Օլիմպիական նոր ուղեգրի իրատեսական հնարավորություն

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | դեկտեմբերի 17, 2011 7:00

Տարին մոտենում է ավարտին, սակայն Հայաստանի մարմնամարզիկներն ասես դադար առնելու մտադրություն չունեն: Նրանք օրերս Օբնինսկում մասնակցեցին օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Լարիսա Լատինինայի անվան մրցանակների խաղարկությանը: Մրցաշարը  կրում էր «Ոսկե ճայ» անվանումը:

Ավելի ներկայացուցչական է դեկտեմբերի 15-18-ը Մոսկվայում կայանալիք օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկության ավանդական՝ 18-րդ հուշամրցաշարը, որին Հայաստանից մասնակցելու են Վահագն Ստեփանյանը (մեծահասակների մրցաշարում) և Վիգեն Խաչատրյանն ու Անուշ Մանուկյանը (երիտասարդների մրցաշարում): Հանդես են գալու  22 երկրների պատվիրակներ:

Այս ստուգատեսին մասնակցում են աշխարհի ուժեղագույնները: Բանն այն է, որ աչքի ընկնողների համար սահմանված են դրամական պարգևներ: Ուշագրավ է, որ դրամական պարգևներ են նախատեսված նաև մրցանակակիրների մարզիչների համար: Եվ այսպիսի բան մարմնամարզության միայն այս միջազգային մրցաշարում է կատարվում:

Ի դեպ, նախկինում Հայաստանի ներկայացուցիչները լավ են մասնակցել մոսկովյան այս ստուգատեսին և անմասն չեն մնացել խաղարկված պարգևներից:

Մարզասերներին հետաքրքրում է, թե ինչ մարզավիճակում է Արթուր Դավթյանը: Բանն այն է, որ երիտասարդ մարմնամարզիկին  լուրջ փորձություն է սպասում: Նա Լոնդոնում  հունվարի 7-14-ը   մասնակցելու է օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Տևական ընդմիջումից հետո հնարավորություն է ստեղծվել, որ մեր երկրի ներկայացուցիչը հանդես գա օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում: Վերջին անգամ նման բան կատարվել է 1996-ին, Ատլանտայում: Այն ժամանակ Հայաստանից հանդես է եկել Նորայր Սարգսյանը և, ի դեպ, անհաջող մրցելույթ էր  ունեցել: Այդ է պատճառը, թե ոչ, սակայն մարզիկն այլևս չի վերադարձել Հայաստան: Այն տարիներին դա արտառոց բան էր համարվում:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ Անգլիայի մայրաքաղաքում կայանալու է օլիմպիական վարկանշային մրցումների երկրորդ փուլը, որին մարզիկները մասնակցելու են հրավերով: Հայաստանին մեկ տեղ է հատկացվել: Ընդ որում, բազմամարտում օլիմպիական վարկանիշային մրցումներում պայքարելու են  41 մարմնարզիկներ, որոնցից 25-ը «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք է ստանալու: Ուժերն են չափելու նաև100 մարմնամարզիկներ, այդ թվում` աշխարհի չեմպիոններ, աշխարհի թիմային մրցումներում արդեն օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանացածներ: Վերջիններս օլիմպիական ուղեգրերի համար մրցավեճում հաշվարկից դուրս են լինելու:

Մարզիչը հայտնեց, որ դժվարացել են որոշել, թե Հայաստանն այդ ստուգատեսում ով պետք է ներկայացնի: Բանն այն է, որ այդ իրավունքին հավակնել են Եվրոպայի առաջնությունում այս տարի նժույգի վրա վարժություններում բրոնզե մեդալակիր դարձած Հարություն Մեդինյանը և Արթուր Դավթյանը: Երկուսն էլ մասնակցել են Տոկիոյում կազմակերպված աշխարհի առաջնությանը, բազմամարտում համապատասխան միավորներ են ստացել: Մրցավայր պետք է մեկներ այն մարմնամարզիկը, որն ավելի մեծ հավակնություններ կարող էր ունենալ:

Թեև Հայաստանին մեկ տեղ է հատկացվել, սակայն  Լոնդոն գործուղվող մարզիկի ընտրությունը թողնվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային: Եվ որպեսզի ամեն ինչ ավելի արդար պայմաններում արվի, որոշվել է 27-ամյա Մերդինյանի և 19-ամյա Դավթյանի միջև ստուգողական երեք հանդիպում անցկացնել: «Երկուսն էլ իմ սաներն են, և խնդիր էր դրված կարողությունները փորձելու հնարավորություն տալ այն մարմնամարզիկին, որը ներկայումս ավելի պատրաստ  է տանելու փորձությունը:  Ի վերջո, նախապատվությունը տրվեց Դավթյանին»,- ասաց Սերոբյանը:

Ի դեպ, հավաքականի մարզիչը  Լոնդոնում կայանալիք միջազգային վարկանշային մրցաշարի ժամանակ կատարելու է մրցավարի պարտականություններ, իսկ  Դավթյանին մրցահարթակ է դուրս բերելու մարզիչ Սոս Սարգսյանը: «Եթե Հայաստանն այդ ստուգատեսում մրցավար չունենա, ապա ստիպված կլինի 2000 ֆունտ ստեռլինգ տուգանք վճարել: Մինչդեռ մեր երկրից մրցավայր գործուղելու համար զգալիորեն նվազ ծախսեր են պահանջվում: Իսկ տուգանքն այն նպատակն ունի, որ կազմակերպիչները լուծեն մրցավարի հարցը, այսինքն` մասնագետ հրավիրեն մեկ այլ երկրից»,- պարզաբանեց Սերոբյանը:

Հետաքրքիր է` Դավթյանը Լոնդոնում կարո՞ղ է օլիմպիական խաղերի ուղեգրի ակնկալիքներ ունենալ: «Կարծում եմ` նա 95 տոկոսով այդ անելու հնարավորություն կունենա: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ թեև մերոնք  Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունում ձախողվել են, կատարել են առաջադրանքը: Քանի որ մեր նպատակն էր մասնակից ունենալ օլիմպիական վարկանշային երկրորդ մրցաշարում: Մասնավորապես, Տոկիոյում Արթուրը բազմամարտում իր հնարավորություններից 4 միավոր պակաս է հավաքել` 80,4 միավոր: Նա ներկայումս ի վիճակի է վաստակելու 85 միավոր: 84 միավորը Դավթյանի  կարողությունների նվազագույն սահմանն է: Իսկ այդպիսի ցուցանիշով շատ բանի կարելի է հասնել: Կարճ ասած, նա առանց որևէ դժվարության կարող է ուղեգրի համար 25 պայքարողների մեջ լինել 10-րդը»,- պարզաբանեց Հայաստանի հավաքականի մարզիչը:

Հայաստանի պատվիրակությունը Լոնդոն կմեկնի հունվարի 7-ին: Դավթյանը մրցահարթակ դուրս կգա հունվարի 10-ին:

 

 

Դիտվել է 1206 անգամ:

Leave a Reply