Նշվեց շինարարի օրը. Հայաստանում շինարարության վիճակն այժմ անկումային է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 15:08

mhm43161-copyՉնայած հանրապետությունում կրճատված շինարարական ծավալներին՝ աղետի գոտում շինարարական ծրագրերը չեն կրճատվել. միայն Գյումրիում կկառուցվի 3000 բնակարան, որից այս տարի նոյեմբերին Մուշ-2 թաղամասում բնակարանամուտ կտոնի 1.320 ընտանիք: Սկսվել է նաև Անի թաղամասի կառուցապատումը և 2010թ.-ին շահագործման կհանձնվի նաև 254 բնակարան: Իսկ մինչև 2013թ. բնակարաններով կապահովվեն բոլոր 7000 անօթևան ընտանիքները. այսօր շինարարների օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասաց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

2002թ.-ից Հայաստանում օգոստոսի 7-ին նշվում է շինարարների տոնը: Վերջին մի քանի տարիներին տնտեսությունում ստանձնելով առաջատարի դերը` շինարարությունը լուրջ ներդրում ուներ պետբյուջեի համալրման և ենթակառուցվածքների զարգացման առումով:

«Շինարարի մասնագիտությունը դարեր շարունակ մեր ժողովրդի համար եղել է ամենասիրված մասնագիտություններից,- այսօր շնորհավորելով հայ շինարարներին` ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,- Շինարարը վայելում է մեր ժողովրդի հատուկ հարգանքը, որովհետև հայ ժողովրդի պատմության մեջ այն ունի իր ուրույն անփոխարինելի տեղը՝ պայմանավորված ազգային ժառանգության բազմաթիվ հանգամանքներով»:

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում շինարարությունը շատ մեծ վնասներ կրեց,- շնորհավորելով շինարարներին՝ ասաց Վարդան Վարդանյանը,- Ներդրումների պակասը, վարկերի անմատչելիությունը, գնողունակ պահանջարկի անկումն այսօր բավական ծանր վիճակի է հասցրել բազմաթիվ շինարարական կազմակերպությունների»:

Վարչապետի անունով շնորհակալագրեր ստացան ու ոսկե մեդալներով պարգևատրվեցին մի շարք շինարարական կազմակերպություններ ու ոլորտում ներդրում ունեցող անձինք:

Օրվա կապակցությամբ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ են ստացվել քաղաքաշինության նախարարի անունով: Նրան շնորհավորել են ԼՂՀ, ՌԴ, Տաջիկստանի, Մոլդովայի նրա գործընկերները:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply