«Ոչ մի դեպքում և ոչ մի ոլորտի համար ինձ 2 չեմ նշանակի». Հրայր Թովմասյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | December 17, 2011 15:20Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է դատական համակագում առկա մի շարք թերություններից: Նախարարը նշել է, որ դատական իշխանությունն իր համար շարունակում է աքիլլեսյան գարշապար մնալ: Նա ասել է, որ դատական համակարգում դեռևս կան դատավորներ, ովքեր վարկաբեկում են համակարգը և արգելակում դրա զարգացումը:
Ըստ Թովմասյանի, ոլորիտի բարեփոխումները շատ դանդաղ են ընթանում, ինչի պատճառը խնդրի բազմաշերտությունն է: «Դա առաջին հերթին իներցիան է, ապա մտածողությունը, օրենսդրական խնդիրները, փոխկապակցված ոլորտների` փաստաբանության, դատախազության հետ կապվածությունը»,-ասել է նախարարը:
Նա հայտնել է, որ մշակվել ու հաստատման է ուղարկվել դատական համակարգի 2012-2013 թթ. բարեփոխման ծրագիրը:
Հրայր Թովմասյանը խոսել է նաև վարորդական իրավունք ստանալու գործընթացի մասին: Նա պատմել է, որ երկու ամիս առաջ երբ ինքը այդ հարցով զանգահարել է ընկերներից մեկին, որը բավական բարձր պաշտոնյա է` մյուս ընկերոջ կնոջ հետ կապված, իրեն պատասխանել են, որամեն ինչ կանեն, բայց քննությունը պետք է իր ուժերով հանձնի: «Ներքին ուրախություն զգացի, որ եթե ինձ են մերժում, ապա սա շատ լավ երևույթ է»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` ամիսներ առաջ իրեն հայտնած անվստահության փաստին, Հրայր Թովմասյանը նկատել է. «Ես նրան դաշնակից եմ համարում, բայց մտավախություն ունեմ, որ, Աստված չանի, ժողովուրդը կարող է հիասթափվել նրանից,-ասել է նա,-չեմ ուզում գնահատականներ տալ նրան, սակայն կարծում եմ՝ կգտնենք համագործակցության առավել շատ եզրեր»:
Հրայր Թովմասյանն իր կատարած աշխատանքը 5 բալանոց համակարգի դեպքում 3 է գնահատել` դատական համակարգում, 4` նոտարիատում կատարած աշխատանքի և կրկին 4` ռեգիստրի համակարգում կատարած աշխատանքների համար: «2 ոչ մի դեպքում և ոչ մի ոլորտի համար ինձ չեմ նշանակի»,- հավելել է նախարարը: