Հեպատիտից տարեկան մոտ մեկ միլլիոն մարդ է մահանում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 30, 2011 13:25
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` հեպատիտից տարեկան մոտ մեկ միլիոն մարդ է մահանում: Մասնագիտական գնահատականների համաձայն, այսօր հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող շուրջ տասը վիրուսներ կան, որոնցից առավել վտանգ ներկայացնող ախտանիշը հեպատիտ B և C վիրուսներն են, որոնցով հիվանդացության մակարդակը բարձրացման միտում է արձանագրում հատկապես վերջին տարիներին։ Հիվանդության սուր դեպքերի 80—85 տոկոսը վերածվում է քրոնիկականի և նրանց միայն 15—20 տոկոսն է ինքնաբերաբար բուժվում։
Հայաստանում նույնպես այս հիվանդության աճ է նկատվում: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող ամենամեծ բարեգործական կազմակերպությունը երկրում, տարիներ շարունակ իրականացնում է տարատեսակ առողջապահական ծրագրեր` շեշտը դնելով ՀՀ-ում առավել տարածված և վտանգավոր հիվանդությունների մասին հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնելուն:
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 16:00 Երևանի Բժշկական համալսարանի շրջակայքից մինչև Երիտասարդական մետրո ձգվող տարածքում կիրականացնի հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա` նվիրված Հեպատոլոգիայի Միջազգային օրվան: Բժշկական համալսարանի շրջակայքում կտեղադրվի տաղավար, որի վրա դրված կլինեն հեպատիտներ B,C-ն լուսաբանող տպագրանյութերը, իսկ վերևում կփակցվի հեպատիտների դեմ պայքարի կարգախոսը կրող պաստառ: ՀԿԽԸ 20 կամավորները, որոնք նախապես կրթվել են հեպատիտներ B, C թեմայով, հանրությանը կբաժանեն հեպատիտներ B, C-ն լուսաբանող տպագրանյութերը և կտեղեկացնեն հեպատիտի խնդրի վերաբեյալ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու այս ակցիային և ՀԿԽԸ հետ միասին լուսաբանելու խնդիրը:





Facebook
Tweet This