Ես Վահրամ Պետրոսյան ու Քիմ Քարդաշյան եմ ` “Հայոց արծիվների” ոտքերի տակ

ԷՍՍԵ | | February 22, 2011 21:31

Տողերիս հեղինակը կոչ է անում ամեն տեսակ “ազգայնական”, “բարոյական” ու մանավանդ
“արծիվ” հայերին չկարդալ սույն հոդվածը` մտածելով նրանց իսկ նյարդային համակարգի
չվերականգնվող բջիջների մասին:

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցան մի շարք ուշագրավ իրադարձություններ, օրինակ` Վարդան Այվազյանը “մեզի ձեզի բարի ավետիս” բերեց, որ “սննդամթերքի թանկացման տենդենցը շարունակվելու է”, սպանվեց մի ժամկետային զինծառայող, և պաշտպանության նախարարը խոստացավ պատժել մեղավորներին, նույն ամսին Գեղարքունիքի մարզի հոգեբանական խնդիրներ ունեցող ոմն միջին վիճակագրական փոխգնդապետ լիցքաթափվեց` զինվորների գլուխները պատերին խփելով ու աթոռների ամրությունը նրանց վրա ստուգելով: Դրան նախորդեց Իջևանի զորամասի չստացված հայկական ֆաշիզմը, իսկ այս անցուդարձի արանքում ազգովի նշում էինք Բանակի օրը` հունվարի 28-ը:
Այդ արանքում հենց բանակից եկել էր համադասարանցիս ու պատմում էր, թե ինչ ախորժակով են զինվորները տոնել Բանակի օրը: Հունվարի 28-ին առավոտյան զինվորներին մեկ ձվի փոխարեն տվել էին երկու ձու, իսկ ճաշը իսկական տոնախմբություն է եղել` բաժանել են շոկոլադի սալիկների կտորներ…
Հետո եկանք հասանք եղանակներին. ձյան պատճառով մի քանի օր երկրի հյուսիսային շրջանները դարձել էին անանցանելի, հաղորդում էին, որ պատճառը գլոբալ տաքացումների հետևանքով տեղացող առատ ձյունն էր:
Իսկ փետրվարի 18-ին, թեպետ ձյուն չկար, պատահականորեն թե օրինաչափորեն, չէին աշխատում մարզերից Երևան ուղևորատար երթուղայինները: Այս ամենի մասին խոսվել է բազմիցս:
Հիմա, երբ արդեն խոսեցի առօրյա անցուդարձից, անդրադառնամ առավել լուրջ, համազգային ու արծիվներին վայել խնդիրներին:
Փետրվարի 18-ից համալսարաններում, հեռուստահաղորդումներում, սոցիալական կայքերում ու էլեկրոնային մամուլի էջերում չեն դադարում Վահրամ Պետրոսյան անունով մի սովորական հայ երգ գրողի մասին քննարկումները, անգամ հայ ծայրահեղականների կողմից նրա հասցեին, մինչև իսկ նրանց համար “սրբություն” հանդիսացող ընկերուհու հասցեին սպառնալիքները, անգամ ինչ-որ “Հայազն երիտասարդների միաբանություն” հրապարակել է “Բաց նամակ ազգային անվտանգության ծառայությանը” վերնագրով փիլիսոփայական տրակտատ, որում կոչ է արվում խաչել դավաճանին:
Բանն այն է, որ մամլո ասուլիսի ժամանակ երգ գրող երիտասարդը երկար բարակ խոսել է իր պլաններից, նախասիրություններից, բացահայտել իր ինտելեկտուալ կարողությունները: Բայց դա էական չէ, էականն այն է, որ երիտասարդն ասել է` սիրում է ադրբեջանական և արևելյան մելիզմներ, ու Սայաթ Նովայի թուրքերեն երգերն իր ականջին ավելի հաճելի են:
Այս մտքերը հայերի մեջ ադրբեջանաթուրքական սինդրոմ են առաջացրել, ու համայն եվրոպացի ազգս սկսել է հիսթերիայի հասնող քարոզարշավ արևելյան երաժշտություն սիրող երիտասարդի դեմ: Էականն այն է, որ սրա հետևանքով առաջացել են շովինիզմի ու կեղծ հայրենասիրության դրսևորումներ, որոնք, ի դեպ, արտահայտվում են միայն թուրքերին ատելով. ով թուրքերին ատում է, հայրենասեր է, ով ոչ, ազգի դավաճան է:
Այս ամենի հանգույցն այն է, որ ուշադրություն չենք դարձրել մի բանի վրա, որ երգ գրող երիտասարդը եթերից անուղղակի կերպով ասել է . “Դուք բոլորդ հավ եք”: Խոսքս հետևյալ արտահայտության մասին է. “…Նոր երգեր ունեմ, ու շատերը շուտով ստիպված են լինելու ականջները փակել…”: Հարգում եմ այս երիտասարդին, ապրի, եթե իրեն չհավանողները հավի նման ոչինչ չեն անում, չեն պայքարում, որ իրենց ուզածով ու որակով ստանան այն, ինչ ուզում են, ի՞նչ մեղավոր է այս մարդը: Նրա խոսքի մեջ մարդկանց հավի տեղ դնելու ենթատեքստ կա. մարդն ասում է` դուք ոչինչ եք, ձեր պրոֆեսորները զրո են, Արման Հովհաննիսյաններն առաջինն են, Մեսչյանը կաղապար է, իսկ դուք բռնվել եք ադբեջանաթուրքական տենդով:
