Աշխատանքի տոնավաճառ` Երեւանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հոկտեմբերի 11, 2010 11:16

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը նախատեսում է հոկտեմբերի 30-ին Երեւանում անցկացնել աշխատանքի տոնավաճառ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործակալության պետ Սոնա Հարությունյանը, նախնական տվյալներով տոնավաճառին կմասնակցեն շուրջ 100 գործատուներ, որոնք կներկայացնեն արտադրության, առեւտրի, սպասարկման եւ այլ ոլորտների թափուր աշխատատեղեր:

Տոնավաճառի նախապատրաստական աշխատանքերն ընթացքի մեջ են, արդեն տեղեկատվություն է ուղարկվել բազմաթիվ գործատուների: «Նման միջոցառումները լավ հնարավորություն են ե’ւ գործատուի, ե’ւ աշխատանք փնտրողի համար: Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը բավական արդյունավետ է»,-ասաց Ս. Հարությունյանը:

Այս տարվա ընթացքում Գավառում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 97, Վանաձորում` 41, Իջեւանում` 15, Գյումրիում 38 մարդ: Տոնավաճառի նպատակն է կազմակերպել աշխատանք փնտրողների հանդիպում թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, ծանոթացնել գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, իսկ գործատուներին հնարավորություն տալ գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ: Նշենք, որ նախնական տվյալնեով, հոկտեմբերի 27-ին աշխատանքի տոնավաճառ կանցկացվի նաեւ Կոտայքի մարզում:

Դիտվել է 1867 անգամ:

Leave a Reply