ԵԽ Դիտորդներն ընտրությունները գնահատեցին եվրոպական չափանիշերին համապատասխան. իսկ ծեծի դեպքերը լիազորված չեն արձանագրել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 1, 2009 17:04

mhm42017-copy-1Երևանի ավագանու ընտրություններն անցել են եվրոպական չափանիշերին համապատասխան. այս մասին այսօր հայտարարեց Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության դիտորդական առաքելության ղեկավար Նայջել Մերմագենը (Միացյալ Թագավորություն):

«Սակայն գնահատականն ամենևին էլ չի նշանակում, որ ընտրությունների ընթացքը բոլոր առումներով է համապատասխանում եվրոչափանիշներին: Մենք գրանցել ենք առաջընթաց 2008թ. սեպտեմբերին ՏԻՄ ընտրությունների ընթացքի նկատմամբ»,-ասաց Մերմագենը, ում ղեկավարած առաքելությունն ամսի 31-ին շրջել է 200-230 ընտրատեղամասերում, արձագանքել թեժ կետերից ստացված տեղեկություններին:

Ընտրությունների նախնական արդյունքներով` մայրաքաղաքի ավագանու կազմում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակացությունը (մոտ 47,1 տոկոս), «Բարգավաճ Հայաստան»-ը (մոտ 22,6 տոկոս) եւ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը (մոտ 17,3 տոկոս):

Մյուս 4 կուսակցությունները չհաղթահարեցին սահմանված 7 տոկոսը:

Քվեարկությանը մասնակցել է 412. 464 ընտրող: Վավեր քվեաթերթիկները եղել են 401.310-ը, գրանցվել է 2.104 անճշտություն, իսկ անվավեր ճանաչվել` 10.493 քվեաթերթիկ:

ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը` 12 անդամով, Երեւանում է մայիսի 27-ից: Նրանցից 3-ը ներկայացնում են ԵՄ տարածաշրջանները:

Կոնգրեսի 3 անդամները Երևան էին այցելել նաև մայիսի 3-6-ը: «Մենք մտահոգ ենք, որ Երևանի քաղաքացիների իրական կարիքները կարող են մի կողմ մղվել քաղաքական առճակատման պատճառով»,-այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինին։

Այսօր արդեն Մերմագենը հայտարարում է, որ որոշակի բացթողումներ նկատվել են, սակայն դրանք չեն կարող ազդել պատվիրակության գնահատականի վրա: «Բացթողումներն ավելի շատ կազմակերպչական բնույթի էին, սակայն բոլոր այն խնդիրները, որոնք մենք նկատել ենք օրվա ընթացքում, հաշվի կառնենք և կներկայացնենք հոկտեմբերի կեսերին նախատեսված մեր վերջնական զեկույցում»:

Լրագրողների այն հարցին, թե ընտրությունների օրը նա շատ անտարբեր է արձագանքել որոշ լրագրողների ծեծի մասին լուրերին, Մերմագենն ասաց. «Դա մեր առաքելական լիազորությունների մեջ չի մտնում, բայց մենք այն անպայման հաշվի կառնենք մեր վերջնական զեկույցը կազմելիս»:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply