Կինը հաղթում է պելմենիին

ԷՍՍԵ | | May 30, 2009 9:11

Ճերմակող լուսամուտ, շների գզվռտոցի ձայն դրսից, հարևանների շխկոց-թխկոց պատերի ետևում… Օրն է սկսվում։ Վահանակն ու՞ր է□ Ահա□ Բարլուս՝ ասում է հեռուստացույցը՝ պատկերով, ձայնով, վազող տողով.«Ֆրանսիայի Առլ քաղաքում անհայտ անձինք, դաժանաբար ծեծի ենթարկելով Ժան Միշել Անդրեին, առևանգել են նրա երեքամյա դստերը՝ Էլիզային, երբ հայրը նրան հեծանիվով տուն էր տանում։ Վերջինս առևանգման համար կասկածում է երեխայի մորը՝ իր նախկին կնոջը՝ Իրինա Բելենկայային։ Ի դեպ, նախկինում Էլիզային մորից երեք անգամ առևանգել է ինքը՝ Ժան Միշել Անդրեն, ում Իրինա Բելենկայան մեղադրում է դստեր նկատմամբ պեդաֆիլային հակումներ տածելու համար»«H1-N1 վիրուսը կամ խոզի գրիպը թափանցել է նաև Չինաստան, ուր մահացածների թիվն արդեն 53 է»«Թուրքիայի հարավ-արևելելքի Բիլգե գյուղում դիմակավոր անձինք ներխուժել են հարսանյաց սրահ և կրակ բացել հարսանյաց հանդիսության մասնակիցների վրա, սպանվել է 44 մարդ, որոնցից 16- ը կին և երեխա, հանցագործները փախել են»«2012 թվականին արեգակի աննախադեպ գերակտիվություն է սպասվում, մագնիսային փոթորիկները կարող են մեծ աղետներ բերել երկիր մոլորակին»

«Տասնմեկ ոստիկան է զոհվել Մեքսիկայում՝ թմրադեղերի առևտրով զբաղվով խմբավորման հետ ընդհարման ժամանակ»

«ԱՄՆ- ում տասնութամյա մի երիտասարդ ատրճանակից կրակ է բացել քոլեջի ուսանողների և դասախոսների վրա, կան սպանվածներ և վիրավորներ, ինքը՝ երիտասարդը, ինքնասպան է եղել»

«Սոմալիի ծովահենները առևանգել են ուկրաինական մի բեռնանավ»

«Վրաստանի ոստիկանությունը գիշերով ծեծի է ենթարկել ընդդիմադիր ցուցարարներին, որոնցից մեկը փորձել էր ցանկապատի վրայով անցնել ոստիկանության շենքի տարածք»…

Հերիք է, անջատում ենք, այսքանը լիուլի է՝ գրող-մազոխիստիս լիցքավորելու համար, հիմա կարելի է թունդ մտահոգվել, կիտել հոնքերը՝ տառապագին մտածողին բնորոշ ծալքեր գոյացնելով ճակատին։ Իսկապես որ, լույսը հազիվ բացված, դեռևս անկողնում, սուրճի կամ գարեջրի փոխարեն՝ լուրեր աշխարհից… ՈՒ հիմա էս ամբողջ բեռը վրադ, ցավը ներսումդ՝ վեր կաց, գնա զուգարան, լոգարան, խոհանոց, մտիր հագուստիդ մեջ, վերջապես՝ դուրս արի փողոց, և աշխատիր հավասարակշիռ լինել, մեղմ, ժպտադեմ, կա էդ տեսակ ժպիտ, որի միջով տառապանքն է արտածորում, էդ ժպիտը մարդասերի արտահայտության մեխն է, ինչքան էլ քեզ հրմշտեն չվերթայինում, քթիդ քամակ դեմ անեն, անցումի վրա մեքենա քշեն վրադ, ականջիդ տակ հայհոյեն, կարճ ասած ինչ էլ անեն, դու էդ ժպիտով պիտի նայես իրենց աչքերին, մարդասեր պիտի մնաս, էդպես է ընդունված՝ գրողը մեծ մարդասերն է, նա իր խելքը մարդկանց համար պիտի գցի, պիտի արտասվի խղճահարված, մեղքի զգացումով տոգորված, ի՛նքը չի թալանել, ի՛նքը չի ծեծել, ի՛նքը չի սպանել, բայց ինքն է մեղավոր, աշխարհում կատարվող ամեն ինչի համար ինքն է մեղավոր կամ, գոնե, մեղսակից է…
Սակայն ավաղ, էս հոգեվիճակը երկար վայելել չի հաջողվի, կյանքը թույլ չի տա, ձևը ծեծված է, բայց՝ անվրեպ, նա պարզապես բարձրացնում է հայացքդ ու ցույց տալիս՝ նայի՛ր, տեսա՞ր… Ի՞նչը… Ո՞նց ինչը… Հենց թեկուզ երկինքը, արևը, էն ամպը, ծառը□ Քի՞չ ա… Մասիս սարը… Խոտը, ծաղիկը… Օծանելիքի հոտը… Ցուցափեղկի ետևի թխվածքներին նայիր, կրեմը վրան քուլա-քուլա ծանրացած, նայիր գարեջրի գոլորշապատ շշին… Հը՞, կնճիռներդ հարթվում են կարծես, աշխուժանում ես, հա՞… Դե հիմա էն կողմը նայի, երևում ա՞… Նայի ի՜նչ հմայիչ են թրթռում մարմնամասերը կիպ զգեստի տակ, ինչքան կյանք կա մեջը… Արագ քայլիր, որ դեմքը տեսնես□ Տեսա՞ր□ Սպանիչ ա, չէ՞, ոնց որ Բոտիչելլիի կտավից թռած… ՈՒ ի՜նչ նման ա… ՈՒ՞մ… Նրա՛ն, հա էլի, չհիշեցի՞ր… Մոսկվա, Գորկու անվան այգու պելմեննին, չէ, Գալյա չէր, Քսյուշա էր, ընդամենը մատուցող՝ բայց աշխարհի լավագույն պոդիումներին արժանի գեղեցկուհի, երբ մոտեցավ, կանգնեց գլխավերևդ, պելմենին մոռացար, իրան ուզեցիր, ո՜նց ուզեցիր, էդ պահին թվաց՝ կյանքիդ կեսը կտաս, բայց դրա կարիքը չեղավ, շատ հեշտ զիջեց, մտքովդ նույնիսկ կասկածի ստվեր անցավ՝ հանկարծ տրիպեռ չունենա՞□ Բայց դե՝ փառք տիրոջը։ Ի՜նչ համովն էր, ի՜նչ քնքուշ, ի՜նչ կրքոտ…
Վերջ, լրիվ աշխուժացար, եկար բնական վիճակիդ, տարավ կյանքը, տարավ, շեղեց… Քանիցս է հաստատվում Ֆրեյդ մարգարեի միտքը, թե մեր գանգատուփի մեջ տեր-տիրականը գիտակցությունը չի, այլ ՈՒրիշ Մեկը։ Բա, գրող ախպեր, մարդկության ցավերով երկար տապակվել չի հաջողվում։ Իհարկե կարելի է կռիվ տալ, փորձել վռնդել մեջիցդ էդ «ՈՒրիշ Մեկին» կամ ճնշել ու ճնշած պահել, բայց կյանքին հակառակ գնալ արժի՞ որ, հանուն ինչի՞, արհեստական սևեռումների՞, բա որ տա՝ հոգեկանդ խեղի՞… Չէ, քանի կյանքը մեջդ տրոփում ա, էդ կռիվը հաստատ տանուլ ես տալու… Դժվար ա, շատ դժվար ա կայուն մարդասեր լինելը։ Ահա, փողոցի մեծ վահանակները. հայտնի մարդկանց մեծադիր նկարները բարեպաշտ ժպտում են վերից՝ «Ես քեզ սիրում եմ»… Ոմանք հաջողացրել են մեծ մարդասերին վայել դիմակ հագնել, մյուսները վատ են կեղծել, տառապագին ճիգն ակնառու է։ Դե իհարկե, ո՞նց կարելի է էդպես վերցնել ու ամեն քեզ նայողին սիրել, դրա մեջ կարծես այլասերվածություն էլ կա մի տեսակ։ Առավել կեղծ են շոու-աստղերի պատեհ-անպատեհ խոստովանությունները բեմահարթակներից ու էկրաններից՝ «Ես ձեզ սիրում եմ», մեզ սիրում է մարդու ամենաինքնասիրահարված, եսակենտրոն, շահախնդիր տեսակը□ Զավեշտ է։
,Չի ստացվում, միմյանց սիրելը էնքան էլ չի ստացվում□ երբեմն ստացվում է, ավելի հաճախ՝ ոչ, բարդ, անկառավարելի զգացմունք է էդ սեր կոչվածը, արմատները ենթագիտակցության, բնազդների մեջ թաղած՝ ամեն պահի ատելության փոխարկվելու հատկություն ունի։ Հեռվից՝ էլի մի կերպ, բայց մոտիկից լրիվ անտանելի ենք, միմյանց ինչքան մոտիկ՝ էնքան անտանելի…
Սակայն մեր համակեցությունը տանելի դարձնելու տարբերակ կա. գուցե չտանջենք մեզ, մի կողմ թողնենք պարտադիր սիրո քրիստոնեական պատգամը,- գոնե՝ առայժմ, քանի չենք հասունացել,- և փորձենք պարզապես հարգել միմյանց, հը՞… Սա գիտակցական ակտ է, ճիգ գործելու դեպքում կարելի է հաջողացնել, հարգենք աշխարհ եկած յուրաքանչյուրի գոյությունը մեր կողքին, ապրելու հավասար իրավունքը, միմյանց Ես- երի սահմանները ոտնակոխ չանենք… Էսպես գուցե մի բան ստացվի, չփորձե՞նք…

Դիտվել է 2443 անգամ:
Print Friendly

Leave a Reply