Նավից` պարահանդես

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | մայիսի 14, 2010 10:13

Արթուր Դավթյանը և Վահան Վարդանյանը

Օրերս Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի մարզապալատում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանի պատվիրակներն  արտակարգ իրավիճակում մասնակցեցին և զարմանալիորեն  աննախադեպ արդյունքների հասան: Իսկ բարդությունն առաջացել էր այն պատճառով, որ Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով Եվրոպայի երկնքում ծխածածկ էր առաջացել, որն էլ անհնարին էր դարձրել ինքնաթիռների թռիչքները. հավաքականները չէին կարողանում մրցավայր հասնել, մերոնք` նույնպես:

Հայաստանի ներկայացուցիչների գլխավոր նպատակն այն էր, որ այս տարվա օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեն: Եվ  դա հաջողվեց  16-ամյա Վահան Վարդանյանին, այն էլ այն դեպքում, երբ ընդամենը 14 ուղեգիր էր խաղարկվում: Եվ քանի որ  պատանեկան օլիմպիական խաղերում կարող են հանդես գալ մինչև  17 տարեկանները, ապա Եվրոպայի երիտասարդական առաջնության 124 մասնակիցներից այդ պատվին արժանանալու համար պայքարում էին միայն 58-ը: Մեր երկրի ներկայացուցիչը բազմամարտիկների մրացաշարում զբաղեցրեց 13-րդ տեղը, իսկ ուղեգրերի համար պայքարողների թվում արդեն յոթերորդն էր: Ամեն երկրից ուղեգիր էր տրվում մեկ մարմնամարզիկի: Եվ քանի որ նրանից առաջ երկու անգլիացի կար, Վարդանյանը դարձավ պատանեկան խաղերի ծրագրով մարմնամարզության մրցաշարին մասնակցող 6-րդ մարզիկը:

Իրոք, քչերն  էին հավատում, որ  նման բան կարող  կատարվել: Էլ ավելի զարմանալի  էր, որ նույն` երիտասարդական մրցաշարում 17-ամյա Արթուր Դավթյանը, բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս, հաղթեց հենացատկերում և երրորդը ճանաչվեց նժույգաթափերում: Ուշագրավն այն է, որ հենացատկերում մեր մարմնամարզիկին հաջողություն բերեցին այն ցատկերի կատարումները, որոնցով ժամանակին փայլում էր Արթուր Հակոբյանը և 1983-ին դարձել էր այդ մրցաձևի աշխարհի չեմպիոն: Ընդ որում, այդ ցատկը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում գրանցված է Հակոբյանի անունով:

Ուշագրավ է նաև այն, որ երբ այս մրցաձևում Արթուր Հակոբյանի  հետնորդ Արթուր Դավթյանին հարցրինք, թե նա տեսագրությամբ տեսե՞լ է, թե ինչպես էր  մրցելույթ ունենում մեր աշխարհի չեմպիոնը, որ ներկայումս ԱՄՆ-ի հավաքականն է գլխավորում, նա բացասական պատասխան տվեց: Ի դեպ, Արթուր Դավթյանը նույնպես վերջին տարիներին բացակայել է Հայաստանից: Նա այս մարզաձևում առաջին քայլերը կատարել է Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում, Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ, սակայն հետագայում  6 տարի շարունակ մարզվել է Դոնի Ռոստովում,  մասնակցել Ռուսաստանի տարբեր ստուգատեսների: Նա մեդալների հարուստ հավաքածու ունի, սակայն  ամենամեծ հաջողությանը հասավ այն ժամանակ, երբ կայացավ «անառակ որդու վերադարձը»: Արդեն երկու տարի է, որ այս մարմնամարզիկը Երևանում է և կրկին պարապում է Սերոբյանի գլխավորությամբ:

Ի դեպ, առաջին անգամ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը միջազգային ստուգատեսում իր սաների կողքին չէր: Բացակայել է նաև  նրա օգնականը` Սոս Սարգսյանը: Ողջ տարին  նժույգի վրա վարժություններ կատարած, նախապատրաստված մեր փորձառու  մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նույնպես մրցավայր չի հասել: Իսկ Հայաստանի պատվիրակությունը Բիրմինգհեմում է հայտնվել  մրցումների սկսվելուց  ժամեր առաջ: Եվ տղաները, ինչպես ասում են` նավից հայտնվել են պարահանդեսում: Նրանք առանց մարզագործիքները փորձարկելու են պայքարը սկսել և անհնարինն ակնհայտ դարձրել:  Ի դեպ, նույնպիսի պայմաններով կարող էին առաջնությանը մասնակցել նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Վրաստանի և մի շարք այլ երկրների պատվիրակները, սակայն նրանք հրաժարվել են ռիսկի դիմելուց և վերջին պահին մարզիկներ մրցասպարեզ հանելուց: Այն ինչ արել են մերոնք, անտրամաբանական է թվում, հայի տաքարյունություն, բայց կարևորն արդյունքն է, այն, որ ի պատիվ մեր երկրի ներկայացուցչի հաղթանակի` հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել է եռագույնը:

ԻՆՉՈ՞Ւ ԱՆԳԼԻԱ ՉԳՆԱՑԻՆ ԲՈԼՈՐԸ

Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ երբ չվերթները հետաձգվել են, սկսել են տարբերակներ փնտրել մրցավայր հասնելու համար: Մտածել են, որ կարելի է Թբիլիսիից մեկնել: Առաջարկել են մրցավայր հասնել Հռոմից, Ստամբուլից: Սակայն Լոնդոնը ինքնաթիռներ չի ընդունել: Կազմակերպիչներն առաջարկել են, որ մերոնք գոնե Բելգիա կամ Հոլանդիա հասնեն, հավատացնելով, որ այնտեղից ավելի հեշտ կլինի հարցերը կարգավորել: Իսկ ելքն այն է եղել, որ Հայաստանի ներկայացուցիչները լաստանավերով  ուղևորվեին Լոնդոն: Սակայն այդ առաջարկողներն անտեղյակ են եղել, որ Հայաստանի ներկայացուցիչները միայն Անգլիա մեկնելու թույլտվություն ունեն, ոչ թե Շենգենյան երկրների վիզա:

Սերոբյանի կարծիքով, եթե Մերդինյանը մրցավայր մեկներ և հանդես գար, ապա մեդալ նվաճելու մեծ հնարավորություն կունենար: «Մասնավորապես` նժույգաթափերում 3-րդ մրցանակակիրն ունեցել է 14,9 արդյունքը: Իսկ փորձը ցույց է  տվել, որ միջազգային ստուգատեսներում Հարությունը ստանում է 15-15,3 միավոր»,-ասաց մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը:

Հետաքրքիր է, թե ինչպես է կատարվել մեր պատվիրակության կազմի կրճատված տարբերակի ընտրությունը: Սերոբյանը հայտնեց, որ  նախապես գնված բոլոր տոմսերը ստիպված հետ են տվել, քանի որ պարզ չի եղել, թե թռիչքները երբ են վերսկսվելու: Իսկ երբ դա հնարավոր է դարձել, պարզվել է, որ ավիաընկերությունները որոշել են փող աշխատել, կրած կորուստներն անհետաձգելի գործեր ունեցող  ուղևորների հաշվին հետ բերել: Կարճ ասած, տոմսերը գրեթե կրկնակի թանկացել են: «Վերջին պահին մրցավայր ուղևորվելու հնարավորություն ստանալով և՛ տեղի, և՛ գումարի խնդիր ունեինք: Սկզբում պարզվեց, որ  երկու տոմս կա: Որոշվեց, որ երկու երիտասարդ մարմնամարզիկներն են մասնակցելու, քանի որ լավ հանդես գալու դեպքում նրանք Հայաստանի բանակի  զինվորական վաշտում ծառայելու հնարավորություն կստանային: Ապա պարզվեց, որ երեք ուղևորի տեղ կա, հետո էլ` չորս: Դրանից մի փոքր անց` Լոնդոն մեկնելու հինգերորդ տոմսն ավելացավ, բայց դրա համար անհրաժեշտ էր լրացուցիչ 400 եվրո վճարել, որը չկար»,- ասաց նա:

Այսպիսով, ստուգատեսում որպես մրցավարներ հայտավորված Սերոբյանը, Սարգսյանը, նաև մարմնամարզիկ Մերդինյանը չեն մեկնել: Իսկ  միակ մարզիչը մնացել է Պավել Քարտաշյանը: Փաստորեն, նա առաջին անգամ է Հայաստանի հավաքականին խոշորամասշտաբ ստուգատեսում մրցահարթակ դուրս բերել, նշանակալի իրադարձությունների կիզակետում է հայտնվել և հաջողակ գտնվել:

Ընդ որում, Հայաստանի պատվիրակությունը, մրցավար չունենալով,  էապես տուժել է: Անակնկալ է եղել, որ երիտասարդների առաջնությունում Հայաստանը եզրափակչի երկու մասնակից է ունեցել, և սկսել են «խեղդել», ցածր միավորներ նշանակել: Քանի որ մերոնք մրցավարներ չեն ունեցել, մտավախություն չի եղել, թե իրենց երկրների մարմնամարզիկների նկատմամբ էլ նույն բանը մերոնք կարող են անել:

Քարտաշյանը մեծ հաջողություն համարեց նաև այն, որ օղակների վրա վարժությունների եզրափակչում Վահագն Դավթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը (14,7): Ընդ որում, նախնական մրցելույթներից հետո նա 3-րդ տեղում է եղել, սակայն եզրափակչում 0,2 միավորով  առաջ է անցել օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն բուլղարացի Յորդան Յոլչևը:

ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ՀԱՎԱՔԻ

Զարմանալի է, որ մերոնք հատուկ ուսումնամարզական հավաք էլ չեն անցկացրել ստուգատեսին նախապատրաստվելու համար: Այսինքն` ամեն բան արել են սեփական ուժերով, քանի որ միջոցներ չեն եղել: Ի դեպ , ժամանակին  Ծաղկաձորի մարզաբազայում մարմնամարզության կահավորված դահլիճ կար: Բայց այն  այլևս գոյություն չունի, ծառայում է այլ մարզաձևերի: Այդ մասին ցավով նշեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: «Մարմնամարզության մեր դպրոցը, որտեղ պարապում է հավաքականը, մարտ ամսից զրկվել է գազից: Պարտքերի պատճառով անջատել են: Արդեն սպառնում են էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնել:  Երևանի քաղաքապետարանը ֆինանսական դժվարություններ  ունի և չի կարողանում մեզ օգնել: Այսպիսի պայմաններում ենք  արդյունքի հասնում, նաև ծրագրեր ենք կազմում, որ մերոնք հաջող հանդես գան պատանիների ու 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում: Իսկ դրա համար նաև ուժեղագույն երկրների մարմնամարզիկների հետ շփումներ, հավաքներ են անհրաժեշտ, որոնց  հնարավորությունը չկա»,- սրտնեղեց Ազարյանը:

Դիտվել է 1142 անգամ:

Leave a Reply