Երիտասարդներն օգնում են իրենց համայնքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 30, 2012 17:44

Մայիսի 30-ին Արմավիրի մարզի  Ոսկեհատ գյուղի  աշակերտները  տեղի համայնքի բնակիչների և բազմաթիվ հյուրերի  մասնակցությամբ նշեցին իրենց համայնքի նորակառույց ավտոբուսային կանգառի բացման արարողությունը: Այդ  կանգառը կառուցվել է Ոսկեհատի դպրոցի  աշակերտների ջանքերով, որոնք ընդգրկված են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում: Այդ կրթական ծրագիրն իրականացվում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից հանրապետության ավելի  քան 100 դպրոցներում:

«Ես անչափ ոգևորված եմ տեսնելով, թե ինչպես են Ոսկեհատի երիտասարդները ակտիվորեն մասնակցում համայնքի բարելավման ծրագրերին: Նրանք անկասկած Հայաստանի ապագա առաջնորդներն են» – նշեց Կոնան Պեյսենը ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական զարգացման բաժնի տնօրեն:

Ծրագրի շնորհիվ  աշակերտներն ուսումնասիրել են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և  գործարար ընկերություններ հիմնելու միջոցով  հնարավորություն են ունեցել  ձեռք բերած գիտելիքները կիրառել իրական կյանքում՝  կատարելով շուկայական հետազոտություն,  արտադրելով և շուկայահանելով  ապրանք կամ  ծառայություն:  Աշակերտները  միաժամանակ ծանոթացել  են նաև  կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և իրենց գործարար շահույթից մասհանում են կատարել համայնքային  ծրագրեր իրակակացնելու նպատակով:

Իրենց բարեգործական հանրային  առաքելություններն իրականացնելու նպատակով  աշակերտները հիմնել  են հասարակական կազմակերպություն, և այդպիսով հնարավորություն են ձեռք բերել   իրականացնելու  նախատեսած համայնքային  ծրագրերը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը ներկայացրած բավականին հաջող դրամաշնորհային առաջարկի շնորհիվ ծրագրի մասնակիցներին շնորհվել է  115 000 ՀՀ դրամ գումարի չափով մրցանակ:  Այդ միջոցներով , ինչպես նաև Ոսկեհատի գյուղապետի և համայնքի բնակիչների աջակցության շնորհիվ աշակերտները  կանգառի համար նախատեսված տարածքը մաքրել են  աղբից,  կառուցել են  կանգառի քարե շինությունը և կանաչապատել են կանգառի  հարակից տարածքը:

« Մենք անչափ հուզված  ենք մեր  առջև դրված խնդիրը լուծելու համար, քանի որ իսկապես ցանկանում էինք  նվեր անել մեր համայնքին: Ավտոբուսի կանգառը ծածկ չուներ և մենք շատ հաճախ  տեսնում էինք  մեր ընկերներին և հարևաններին բաց  կանգառում անձրևի տակ կանգնած՝ ավտոբուսին սպասելիս: Մենք շատ երջանիկ ենք, որ այժմ մարդիկ կլինեն պաշտպանված և  կզգան  հարմարավետություն:  Հուսով եմ, որ մենք կշարունակենք մեր աշխատանքները և մեր համագյուղացիներին  օգնելու նպատակով կձեռնարկենք նաև այլ ծրագրեր » – նշեց ծրագրի մասնակիցներից Սաթենիկ Միքայելյանը:

Դիտվել է 1090 անգամ:

Leave a Reply