Սրտային հիվանդությունները Հայաստանում երիտասարդացել են. կյանքը սթրեսային է այստեղ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 21, 2009 15:56

109729-ամյա Կարենը  տարվա կեսն անց է կացնում Էրեբունի բժշկական կենտրոնում. նա տարվա մեջ երկու-երեք անգամ դեղորայքային բուժում է ստանում սրտի իշեմիկ հիվանդության համար: Նրա համար շատ դժվար է ամեն անգամ  բուժման գումարներ հայթայթելը.  70. 000 դրամը միայն հաստատագրված գումարն է՝ հիվանդանոցում պառկելու համար, սակայն. «կողքից էնքան բան կա առնելու` դեղ, հետազոտման գումար և այլն»:

Էրեբունի բժշկական կենտրոնի սիրտ-թոքային բաժանմունքում այս տարի արդեն  մոտ 850 հիվանդ են ընդունել` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի   համեմատ  10-15 տոկոսով քիչ: Հիվանդների կեսից ավելին բուժվելու են գալիս շրջաններից:

Սիրտ-թոքային բաժանմունքի ղեկավար Լաուրա Աթայանն ասում է, որ տոկոսային նման տարբերությունը մխիթարական չէ, քանի որ թվաքանակի նվազմանը զուգահեռ ավելացել է այս հիվանդությամբ տառապող երիտասարդների քանակը: Կոնկրետ թիվ, սակայն, բաժանմունքը չունի, քանի որ տարիքային բաժանում, ըստ հիվանդների, չի արվում:

«Հայաստանում վերջին տարիներին սրտաբանական հիվանդությունների ճգնաժամային աճ է գրանցվել, դա բնորոշ է զարգացող երկրներին` նախկին Խորհրդային հանրապետություններին և Արևելյան  Եվրոպայի երկրներին. այստեղ մարդկային ապրելակերպի հարցերը դեռևս լուծված չեն, մարդիկ վազքի մեջ են՝ մի կտոր հաց ճարելու համար, հետևաբար աճում են սթրեսները, շաքարի քանակությունը»,-բացատրում  է Աթայանը:

Նրա  խոսքով՝  բուժվող հիվանդները համարվում են խրոնիկ հիվանդներ, իսկ նրանց հիվանդությունը չի բուժվում մինչև կյանքի վերջ: Նա ասում է, որ  հիվանդները հոսպիտալացվում են հիմնականում սրտի իշեմիկ հիվանդություն (բարձր ճնշում), ստենոկարդիա(սրտային հեղձուկ, իշեմիկ հիվանդության ամենատարածված ձևը), զարկերակային հիպերտենզիա(անոթային բարձր ճնշում) ախտանիշերով: Դեղորայքային բուժումը ժամանակավոր բնույթ է կրում, որը կարճատև պայքար է հիվանդության սրացման վիճակից ելնելու համար:

«Ամեն հնարավորն անում ենք հիվանդի համար, որ վիճակը կայունանա, թեպետ մեր երկրում բժշկությունը զարգացած է, այնուամենայնիվ, լիակատար չենք կարողանում հիվանդին բուժել: Մեր գործը ծանր է նաև նրանով, որ միևույն մարդու հետ աշխատում ենք շատ տարիներ և նրան չապաքինված տեսնելով` վհատվում ենք»,-ասում է Աթայանը:

Բժշկի խոսքով՝ շատ-շատերը կգային բուժվելու, եթե գումար ունենային, իսկ պետպատվերի տեղերն էլ սահմնափակ են` խիստ կարիքավորիների, հաշմանդամների համար:

Սրտանոթային հիվանդություններ ունեցողները պետք է մշտապես հետևեն մասնագետի խորհուրդներին՝ չխմել, չծխել, թմրադեղ չօգտագործել, ճիշտ սննդակարգ ունենալ և շարժունակ լինել:

Դիտվել է 2513 անգամ:
Print Friendly