2010 թ-ին պետական գրանցում է ստացել 34 սկսնակ գործարար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | հունվարի 31, 2011 10:51

2010թ-ին «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին մասնակցելու համար դիմել Է 297 սկսնակ գործարար, որոնցից ընտրվել եւ ծրագրին մասնակցել Է 130-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Գեւորգյանը, ծրագրի մասնակիցներից 32-ը կամ 24.6%-ն արդեն իսկ ստացել է պետական գրանցում եւ սկսել սեփական գործը, 9-ը կամ 6.9%-ը` գտնվում Է գրանցման, իսկ 89-ը կամ 68.5.%-ը` գործարար գաղափարի զարգացման փուլում:

Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում, 2010 թվականի ընթացքում պետական գրանցում է ստացել եւ սկսել է սեփական գործը 34 սկսնակ գործարար, որոնցից 2-ը 2009թ-ին իրականացված ծրագրի մասնակիցներն են: Գրանցվածների գերակշիռ մասը` 32-ը, գրանցվել Է որպես անհատ ձեռնարկատեր: Նախորդ տարի ֆինանսական աջակցություն Է ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 30 սկսնակ գործարար, այդ թվում` 5-ը 2009թ-ին իրականացված ծրագրի մասնակիցներն են:

Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 44.9 մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 53.5 մլն դրամ: Վարկավորումն իրականացվել է գործընկեր ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի միջոցով: Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարներին տրամադրված երաշխավորության միջին գումարը կազմել է 1.8 մլն դրամ, վարկային միջոցների միջին գումարը՝ 1.5 մլն դրամ, որոնց վերադարձելիությունը կազմում է 100%:

Կ. Գեւորգյանի խոսքով` ՀՀ մարզերում հյուրատնային գործունեության զարգացման նպատակով` Վայոց ձորի մարզում իրականացվել է «Հյուրատների կլաստերի զարգացման ծրագիր», որին մասնակցել են հյուրատների եւ հյուրընկալության ծառայություններ մատուցող գործող եւ սկսնակ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրին մասնակցել են 71 շահառուներ Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքների եւ Մալիշկա գյուղի տարածաշրջանից, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում:

Դիտվել է 1088 անգամ:

Leave a Reply