Գողություն՝ Ազգային գրադարանից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | հունվարի 11, 2012 19:23

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվում է Հայաստանի ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թվականների ընթացքում  առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն  դրամ արժողության  գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը:

Ինչպես տեղեկացրին Քննչական ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ՀՁՊ գնդի ոստիկան  Ե.Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի  Վ.Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011 թվականներին պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գիրք: Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել:

Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ Վրաստանի քաղաքացի  Վ.Ազարիաշվիլիի դրդմամբ Երեւանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի. բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում,  իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի  Վ.Ազարիաշվիլին եւ  ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ե. եւ Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ.Ե.-ն եւ քաղաքացի Կ. Հովհաննիսյանը, մեղադրվում են գողություն եւ գողության փորձ կատարելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Դիտվել է 1196 անգամ:

Leave a Reply