշակում է համապատասխան մասնագիտական գրականությունից և թելադրում  դասաժամի ընթացքում: Աշակերտները մի դասաժամ գրում են,  հաջորդին  պատասխանում:  Գալստյանն ասում է, որ նյութերը խտացնում է, ստիպված գործնական աշխատանքին ավելի քիչ ժամանակ է տրամադրում` ծրագիրն ամբողջությամբ ուսուցանելու համար: «Վերապատրաստման ժամանակ մեզ ասացին, որ չպետք է թելադրենք, այլ դասը բանավոր բացատրենք, երեխաներն էլ նշումներ անեն: Սակայն մի քանի ժամ այդպես պարապելուց հետո հասկացա, որ դա արդյունավետ չէ, ամբողջ դասարանից մի քանիսի մտավոր ունակություններն են թույլ տալիս առանց դասագրքի հիշել և վերարտադրել  ուսումնական նյութը: Ստիպված եմ հիմա թելադրել»,- ասում  է Գալստյանը:  Նա նշում է, որ նոր ուսումնական ծրագրում ներառված են թեմաներ, որ նախկինում դպրոցում չեն ուսուցանվել: Օրինակ` քարտեզագրական գեներալիզացիա, պրոեկցիա և այլն. «Էս թեմաները մշակելու համար իմ համալսարանական լեկցիաներից եմ օգտվում»:

10-րդ դասարանցի Սևակ Խաչատրյանը պատմում է, որ դասարանի տղաներով փախչում են այն դասերից, երբ ուսուցիչը լեկցիա է թելադրում: «Թելադրելն անիմաստ է, իզուր ժամանակ ենք կորցնում»,- ասում է Սևակը:  Նրա խոսքով`դասարանի աղջիկները լեկցիան գրում են,իսկ  նրանցից մեկի տետրով էլ դասին է պատրաստվում:

Չկա նաև համապատասխան քիմիայի դասագիրք: Ծրագրին համապատասխան ուսուցում իրականացնելու համար պետք է կիրառվեն 7, 8 և 10-րդ դասարանների դասագրքերը միաժամանակ:  Քիմիայի ուսուցչուհի Թամարա Բարսեղյանն ասում է, որ հին դասագրքերի թեմաները ժամանակին անցել են, ուստի հիմա դրանք խտացված է հանձնարարում, քանի որ աշակերտները կրկնում են անցած նյութերը: Սակայն Բարսեղյանն ասում է, որ գրքերի քանակը չի բավականացնում, քանի որ նույն դասագրքով են անցնում 7,8 և 10-րդ դասարանների աշակերտները: «Ստիպված որոշ թեմաներ կոնսպեկտում եմ ու թելադրում: Ծրագիրն իրականացնել է պետք»,- ասում է Բարսեղյանը:  Սակայն քիմիայի ուսուցչուհի Գայանե Թանգյանն ասում է, որ քիմիան թելադրելով կամ կոնսպեկտելով ուսուցանելն անհնար է, «Դա ուղղակի աբսուրդ է: Կամ եթե թելադրեմ, բա ծրագիրը ե՞րբ հասցնեմ ուսուցանել: Թելադրելու համար առանձին դասաժամեր չեն հատկացվում, չէ՞»:

Միանգամից 5 դասագրքով են անցնում  նաև ինֆորմատիկա առարկան: «Նոր ծրագրով ենթադրվում է, որ 10-րդցիներն ավելի շատ գիտելիքներ պիտի ունենան, քան նախկին 10-րդցիներն էին ստանում»,- ասում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Խաչատրյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանն  ասում է, որ 10-րդ դասարանցիներին դասավանդող ուսուցիչների համար հատուկ վերապատրաստում է իրականացվել և բոլորին տրվել են փոխարինող նյութեր, համապատասխան գրականություն, որպեսզի ծրագրին համապատասխան ուսուցում իրականացնեն: «Այս տարի համապատասխան գրքերի բացակայությունը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Տնտեսական ճգնաժամի հետևանք է, – ասում է Մելիքյանը,- առանց համապատասխան դասագրքերի դժվար է, բայց պետք է համակերպվեն: Մյուս տարի բոլոր առարկաների համար դասագրքեր կլինեն»:

2010-2011  ուումնական տարվա դասագրքերի համար մրցույթը, ըստ  Ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանի,  հայտարարվել է հոկտեմբերի 1-ին: Փետրվարին պարզ կդառնա, թե ովքեր են հաղթել մրցույթում և մյուս տարի օգոստոսին համապատասխան նոր դասագրքերն արդեն դպրոցներում կլինեն:

Դիտվել է 4791 անգամ:
Print Friendly