Ֆինանսական հաշտարարի գրասենյակն առաջին 7 ամսում 170 դիմում է ստացել
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | August 11, 2009 14:03
Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյան
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը հուլիս ամսվա ընթացքում ստացել է 23 դիմում բողոք: Հաշտարարի գրասենյակից «Անկախ»-ին տեղեկացրին, որ քաղաքացիներից ստանում են բազմաթիվ զանգեր այնպիսի հարցերի շուրջ, որոնց լուծումն իրենց իրավասությունների շրջանակներում չի: 23 դիմումներից 13-ը ստացված են եղել իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռներեցներից:
Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում գրասենյակն ստացել է համապատասխանաբար 67 և 80 բողոք, որոնցից ընադամենը 60-նն են եղել հաշտարարի քննության ենթակա՝ օրենքի պահանջներին համաձայն:
Հաշտարարի միջնորդությամբ 5 դիմում բավարարվել է հոգուտ դիմողի:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ կարող է դիմել ՀՀ ցանկացած քաղաքացի՝ ֆինանսական կազմակերպությունների(բանկեր, գրավատներ, վարկային կազմակերպություններ և այլն) հետ խնդիրներ ունենալու պարագայում: Ֆինանսական կազմակերպությունը պիտի արտոնագրված լինի ԿԲ-ի կողմից: Իսկ բողոքը պետք է կապված լինի կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և լինի մինչև 10 մլն դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:
Հաշտարարի օգնական Լիլիթ Բաղդասարյանը «Անկախ»-ին ասաց, որ թեպետ իրենց գործունեության 6 ամիսների ընթացքում արձանագրվել է դիմումների աճի որոշակի դինամիկա, սակայն իրենց գրասենյակը կարիք ունի ճանաչման:
Հուլիսի 18-ին հաշտարարի գրասենյակը կմեկնի Վանաձոր՝ հանդիպելու ոչ միայն Լոռու մարզի ֆինանսական կազմակերպությունների հետ, այլ նաև կազմակերպելու բաց դռենրի օր, որն ուղղված է լինելու հաշտարարի օրենքի մասին լուսաբանմանը, քաղաքացիների իրավասությունների պարզաբանմանը: Սա հաշտարարի գրասենյակի առաջին այցելությունն է մարզ: Այնուհետև նախատեսվում է այցելություն Շիրակի մարզ:
Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, գործունեությունը սկսել է ծավալել այս տարվա հունվարի 24-ից: Հաշտարարի մատուցած ծառայություններն անվճար են: Իսկ քաղաքացու և պատասխանող կողմի ինքնությունը հրապարակման ենթակա չեն:






Facebook
Tweet This
Email This Post
