ՄԻԱԿ-ի ակտիվիստները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են անցած չորս տարիների ընթացքում կուսակցության կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 20:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպել է Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) շուրջ երկու հազար ակտիվիստների հետ՝ կուսակցության կողմից իրականացված «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» ծրագրի ամփոփման կապակցությամբ:

ՄԻԱԿ-ի ակտիվիստները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են անցած չորս տարիների ընթացքում կուսակցության կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները, պատմել` «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» ծրագրի ընթացքի և արդյունքների մասին: Նրանք նշել են, որ նախագծի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերի համացանցային հասցեական տարածումն է աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում: Նախագծի ռազմավարական նպատակը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը նպաստելն է: Հանրապետության ղեկավարը նաև ծանոթացել է ՄԻԱԿ-ի հավաքած տվյալների բազային, որից մինչ այժմ թվով չորս միլիոն նամակ է ուղարկվել:

Ողջունելով կուսակցության ակտիվիստների նախաձեռնությունը և ՄԻԱԿ-ի անդամներին շնորհավորելով 4-ամյակի կապակցությամբ՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.

«Կուսակցության համար 4 տարին մեծ ժամանակահատված չէ, և ձեր կուսակցությունը դեռևս պետք է անցնի տևական ճանապարհ՝ կայանալու, ավանդույթներ ձևավորելու առումով: Իհարկե, շատ ողջունելի է, որ կուսակցությունում միայն երիտասարդներ են ընդգրկված, և այս չորս տարիների ընթացքում ինչ-որ չափով դուք ընկալելի եք դարձել մեր հասարակության համար:  Ողջունում եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր հաճույքով մասնակցում են հասարակական-քաղաքական գործընթացներին և այդ ընթացքում փորձում իրենց ավանդը բերել մեր երկրի զարգացման գործին:

Ես այս կարճ ժամանակահատվածում ծանոթացա նաև ձեր նախաձեռնությանը, այն աշխատանքին, որ դուք այս ընթացքում կատարել եք՝ փորձելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին ճշմարիտ տեղեկատվություն հաղորդել աշխարհին: Իհարկե, շատ գովելի նախաձեռնություն է և շնորհակալ աշխատանք երկու առումով. նախ՝ դա մեր ամենացավոտ հարցերից մեկն է, մեր առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկը: Եվ չնայած, մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, չնայած, որ այս խնդիրն արդեն քսան տարուց ավելի է գոյություն ունի, ցավոք, աշխարհում դեռևս կան շատ մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ, ովքեր ծանոթ չեն հիմնախնդրին, ովքեր ճշմարիտ տեղեկատվություն չունեն, հատկապես, որ մեր հակառակորդները որևէ միջոցից չեն խորշում` ապատեղեկատվություն հաղորդելու միջազգային հանրությանը: Եվ երկրորդ՝ սա ձեր նախաձեռնությունն է, ձեր ինքնուրույն որոշումը: Միշտ էլ պետք է ողջունել այսպիսի ինքնուրույն քայլերն ու ցանկությունը, մասնակից լինելու մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Մեր հասարակության բոլոր ոլորտներում տեղի է ունենում սերնդափոխություն, գալիս են լավ կրթություն ստացած, բանիմաց, ժամանակակից աշխարհի հետ շփվել կարողացող, հավակնոտ և աշխատասեր մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքով, իրենց եռանդով լինել հաջողակ՝ թե´ անձնապես, թե´ որպես մեր երկրի քաղաքացի: Իհարկե, սա շատ ողջունելի է: Միայն սրանով Հայաստանը կարող է լինել մրցունակ, և միայն այսպես մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, մաղթում` հաջողություն և, իհարկե, շատ շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար»,-ասել է Նախագահը:

Հանդիպման ավարտին ՄԻԱԿ-ի ակտիվիստները Նախագահ Սարգսյանին նվիրել են իրենց կողմից պատրաստված և տարբեր լեզուներով թարգմանված փաստաթղթի օրինակները:

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply