Պայուսակի սխալ ընտրությունը բերում է ողնաշարային շեղումների

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 26, 2009 16:40

mhm43350-copyՑածր դասարանի երեխաները ողնաշարային շեղումներից խուսափելու համար պետք է անպայման կրեն երկու ուսակապ ունեցող պայուսակներ: Իսկ ողնաշարի հետ խնդիրներ ունեցողները խուսափեն ծանր պայուսակներ կրելուց: Այս խորհուրդները տալիս է նյարդաբան Աննա Բաբայանը։

10-ամյա Աննան այս ուսումնական տարվա համար որոշել է մեկ ուսով պայուսակ ունենալ, չնայած որ մայրը՝ Տաթևիկը դեմ է.«Դե, այդքան գրքերը ոնց պետք է տանի այդ պայուսակով, շատ ծանր կլինի,դեռ փոքր է»:

Նյարդաբան Աննա Բաբայանն ասում է, որ շատ կարևոր է, որ ծնողները դեռ փոքր հասակից հետևեն երեխաների ողնաշարի ձևավորմանը, այդ թվում պայուսակ ընտրությունը ճիշտ կատարեն. «Յուրաքանչյուր ծնող պետք է իր երեխայի ողնաշարին հետևի: Ասենք ցածր դասարանի երեխաներին մեծերի համար նախատեսված պայուսակներ չտան: Նրանց համար կան հատուկ պայուսակներ, որոնք հավասարաչափ են տարածում ծանրությունը: Քանի որ հենց այդ տարիքում են ի հայտ գալիս շեղումները: Բացի պայուսակը, պետք է ուղիղ նստեն, անպայման մարմնամարզությամբ զբաղվեն, ողնաշարի ճիշտ ձևակերպման համար»:

Ինչ վերաբերվում է հասուն մարդկանց, բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել ծանր պայուսակներ կրելուց, քանի որ մի փոքր ողնաշարի հետ խնդիր ունենալու պարագայում, բարդացումներն անխուսափելի կլինեն:

Առողջ ողնաշար ունենալու գրավականն է նաև վարսակից պատրաստված սննդի և ամենակարևորը կաթնամթերքի կիրառումը. «Շիլաներն ու վարսակից պատրաստած բլիթները շատ օգտակար են ողնաշարի ձևավորման համար: Բայց միայն այդքանը բավական չէ, քանի որ արտասահմանյան շատ երկրներում կիրառում են այդ սննդամթերքը, բայց միևնուն է, զերծ չեն մնում ողնաշարային խնդիրներից: Պետք է ճիշտ քայլել, ճիշտ նստել և ճիշտ ապրելակերպ վարել»:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly