Նախագահն ու ԱԺ փոխնախագահը ցավակցել են Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 31, 2009 18:18
Էդվարդ Քենեդի

Էդվարդ Քենեդի

ԱՄՆ Սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում այսօր բացվել է սգո մատյան: Դեսպանություն այցելել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը և գրառում կատարել սգո մատյանում:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ամերիկյան ժողովրդին, Քենեդիների ընտանիքին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Դեմոկրատական կուսակցության ակնառու ներկայացուցիչ, բազմափորձ սենատոր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում»,- գրել է ԱԺ փոխնախագահը:

Իր ցավակցական ուղերձն է փոխանցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հռչակավոր քաղաքական գործիչների տոհմի ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր և տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի և Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Անժխտելի են Էդվարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից և ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ».-ասված է նախագահի ուղերձում:

77-ամյա սենատորը մահացել էր օգոստոսի 25-ին Մասաչուսեթս նահանգի իր տանը:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly