Հայկական լրատվական կայքերն ադրբեջանական հակերներից պաշտպանության կարիք ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունիսի 29, 2012 14:15

Հայկական կայքերի վրա ադրբեջանական եւ թուրքական հակերային հարձակումների թիվը 2011 թվականի վերջին եւ այս տարեսկզբին անցել է 400-ը: «Հայկական կայքների վրա գերակշռում են ադրբեջանցիների, ավելի քիչ նաեւ թուրք հակերների հարձակումները: Հարձակումների մոտ տասը տոկոսը բաժին է ընկնում պարզապես հակերներին, որոնք գտնում եւ կոտրում են կայքերն առանց հստակ դրդապատճառի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ հունիսի 29-ին հրավիրված ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով` ադրբեջանական հարձակումներն ունեն որոշակի օրինաչափություն:

«Թուրք եւ ադրբեջանցի հակերներն ապրում են «կենսաբանական ռիթմով», հիմնականում հարձակումների սեզոնը թեժանում է դեկտեմբերին եւ հունվարին»,- տեղեկացրեց մասնագետը: Նա նշեց, որ վերջին ժամանակներում ադրբեջանցիների` հայկական ԶԼՄ-ների վրա հարձակումները պայմանավորված են նրանով, որ այդ կերպ ցանականում են խոչընդոտել խոսքի ազատությանը Հայաստանում: «Կայք կոտրելն, անկախ պատճառներից, բարբարոսություն է, խուլիգանություն»,- ասաց մասնագետը: Նա շեշտեց, որ հաճախ կայքերը կոտրվում են ոչ թե այն պատճառով, որ մեծ է նրանց դիտման թիվը, այլ այն, որ նրանք տեխնիկապես ունեն խոցելի կողմեր:

«Կայքերը պետք է մշտապես լինեն տեղակատվական անվտանգության մասնագետի հսկողության տակ, սակայն ոչ բոլոր կայքերը ֆինանսապես կարող են օգտվել նման ծառայությունից»,- ասաց բանախոսը: Նրա խոսքով` վերջին ժամանակներում հատկապես մեծ կիրառություն է ստացել կայքեր կոտրելու` DDOS  տարբերակը, որը իրականացվում է վարակված համակարգիչներից`  կեղծ այցելություններ գեներացնելով տվյալ կայքում, որի արդյունքում կայքը պարզապես դադարում է գործել: Մարտիրոսյանի տեղեկացմամբ` հաճախ 50 դոլարն էլ բավական է հայկական միջին պաշտպանություն ունեցող կայքը «գետնին հավասարեցնելու» համար:

Մասնագետը հավելեց, որ հակերային հարձակումների թիրախում հիմնականում գտնվում են նախագահական կայքը, որը կոտրելը` «պրեստիժի» հարց է: 2011 թվականին ամենից հաճախ հակերային հարձակման ենթարկված կայքերից մեկը Cosmopolitan ամսագրի էջն էր:

Դիտվել է 859 անգամ:

Leave a Reply