Հրաշագեղ իմ Երևան. Աղբահանությունը` օրվա գերխնդիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | մայիսի 30, 2012 14:32
Մեր, մեր զավակների և մեր ծնողների ամենասիրած զբոսայգին` «Մոնումենտը», այժմյան Հաղթանակի զբոսայգին, տոն օրերին կորցնում է իր շուքն ու տեսքը և աղբի ծածկույթի տակ ի չիք դարձնում մեր պապերից ժառանգած զբոսայգու գեղեցկությունը: Մեր այնքան սիրելի զբոսայգին, որ ողջ ամռան ընթացքում իր շվաքի տակ է առնում ոչ միայն տասնյակհազարավոր հայաստանցիների, այլև սփյուռքահայերի և օտարերկրյա քաղաքացիների:
Զբոսաշրջության սեզոնը շատերիս համար սկսվում է հենց մայիսից, ու Հայաստան ժամանած ցանկացած զբոսաշրջիկ անմասն չի մնում նաև այս զբոսայգի այցելելուց, քանի որ բացի ատրակցիոնային խրախճանքներից և ժամանցային վայրերից, այս զբոսայգում է գտնվում նաև օտարերկրացուն հայտնի «Անհայտ զինվորի» հուշակոթողն ու «Մայր Հայաստան» արձանը: Հատկապես տոն օրերին Հաղթանակի զբոսայգի է ժամանում մինչև 100 հազար այցելու: Ամենուր վաճառվող զովացուցիչ ըմպելիքների, պաղպաղակների, քաղցրավենիքների ու այլ մթերքների պարագայում, բնականաբար, առաջանում է աղբի կուտակման խնդիր, որից և խախտվում է տարածքի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Վերջին տոնակատարության ժամանակ` մայիսի 9-ին, զբոսայգին կերպարանափոխվել էր: Յուրաքանչյուր քայլափոխի պոլիէթիլենային տոպրակները, թափոնները, տարաները և կերակրի մնացորդները հայտնվել էին գետնին` ստեղծելով անանցանելի տհաճ իրավիճակ, իսկ աղբի հոտը զգացվում էր դեռ շատ հեռվից: Դժվար չէ պատկերացնել կիզիչ արևի ու եղանակային տոթ պայմաններում կուտակված աղբի պատճառով ստեղծված անհարմարությունը, հետևաբար և ժամանած օտարերկրացիների կամ մեր հայրենակիցների տարակուսանքը:
Ներկա պահին զբոսայգու ընդհանուր տարածքում տարբեր համաչափություններով տեղադրված է շուրջ 270 աղբարկղ, որոնցից միայն 70 հատը տեղադրվել է համայնքի թաղապետարանի կողմից: Մնացած 200-ը զբոսայգուն հատկացվել է «Ուրախ ժամանց» ընկերության աջակցությամբ: Համայնքի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ զրույցում տեղեկացանք, որ զբոսայգու աղբահանության և հավելյալ աղբարկղեր տեղադրելու իրավասություններն իրենց չեն վերապահված, այլ զբոսայգու տնօրինությանը:
«Ուրախ ժամանց» ընկերության հիմնադիր նախագահ, ազգաբնակչության մասսայական հանգստի և զվարճանքների կազմակերպման պատասխանատու Թորոս Ումրիկյանը այս կապակցությամբ որոշ պարզաբանումներ տվեց: Նրա տեղեկացմամբ, աղբահանությունը Հաղթանակ զբոսայգում իսկապես դարձել է գերխնդիր, ինչն ամենօրյա քննարկումների թեմա է դարձել քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների համար: Միայն մայիսի 9-ին զբոսայգի է այցելել 70 հազար քաղաքացի, իսկ տոնակատարություններին ազգաբնակչության տվյալ քանակի հոսքի պարագայում դժվար լուծելի խնդիր է դարձել աղբահանության հարցը կարգավորելը:
Պարոն Ումրիկյանը նոր աղբարկղերի տեղադրման վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չտվեց, սակայն նշեց, որ եղածներն էլ անփույթ շահագործման պատճառով կոտրվում են, իսկ ավելի որակյալ աղբարկղերի պարագայում` գողացվում: «Այդ օրը մինչև կեսօրվա ժամը 2-3–ը այգում կատարյալ մաքրություն էր, սակայն այցելուների առժամանակյա հոսքի ժամանակ հնարավոր չեղավ այդ մաքրությունը պահպանելը» – ասաց Թորոս Ումրիկյանը: Նրա հավաստմամբ` քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները եղել են զբոսայգու տարածքում և քննարկել աղբամանների տեղադրման և աղբահեռացման գործընթացը հատկապես տոն օրերին պատշաճ կերպով կազմակերպելու խնդիրը:
Գալիք տոնի` մանուկների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, պարոն Ումրիկյանի տեղեկացմամբ, աշխատանքներ են տարվելու աղբահեռացման խնդիրը կանոնավոր կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես` մանուկներին անվճար պաղպաղակներ բաժանելու ժամանակ անհրաժեշտ է լինելու ժամը մեկ աղբահանում իրականացնել: Նախատեսվում է տարբեր շրջաններից աշխատուժ ձեռք բերելու միջոցով սև պոլիէթիլենային տոպրակներով աղբը տեղափոխել մերձակա տարածքում գտնվող աղբատար մեքենան` այդ կերպ կանխելով աղբի կուտակումը: Ումրիկյանի խոսքերով` քաղաքապետարանն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի այդ օրերին աղբի կուտակումներ չառաջանան: Ումրիկյանը հավելեց նաև, որ հունիսի 2-ին Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվելիք միջոցառումը` 120 հազար պաղպաղակի անվճար իրացումը, տեղափոխվելու է հունիսի 3-ին, որպեսզի աշխատակիցներին հնարավորություն տրվի նախորդ օրվա կուտակված աղբը ամբողջությամբ հեռացնելու տարածքից և ամբողջովին մաքուր ու սանիտարական նորմերին համապատասխան միջավայրում կազմակերպելու այդ միջոցառումը:
Լ.Ն





Facebook
Tweet This