Երևանի ՇՊԱԿ-ը ծառայում է որպես քաղաքացիների բողոքների ընդունման գրասենյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 5, 2010 13:26

2010թ. նոյեմբերի 5-ին Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության նոր կենտրոնը (ՇՊԱԿ) պաշտոնապես իր դռներն է բացել հանրության առաջ: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄՆ ՄԶԳ Առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ Կառավարության բարձրաստիճան այրեր և միջազգային համայնքի ու տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ստեղծվելով և ֆինանսավորում ստանալով ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) կողմից` Երևանի ՇՊԱԿ-ը ծառայում է որպես քաղաքացիների բողոքների ընդունման գրասենյակ, որտեղ կոռուպցիայից տուժած անձինք ստանում են անվճար իրավաբանական աջակցություն այցելության կամ հեռախոսազանգի միջոցով (անվճար թեժ գծի հեռախոսահամար` 08000 11 10): Կենտրոնում աշխատում են փորձառու իրավաբաններ և ՇՊԱԿ-ի գործունեությանն օժանդակող այլ աշխատակիցներ, ովքեր անհապաղ իրավաբանական աջակցություն են ցուցաբերում քաղաքացիներին` վարչական միջոցներով, կոռուպցիոն գործերը դատարան տանելով կամ դրանք դատախազություն հղելով: Բացի այդ, ՇՊԱԿ-ը կանցկացնի հասարակական իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներ և կխթանի կանխարգելիչ հակակոռուպցիոն բարեփոխումների ընդունմանը` կառավարության հետ համագործակցությամբ:

Դկտ. Չիման նշել է, որ նախորդ երկու տարիների ընթացքում ՇՊԱԿ-ի իրավաբանները զբաղվել են տարբեր ոլորտների ավելի քան 1300 կոռուպցիոն գործերով, այդ թվում` առողջապահություն, հանրային ծառայություններ և ճանապարհային ոստիկանությանն առնչվող խնդիրներ: ՙԲարձրացնելով Հայաստանի քաղաքացիների իրազեկությունն իրենց իրավունքների մասին և տարածելով հաջողված գործերի մասին տեղեկատվությունը` Կենտրոնները ամրապնդում են քաղաքացիների դիրքը և դրդում պետական պաշտոնյաներին ու գործարար ղեկավարներին իրականացնելու մի շարք կարևորագույն բարեփոխումներ` ուղղված կառավարման բարելավմանը և կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը՚, – ասել է նա` ևս մեկ անգամ նշելով ԱՄՆ Կառավարության` Հայաստանում ժողովրդավարական ու թափանցիկ կառավարման խթանման շարունակական պարտավորության մասին:

Երևանի ՇՊԱԿ-ը գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, որը նման կենտրոններ է գործարկում նաև Արագածոտն, Արարատ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ և Վայոց Ձոր մարզերում: Երկու այլ ՀԿ-ներ գործարկում են ՇՊԱԿ-ներ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում: Բոլոր կենտրոններն ունեն անվճար թեժ գծի հեռախոսահամար` իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: 2008թ. դեկտեմբերին առաջին կենտրոնների բացումից ի վեր ՇՊԱԿ-ների ցանցն ստացել է հանրային ծառայությունների տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 7000 բողոք:

# # #

Մեկնարկելով 2007թ. հուլիսին որպես համապարփակ հակակոռուպցիոն նախաձեռնություն, որի նպատակն է կոռուպցիայի նվազեցումը թե’ տեղական, թե’ համակարգային մակարդակներում` ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ն կօժանդակի Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին` (1) ստեղծելով բողոքների արձագանքման մեխանիզմ և իրականացնելով համակարգային ու ընթացակարգային բարեփոխումներ, (2) մշակելով և իրականացնելով հակակոռուպցիոն նախաձեռնություններ ընտրված պետական մարմինների հետ, (3) օժանդակելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հակակոռուպցիոն գործողության համախմբմանն ուղղված նորարար մոտեցումների մշակման հարցում, ինչպես նաև (4) բարձրացնելով հակակոռուպցիոն իրազեկության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շարքերում:

Դիտվել է 1440 անգամ:

Leave a Reply