Կինգ Բանայան. «Երբ Ռուսաստանում փռշտում են, Հայաստանում թոքախտ են կպնում»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Աննա Մուրադյան | հուլիսի 9, 2009 15:37
«Հայաստանի տնտեսությունը շատ է տուժում Ռուսաստանի հետ չափից ավել փոխկապակցված լինելուց,- այսօր «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով միջազգային համաժողովում ասաց ԱՄՆ Սուրբ Կլաուդ պետական համալսարանի հայազգի դեկան Կինգ Բանայանը,-Երբ Ռուսաստանում փռշտում են, Հայաստանում թոքախտ են կպնում»:
Բանայանը, այդուհանդերձ, կարծում է, որ այժմ Հայաստանը պետք է մտածի ոչ թե Ռուսաստանից հրաժարվելու, այլ սահմանները բացելու և տնտեսությունը ավելի բաց դարձնելու ուղղությամբ:
Երբ 2008թ. վերջին եռամսյակում Ռուսաստանի տնտեսությունը միջազգային ճգնաժամից ցնցվեց, Հայաստան մտնող տրանսֆերտների քանակը սկսեց նվազել: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` ընդհանուր տրանսֆերտների (որից 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից) 30 տոկոս նվազում է գրանցվել. երկրորդ եռամսյակում ավելի ցածր ցուցանիշ է սպասվում:
ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն ասում է, որ երբ 2008թ. վերջին ռուսական բանկերը ֆինանսական խնդիրներ ունեցան, մեր մոտ դիտվեց մոտ 10 մլրդ դրամի չափով ավանդների կրճատում:
Ըստ Բանայանի՝ հայկական բանկային համակարգում նույն պատկերն է, ինչ ԱՄՆ-ում էր: «ԱՄՆ-ում, երբ բանկերում դիտվեց ավանդների կրճատում, դադարեցրին վարկավորումը և սկսեցին փողի պահուստավորում,- ասում է Բանայանը,- Այն բերեց բանկային ճգնաժամի»:
Տնտեսագետը պատմում է, որ ԱՄՆ-ում բանկերը ղեկավարող հաստատությունները բանկերին հրահանգել էին վարկավորում չկատարել, իսկ վարկավորման դեպքում պահանջվող փաստաթղթերի քանակը մեծացնել. «Այստեղ էլ նույն պատկերն է. և ոչ բոլոր բանկերն ունեն միջինից բարձր կապիտալ, և այժմ դիտարկվում է որոշ բանկերի միաձուլման հարցը»:
Գաբրիելյանը, սակայն, պնդում է, որ Հայաստանում բանկային համակարգն այսօր խնդիր չունի:
«Մեր քաղաքականությունն ուղղված է ֆինասական հատվածի (բանկային համակարգի) կայունացման պահպանմանը, իսկ այսօր այն խնդրահարույց չէ: Ուրիշ երկրներում, օրինակ` Վրաստանում, դրսից մուտք գործած ահավոր մեծ քանակությամբ փողեր ուղղում են դեպի բանկային համակարգ՝ կայունությունը պահպանելու համար: Բայց մենք դրա կարիքը չունենք»:





Facebook
Tweet This