Շնորհակալություն Հակոբ Մեղապարտ, շնորհակալություն Ալեքսանդր Թամանյան, շնորհակալություն Սերժ Սարգսյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 4, 2011 14:35

«Անկախի»  այս տարվա  2(69)-րդ համարում խոստացել էինք հետևել Հայաստանի ազգային գրադարանի վարձակալների հետ կապված դատավարությունների ընթացքին: Ահա փետրվարի 4-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց իր վճիռը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցը բավարարելու մասին, այն է` խզել  Սասուն Հայրապետյանի հետ կնքած պայմանագիրը  գրադարանի կիսանկուղային հարկից 66 քմ մակերեսով տարածքի վարձակալության մասին և վտարել այդ տարածքից: Եթե պատասխանողը  մինչև մարտի 4-ը չբողոքարկի վճիռը, ապա կարելի է այս հարցը լուծված համարել: Հույս կա, որ Հայաստանի ազգային գրադարանում այլևս «Կարաոկե» չի գործի:

Սակայն փետրվարի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր գույքի կառավարման վարչության մեկ այլ հայց, որը վերաբերում է «Սինա-Սոֆտ» ընկերության հետ կնքված պայմանագրին: Հայցով պահանջվում է լուծել գրադարանի նկուղային հարկից 160 քմ տարածքի վարձակալության մասին պայմանագիրը և բռնագանձել 896 727 դրամ, որը գոյացել է վարձը չվճարելու հետևանքով:  Սա, ի դեպ, նշված դատավարությունների  «սերիայում» ամենաուշագրավն է, ավելի ճիշտ`  ամենախայտառակը, քանի որ այս պայմանագրի հետևանքով այսօր Հայաստանի ազգային գրադարանի հիմնական մասնաշենքի մուտքին ոչ թե տվյալ հաստատության ցուցանակն է, այլ` «Էլիպս» ֆիրմայի («Սինա Սոֆտ» ընկերության), որը մեծ-մեծ տառերով  հրավիրում է (բնական է` ոչ ընթերցողներին) պատվիրելու դռներ, պատուհաններ ու կահույք:

Բայց դատավարությունը տեղի չունեցավ, քանի որ կողմերը որոշել են փոխզիջման ճանապարհով հաշտություն կնքել: Պարզվում է, որ գույքի կառավարման վարչությունը, գրադարանը, վարձակալը և մշակույթի նախարարությունը խորհրդակցություն են անցկացրել: Վարձակալին  առաջարկել են մեկ այլ տարածք` գրադարանի մյուս մասնաշենքում: Հիշեցնենք` ամբողջ մտահոգությունն այն է (ըստ գրադարանի տնօրինությանը մոտ կանգնած անձանց տեղեկությունների), որ հայ գրատպության 500-ամյակի տոնակատարության կապակցությամբ  ՀՀ նախագահը գրադարան է այցելելու և մտնելու է գլխավոր մուտքից, այսինքն` ներկայիս «դռներ-պատուհանների» զբաղեցրած տարածքից:  Սակայն բանակցություններն առայժմ  անպտուղ են, քանի որ առաջարկված տարածքը վարձակալը չի հավանել:

Մենք խոստացել էինք պատասխանել  մի շարք հարցերի` հասկանալու համար, թե ինչու է ստեղծվել այս անհեթեթ իրավիճակը: Սակայն որքան շատ փաստեր ես հավաքում, այնքան հարցերը շատանում են:

Նախ` հարց է ծագում` որտե՞ղ էր մշակույթի նախարարությունը, երբ այսպիսի խայտառակ գործարքներ էին կնքվում իր համակարգում գործող հաստատությունում: Մի՞թե մշակույթի նախարարը գեթ մի անգամ չի այցելել գրադարան ու չի տեսել առկա խայտառակությունը: Եվ ինչո՞ւ է քնից արթնացել հիմա, այն էլ միայն մի  նախանձախնդրությամբ` ամեն ինչ անել, որ վարձակալը դժգոհ չմնա: Այս ռևերանսներն ակնհայտորեն մի բան են ենթադրում, որ տվյալ գործարքի պոչը նախարարության տակ  է, որն էլ հիմա ջանասիրաբար փորձում է այնպես անել, որ և՛ գայլերը սոված չմնան, և՛ ոչխարները` ողջ:

Երկրորդ` ինչո՞ւ է պայմանագրում նշվում նկուղային հարկի 160 քմ տարածքի մասին, երբ վարձակալի զբաղեցրած տարածքի մի զգալի հատվածը նկուղ չէ, այլ գրադարանի նախասրահ:

Երրորդ` ինչո՞ւ է վարձակալի լեզուն այսքան երկար, եթե օրենքը  հայցվորի կողմն է. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  622-րդ հոդվածի համաձայն` «վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը…երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը»: Տվյալ դեպքում վարձակալը թույլ է տվել այդ խախտումը:  Ասում են` վարձակալը համարում է, որ տարածքի վերանորոգման համար մեծ գումարներ  է ներդրել այն նկատառումով, որ մինչև 2020 թ. օգտագործելու է տարածքը, և հիմա փոխհատուցում  է պահանջում: Բայց չէ՞ որ այդ պայմանը նշված չէ պայմանագրում: Ո՞ր դատարանն է, որ հաշվի է առնում վիճող կողմերի բանավոր պայմանավորվածությունը:  Բացի այդ, ինչո՞ւ է օրենքը սահմանում վարձակալման շուկայական գներից շատ ցածր վարձավճար, ո՞վ կարող է հիմա քաղաքի կենտրոնում 160 քմ տարածք վարձակալել ընդամենը 76 հազար դրամով: Պետական շահը ո՞րն է: Եվ ինչո՞ւ բանակցությունների ընթացքում հաշվի չի առնվում այս հանգամանքը: Ամեն դեպքում, քաղ. օր-ի 626-րդ հոդվածի համաձայն` «…վարձակալը իրավունք ունի հատուցում ստանալու այդ բարելավումների արժեքի չափով»,  ուստի  բանակցությունները հենց այս ուղղությամբ պիտի տարվեին, հաշվեին ծախսի  չափը և հատուցեին,  ոչ թե նոր տարածք առաջարկեին և ամոթալի գործարքի գործողությունը երկարացնեին: Սա պիտի թելադրեր պետական շահը:  Համենայն դեպս, անզեն աչքով էլ երևում է, որ  առանձնապես կապիտալ փոփոխություններ  ու մեծ ծախսեր չեն կատարվել:

Վերջապես` ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար: Պարզվում է` ոչ ոք: Գրադարանն ասում է` մենք ի՞նչ անենք, պայմանագիրը պետական գույքի կառավարման վարչությունն է կնքում: Վարչությունն ասում է` մենք ի՞նչ անենք, պայմանագիրը կնքվում է գրադարանի առաջարկով: Մշակույթի նախարարությունն էլ ասում է` մենք ի՞նչ անենք, մենք ՊՈԱԿ-ների գործերին խառնվող չենք, մենք մշակույթի քաղաքականություն ու օրենքներ մշակող ենք: Մշակած քաղաքականության ու օրենքների արդյունքն էլ, ահա, այս անհեթեթ իրավիճակն է:  Փաստ է, որ  հայցվոր կողմը դատարանում,  քաղաքացիական օրենսգրքից բացի, մշակույթին վերաբերող մի եզակի օրենք է վկայակոչում («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին»), որի 38-րդ հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն` «հուշարձանի օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը»:  Ինչո՞ւ է հայցվոր կողմն այս մասին հիշում հիմա, ոչ թե պայմանագիրը կնքելիս:  Հարց է ծագում` եթե գրադարանի շենքը Թամանյանը նախագծած չլիներ ու հուշարձան չհամարվեր, կարելի՞ էր: Քաղաքացիական օրենսգիրքն էլ դրույթ ունի, որով վարձակալին արգելում է վարձակալած տարածքն օգտագործել գույքի նշանակությանը անհամապատասխան և վարձատուին թույլ է տալիս այդ դեպքում լուծել պայմանագիրը (հոդվ. 617), բայց այս մասին և՛ պայմանագիրը կնքելիս, և՛ հայց ներկայացնելիս «հաջողությամբ» մոռացվել է:

Այս անպատասխան մնացող «ինչու»-ները վկայում են, որ լավատեսության հիմքեր առանձնապես չկան: Այնպես որ մնում է շնորհակալ լինել Հակոբ Մեղապարտին, Ալեքսանդր Թամանյանին  և… Սերժ Սարգսյանին. եթե առաջինը  500 տարի առաջ հայերեն գիրք չտպեր, երկրորդը  գրադարանի շենքը չնախագծեր և երրորդը 500-ամյակի կապակցությամբ գրադարան չայցելեր, ապա հիմա այս դատավարական կիսաքայլերն էլ չէին լինի:

Դիտվել է 2212 անգամ:
Print Friendly

Leave a Reply