Հայաստանում ծանր հանցագործություններն աճել են 63 տոկոսով

Օրվա լուր | | August 6, 2009 12:41
գեներալ-մայոր Ալիկ Սարգսյան

Ալիկ Սարգսյան

Հանրապետությունում շեշտակի աճել է հանցագործությունների թիվը. այս մասին ՀՀ ոստիկանության կոլեգիայի ամփոփիչ նիստում երեկ ասել է  ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:

Նրա խոսքով` պատճառն այն է, որ հանցագործություներն այլևս չեն թաքցվում, դրանք հաշվառվում են, նույնիսկ եթե տուժողը բողոք չի ներկայացրել, և հանցագործությունը կատարվել է անցած տարիներին:

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 63 և 48%-ով: Ըստ ամփոփիչ արձանագրության`նախորդ տարվա համեմատ աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (239 դեպք).առգրավվել է 274 միավոր ապօրինի հրազեն, իսկ կամավոր հանձնվել` 529-ը:

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 9,1%-ով, որից 7,1%-ը ծանր հանցագործությունների բացահայտումն է: Եթե անցյալ տարի բռնաբարության փորձերն ու բռնաբարությունը 100%-ով էր բացահայտվում, ապա այս տարի` 75%-ով: 2008թ. 1-ին կիսամյակի համեմատ 3-ով ավելացել են հանրապետությունում կանանց պոռնկության ներգրավելու և շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման դեպքերը (8 դեպք):

Այս տարվա 1-ին կիսամյակում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է 229 կոռուպցիայի դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 830 հանցագործ, որից 20-ը հետախուզվում էր սպանության կասկածանքով, 1-ը` բռանաբարության, 15-ը` ավազակության, 6-ը` կողոպուտի, 43-ը` գողության, 63-ը` խարդախության, 28-ը` խուլիգանության և 23-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումներում ընդգրկված աշխատակիցները 6 ամիսների ընթացքում 729 զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ պատշաճ հասարակական կարգ են ապահովվել: Նույն ուժերը աջակցել են նաև պետական մարմիններին` ապօրինի անտառահատումների, ձկնորսության դեմ պայքարում (ապօրինի ձկնորսության 21 և ապօրինի անտառահատումների 12 դեպք), ինչպես նաև այս տարվա գարնանային զորակոչը անցկացնելիս:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply