Թուրքիայի դեմոկրատացումը հայերին ոչինչ չի տա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | ապրիլի 18, 2012 17:57

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  համոզմունք հայտնեց, որ  հայկական կողմը պետք է հստակ հասկացնի համաշխարհային հանրությանը, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում այդ խաղերը` ճանաչել-չճանաչել, թուրքերի ներողություն խնդրել-չխնդրելը եւ այլն, մեզ համար առանձնապես հետաքրքիր չեն եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների տիրույթում են: Հայերիս  համար, քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի կարծիքով,  էական նշանակություն չունի, որ Թուրքիայում արդեն սկսել են խոսել Ցեղասպանությանը վերաբերող այս կամ այն հարցի շուրջ:

«Որովհետեւ մեզ ոչ միայն ակտիվ քննարկում է պետք, այլեւ ճանաչման հարց: Ճանաչման հարցը,  ժամանակն է, փոխհատուցման ենթատեքստով առաջադրել: Ինձ համար, որպես քաղաքացի, մի կոպեկի արժեք չունի ներողությունը: կամ ի՞նչ նշանակություն ունի դա մեզ համար, եթե չի շաղկապվում նյութական փոխհատուցման եւ մեր հայրենիքի անվտանգության, մեր տարածքների վերադարձի հետ: Այս հարցերը պետք է շաղկապվեն միմյանց հետ»,- ասաց Շիրինյանը

Նա ավելացրեց, Կամ մի աբսուրդ միտք էլ է շրջանառության մեջ դրվել` դա 21-րդ դարի պարադոքս կարող ենք ասել, որ եթե Թուրքիան դեմոկրատանա, հարցը կլուծվի: Իսկ  Թուրքիայի դեմոկրատացումը մեզ համար  ոչ մի նշանակություն չունի եւ չի էլ ունենալու:

«Թուրքական քաղաքականությունը հայկական եւ Ցեղասպանության ճանաչման հարցերում կոնկրետ, բովանդակային առումով որեւէ փոփոխություն չունի: Ձեւի փոփոխություն կա. Ինչ-որ խոսակցություններ են հիմա սկսվել, իբր այսինչօղլուն այսինչ բանը գրեց, գիրք հրատարակվեց: Հրանտ Դինքն էլ շրջանառության մեջ դրեց մի դիրքորոշում, որ Թուրքիան իր ներսից պետք է փոխվի: Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է, թե Թուրքիան ներսից ինչպես պետք է փոխվի: Ի՞նչ է, դեմոկրատական հասարակությունը ավտոմատ կերպով պետք է բերի ցեղասպանության ճանաչմա՞ն, կամ հարցերի լուծմա՞ն»,- նշեց բանախոսը:

 

Դիտվել է 880 անգամ:

Leave a Reply