Ազգային օրացույցի չգրված տոներից մեկը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2012 17:18

Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր տոն է` 2012 թվականի շրջանավարտների վերջին դասը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի թիվ 142 ավագ դպրոց: Շնորհավորելով շրջանավարտներին և մանկավարժներին տոնի առթիվ` նախարարը նշել է. “Վերջին դասը մեր ազգային օրացույցում չգրված տոներից մեկն է, բայց ամեն տարի այն զանգվածային տոնախմբության է վերածվում, քանի որ առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի: Այսօր շուրջ 40 հազար երիտասարդներ կթերթեն պատանեկության էջը և կմտնեն հասուն կյանք: Մենք կյանք են թողարկում հայ երիտասարդների հերթական սերունդ, որի ուսերին է հայոց պետականության, տնտեսության, մշակույթի, գիտության զարգացման բեռը և պարտավորությունը: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա ձեր փխրուն, բայց վաղն ավելի ամուր ուսերին ընկնող պետականաշինության բեռը կկատարեք պատվով, որ կարդարացնեք ձեր ծնողների ջանքերը և մանկավարժների հույսերը, որոնք տարիներ շարունակ ջրել են ձեզ` որպես ծառ, որը տարիներ հետո պետք է բերք տա: Ձեզ առաջին հերթին մաղթում եմ անվտանգ, հիշարժան օր ողջ կյանքի ընթացքում, որպես մի լուսավոր, պայծառ կետ, որին կարելի է միշտ վերադառնալ, երբ ուզում ես քաղել մանկության օրերի կարոտախտը, պատանեկության պայծառ տարիները: Դարձեք պիտանի մարդ ձեր ընտանիքի, պետության և հասարակության համար, ձեզ անձնական երջանկություն և բարեկեցություն, քանի որ յուրաքանչյուրիս հաջողությամբ և երջանկությամբ է չափվում հասարակության ամրությունը և բարեկեցությունը”: Նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ այսօրվա շրջանավարտներից շատերը իրենց ուղին կշարունակեն բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և նրանց հաջողություններ մաղթել քննությունների ընթացքում: “Այս տարիների ընթացքում պետությունը ձեզ համար փորձել է ապահովել որակյալ կրթությանը հարիր պայմաններ, հիմքեր ստեղծել մեծ կյանք մտնելու համար: Հուսով եմ, որ ձեզանից շատերը բռնել են լավ կրթություն ստանալու ճանապարհը և կյանքում իրենց բարեկեցության և հաջողության գաղտնիքը կապում են միայն որակյալ կրթության հետ”,-նշել է նախարարը` շրջանավարտներին ևս մեկ անգամ հորդորելով զերծ մնալ „պատանեկան տոնը մեծերի խնջույքի վերածելու անհարկի դրսևորումներից”: “Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Մեզ համար առաջին հերթին կարևոր է ձեր անվտանգությունն ու առողջությունը: Հիշարժան և անմոռանալի օր ձեզ, սիրելի շրջանավարտներ”,-դիմելով աշակերտներին` նշել է Արմեն Աշոտյանը:
Նախարարը մասնակցել է նաև դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply