Հայաստանում սպառողների իրավունքները ոտնահարվում են գրեթե բոլոր ոլորտներում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | մարտի 15, 2011 15:10

Գրեթե բոլոր խանութներում խոշոր տառերով գրված ու տեսանելի վայրում փակցված «Գնված ապրանքը ետ չի ընդունվում և չի փոխանակվում» գրությունն անօրինական է և ոտնահարում է սպառողների իրավունքները:

ՀՀ «Սպառողների իրավունքերի պաշտպանության մասին» օրենքը սահմանում է, որ սպառողն իրավունք ունի 14-օրյա ժամկետում ոչ պարենային  ապրանքը փոխանակել նմանատիպ այլ ապրանքի հետ խնդիրների առաջացման կամ թերությունների բացահայտման դեպքում, իսկ անորակ ապրանքը պարտավոր են  հետ ընդունել:

«Սպառողների իրավունքերի պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանն  ասում է, որ Հայաստանում սպառողների իրավունքերը խախտվում են գրեթե բոլոր բնագավառներում, չնայած որ այստեղ արդեն մի քանի տարի նշվում է սպառողների իրավունքերի պաշտպանության համաշխարհային օրը` մարտի 15-ը:

Յագուբյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում իրենց մեղքի բաժինն ունեն նաև սպառողները, ովքեր անտեղյակության կամ անտարբերության պատճառով չեն պաշտպանում իրենց իրավունքները:

«Կոչ եմ անում սպառողներին մի կողմ դնել լուռ անտարբերությունը և պաշտպանել իրենց իրավունքները»,- ասում է Յագուբյանը` հավելելով, որ առանց գրագետ սպառողի բարեփոխումներն անհնար են:

ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանն էլ որպես ոլորտի կարևորագույն խնդիր մատնանշում է կշեռքների հարցը: Նա պատմում է, որ պաշտոնական ստուգայցերի ժամանակ կշեռքները զարմանալիորեն ճիշտ են աշխատում, երբեմն էլ կշռում են հօգուտ սպառողի, բայց ստուգայցերից դուրս` առօրյայում, ամենուրեք թերակշռման խնդիր կա: Ստեղծված իրավիճակի լուծում Չիլինգարյանը համարում է ոլորտը կարգավորող օրենքի ճիշտ կիրառումը: Նա նշում է, որ պատասխանատու Էկոնոմիկայի նախարարությունը  հատուկենտ խանութների է թերակշռման կամ կշեռքների անսարքինության համար տույժի ենթարկել, մինչդեռ խախտումները բազմաթիվ են:

Անդրադառնալով գնաճի խնդրին` Չիլինգարյանն ասում է, որ Հայաստանում գնաճը հատկապես բարձր է, քանի որ այստեղ ներկրման ոլորտում մոնոպոլիա է ստեղծվել: Ըստ Չիլինգարյանի` բարձր  գների պատճառ է նաև մաքսազերծման բարձր գինը: Նա առաջարկում է, որ տեղում չարտադրվող և միայն ներկրվող ապրանքների համար գոնե մաքսազերծման ցածր գին սահմանել` գնաճը մեղմելու համար:

Դիտվել է 2194 անգամ:

Leave a Reply