Կրկեսային արվեստի մրցույթ-փառատոներ` Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | մարտի 24, 2011 10:48

Հայաստանում այսուհետ կկազմակերպվեն նաեւ կրկեսային մրցույթ-փառատոներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երեւանի կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սոս Պետրոսյանը, կրկեսային մրցույթ-փառատոների մեկնարկը կտրվի եկող տարվա աշնանից:

«Հայաստանում բազմատեսակ եւ բազմաբնույթ մրցույթ-փառատոներ են անցկացվում, մինչդեռ կրկեսային նմանատիպ փառատոների կազմակերպման նախադեպը չի եղել»,- նշեց Ս. Պետրոսյանը` հավելելով, որ միշտ բարի նախանձով է նայել այն երկրներին, որտեղ կրկեսային մրցույթների կազմակերպումն ընդունված է եւ բարձր մակարդակի վրա է: Վերջերս մեկնելով Մյունխեն` նա կարողացել է գրանցվել եւ ձեռք բերել Հայաստանում կրկեսային արվեստի միջազգային մրցույթներ կազմակերպելու իրավունքը:

Սա, ըստ կրկեսի տնօրենի, մեր երկրում կրկեսային կյանքի առավել աշխուժացման առիթ կդառնա: Հայաստանում անցկացվելիք փառատոնին հանդես գալու իրավունք կստանան նրանք, ովքեր նախապես հայտ կներկայացնեն: Ս. Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ մոտ ապագայում դարձյալ մեկնելու է Մյունխեն` կազմակերպչական հարցերի լուծման համար:

Դիտվել է 1163 անգամ:

Leave a Reply