Պաշտոնական այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Պավել Գանտարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2011 21:08

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, և միջպետական հարաբերություններում արձանագրվել է զարգացման դրական տեղաշարժ: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-սլովենական փոխհարաբերությունների միջակայքն աստիճանաբար ընդլայնվում է` ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության տարրեր:

Բարձր գնահատելով առկա ձեռքբերումները` Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դեռևս շատ անելիք կա միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Խորհրդարանական կապերը, լինելով միջպետական հարաբերությունների անփոխարինելի բաղադրիչը, ըստ Նախագահ Սարգսյանի, կարող են էապես նպաստել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Սլովենիայի խորհրդարաններում պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը և պարբերական փոխայցերի կազմակերպումը:

Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, Նախագահն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ և արդյունավետ գործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև վարչապետ Բորուտ Պախորի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին` կարևորելով փորձի փոխանակումը:

Հանրապետության ղեկավարի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչի հետ հանդիպմամբ: Նախագահ Սարգսյանը հանդիպումից հետո քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է Լյուբլյանայում, ծանոթացել Սլովենիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերին:-

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply