«Կյանքումս բուրդ չփխած չկամ». երեխայի մահվան համար բժշկուհին իրեն մեղավոր չի համարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 12, 2011 11:27
Առողջապահության նախարարության հանձնաժողովն իր նախնական եզրակացությամբ թերություններ է հայտնաբերել Գնդեվազցի Արմինե Թորոսյանի երեխայի ծնունդն ընդունող բուժմիավորման գործունեության մեջ։ Այս մասին նշվեց «Լուրեր»-ի կիրակնօրյա թողարկման ժամանակ։
Օգոստոսի 11-ի գիշերը Գնդեվազից ծննդաբերական ցավերով հիվանդանոց էր տեղափոխվել Արմինե Թորոսյանը։ Ամուսնու՝ Արկադի Գրիգորյանի խոսքով՝ մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը տանից հրահանգել էր անալգին-դիմիդրոլ ներարկել կնոջը՝ ասելով, որ դեռ ժամանակը չէ։ «Ես անալգին-դիմիդրոլը արել եմ. սա ցավազրկող միջոցառում է այդ կեղծ կծկանքները հանելու համար։ Որովհետև այդ կեղծ կծկանքները կարող էին նպաստել երեխայի՝ հիպոքսիայի մեջ ընկնելուն։ Որովհետև գործունեություն չէր գնում…»,- ասել է Մետաքսյա Հովհաննիսյանը լրագրողի հետ զրույցում։
Օգոստոսի 13-ի գիշերը Արմինեին նորից տարել են ծննդատուն։ Հարազատների խոսքով՝ Հովհաննիսյանն ասել է, որ երեխան կծնվի չորս ժամից ու նորից գնացել է տուն։ Հարազատները կրկնել են, որ երբ բժշկուհուն փորձել են համոզել, որ տուն չգնա, քանի որ «արդեն ժամանակն է», նա ասել է. «Անձրևը գալիս ա, գնամ, բրդերս մշակեմ, հավաքեմ…»։ Մինչդեռ տեսախցիկն արձանագրել էր բժշկուհու այս խոսքերը. «Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, կյանքում ձեռքս ճիպոտ վերցրած չկամ, բուրդ չփխած չկամ»։
Դժվարությամբ ծնված երեխան տառապել է թթվածնային քաղցով, քանի որ բուժանձնակազմի պնդմամբ, պորտալարը երեք անգամ փաթաթված է եղել պարանոցին։ Ծնողները, սակայն, ասում են, որ Երևանում հետազոտության ժամանակ նման բան չի հայտնաբերվել։ Ըստ բժշկուհու՝ ծնվելուց հետո երեխային անհրաժեշտ էր բարձրակարգ բուժօգնություն, որի համար էլ նրան տեղափոխել են Երևան՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ 20 օր անց նա մահացել է։
Երևանից Անգլիայի գործընկերներին ուղարկված տվյալների հետազոտությամբ պարզվել է, որ երեխայի ուղեղին ուժեղ հարվածից արյան զեղման հետքեր կան։ Երեխայի հոր պնդմամբ այդ հարվածը հասցրել է Մետաքսյա Հովհաննիսյանը։
Հարազատների համոզմամբ՝ եթե մանուկը թթվածին ստանար, կապրեր։ Մետաքսյա Հովհաննիսյանը նշել է, որ երեխայի ծննդի պահին թթվածնի ապարատի միայն մի մասն է եղել, քանի որ տեղադրման աշխատանքները դեռ շարունակվում էին։ Ըստ նրա՝ ինքը երեխային արհեստական շնչառություն է տվել շնչառությունը վերականգնելու համար։ Հովհաննիսյանը հերքել է, թե ինքն ասել է, որ կհերձի երեխային, երբ մահանա՝ նշելով, որ ինքը հերձում կատարելու իրավունք չունի։
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշել է, որ նախարարի հանձնարարությամբ այս գործը քննելու համար կազմված հանձնաժողովն աշխատանքն արդեն կատարել է և կարող է փաստել. «Կազմակերպչական, էթիկական, որը ոչ պակաս կարևոր է, հիվանդի հետ աշխատելու խնդիրներ բացահայտել ենք։ Համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք, գործողությունների արդյունքում խիստ պատասխանատվության միջոցներ են ձեռնարկվելու թե վարչական անձնակազմի նկատմամբ, թե՝ բժշկական անձնակազմի»։
Նշենք, որ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։ Եվ քանի որ բժիշկը միայն դատարանի որոշմամբ կարող է զրկվել բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, Հովհաննիսյանը շարունակում է իր գործունեությունը Վայքի ծննդատանը, միայն այլևս բաժանմունքի վարիչը չէ։
Tert.am





Facebook
Tweet This