Փարիզի Մազարինի գրադարանում կցուցադրվեն հայ տպագիր գրքի բացառիկ նմուշներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | սեպտեմբերի 26, 2012 12:22

Հայկական գրատպության 500 ամյակի առիթով Փարիզի Մազարինի գրադարանում հոկտեմբերի 26-30-ը կլինի բացառիկ ցուցահանդես, որը կկայանա «BULAC» լեզվաբանության և մշակույթի համալսարանական գրադարանի աջակցությամբ: Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն հանրությանն անհայտ, հազվագյուտ և թանկարժեք հայկական գրքեր` մեծ մասամբ հավաքված իշխանական գրադարաններից և վանքերից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի պատասխանատու Միքայել Նշանյանը:

«Ցուցադրությունը պատկերացում է տալիս հայկական տպագրության լայն աշխարհագրության մասին` Վենետիկ, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Ամստերդամ, Մարսել, Մադրաս: Այն լուսաբանում է Եվրոպայի և Արևելքի միջև մտավոր, տեխնիկական, առևտրական փոխանակումները` սկսած Վերածննդից մինչև Լուսավորիչների դարաշրջան»,-հայտնեց Նշանյանը` հավելելով, որ այս ցուցահանդեսը հայ տպագիր գրքի բացառիկ նմուշները հանրությանը ներկայացնելու մեծ հնարավարություն է:

Հոկտեմբերի 26-ին` ցուցահանդեսին զուգահեռ, տեղի կունենա նաև գիտաժողով, որը կազմակերում է «BULAC»-ը` լեզվաբանության և մշակույթի համալսարանական գրադարանը: Այդ օրը կլինեն դասալսումներ հայ գրքի գրատպության 500-ամյա պատմության վերաբերյալ:

Դիտվել է 925 անգամ:

Leave a Reply