Հաջորդ սենսացիան “ԱՐ” հեռուստաընկերության ոմն նամուսով ավանդապաշտի պատրաստած տեսանյութն էր Քիմ Քարդաշյանի մասին: Խոսքը “Ով է Քիմ Քարդաշյանը” հաղորդման մասին է: Կարելի էր մտածել, որ“ԱՐ” հեռուստաընկերության փակվելու մասին լուրերից հետո ալիքի ղեկավարությունը վարկանիշի համար կաշխատի, եթե հաղորդավարուհին Քիմի մասին չպատմեր այնպիսի հուզված ու վիրավորված ձայնով, ասես ամբողջ կյանքում երազել է Քիմ Քարդաշյան լինել, բայց հայրն արգելել է:
Հաղորդման ժամանակ տարբեր մեծամեծներ քննարկում են Քիմի բարեմասնություններն, ու այնուհետև հաղորդավարուհին հուզված ձայնով փաստում է, որ հիմա ողջ աշխարհը, առանց իմանալու հայերի ավանդապաշտությունն ու նամուսը, թյուրիմացության մեջ է ընկնելու ու հայ աղջկա կերպարի մասին պատկերացում է ունենալու Քիմի կերպարով: Ու էլի նման անհեթեթություններ:
Միասեր հայերը անբարոյական էին համարում այն, որ Քիմն ունեցել է բազմաթիվ ընկերներ: Ամուսնու ծեծերից տառապող, բայց ոչ երբեք ամուսնալուծվածի պիտակ ունենալ նախընտրող հայ կանայք զարմացած էին, որ Քիմը մի քանի անգամ ամուսնալուծվել է, իսկ ոմն հոմոսովետիկուս հայտնեց հետևյալ փայլուն միտքը. ”… Եթե ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր նախնիները տեսնեին Քիմ Քարդաշյանին, արդյոք կուզենայի±ն փրկվել…”:
Ոմանք էլ, չդավաճանելով թուրքական սինդրոմը, կրկին ցուցամատները տնկում էին, թե գնացեք տեսեք` թուրքերն ինչ մեկնաբանություններ են անում, թե աշխարհահռչակ պոռնիկը հայ է:
Սակայն դրամայի կուլմինացիան մի շովինիստի հետևյալ մտքի փայլատակումն էր.”Գուցե միջոցներ գտնենք, դիմենք սփյուռքի նախարարություն, որ նրանք քայլեր ձեռնարկեն ու պահանջեն Քիմից հրաժարվել ազգանվան “յան” վերջածանցից…”:
Ուրեմն նախ ազգովի որոշեցինք, թե ինչ երաժշտություն պիտի սիրի յուրաքանչյուր երգ գրող երիտասարդ, հիմա էլ ջանասիրաբար ու նույն եռանդով որոշել ենք, որ եթե մարդ զբաղվում է մի բանով, որը համապատասխան չէ մեր չարժեհամակարգին ու մենթալիտետին, ապա իրավունք ունենք մարդուց պահանջել հրաժարվել սեփական ազգությունից:
Նույն սինդրոմն է նկատվում “Հայոց արծիվների” մեջ: Մի քանի օր առաջ Մատենադարանի հարակից տարածքում “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը տոնում էր իր հիմնադրման առաջին տարեդաձը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 3-ամյակը և հայոց պետականության 20-ամյակը: Մարզերից եկած երիտասարդները, որոնք մասնակցում էին միջոցառմանը, նշում էին, որ իրենք տեղյակ չեն` ինչի համար են իրենց բերել. ”Ղեկավարները կգան կասեն”:
Միակ բանը, որին նրանց մեծամասնությունը տեղյակ էր, այն էր, որ իրենք հայրենասեր են ու իրենց գաղափարախոսությունը հենց հայրենասրությունն է: Իսկ “Արմենիայով” ցույց էին տալիս “Հայոց արծիվների” հանրահավաքը, պատմում, թե ինչքան շատ են, ինչքան լավը, ինչքան գաղափարական ու ինչքան արծիվ:
Այս երեք խայտառակ դեպքերում ակնառու է մեր ցուցամոլությունը: Ինչու՞, օրինակ, այսքան բարոյական ու բոլորի անձնականը մեր անձնականը համարող ազգս չի աղմկում, որ մեր պետական այրերից ոմանք հակումներ ունեն գույների նկատմամբ, կամ ինչո±ւ նույն ջանասիրությամբ չի փորձում դիմել սփյուռքի նախարարություն, որ սա էլ դիմի միջազգային դատարան մեր ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակելու համար, կամ նույն եռանդով չի խոսում, որ փակել են մեր միակ ու լավագույն հեռուստաալիքը` “Հայրենիքը”:
Սա այն նույն սինդրոմն է, որով մեր տատիկները, որոշ բաների դեմ չլինելով, միևնույն է, իրենց երեխաներին ու թոռներին արգելում են ասելով. “Բա հարևանները ի±նչ կասեն”:
Որովհետև չենք հասկանում, որ Ազնավուրը Ազնավուր է ոչ թե նրա համար, որ հայ է, այլ որովհետև Ազնավուրն է, որ հայ լինելուց առաջ Քիմը նախ մարդ է, որ արվեստը արվեստ է ոչ այն բանի շնորհիվ, որ հայկական է կամ ոչ թուրքական, որովհետև մեզ հուզող գերհարցն այն է, թե ինչ կասեն մեր մասին աշխարհում կամ մեր հարևանները:
Անի Ասատրյան

Դիտվել է 11241 անգամ:
Print Friendly

Leave a Reply