Ոսկերչական աֆիոռա. ոսկու շուկան սթրեսի մեջ է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 4, 2009 11:59

gold1-1Ոսկու շուկայի շատ առևտրականների համար ապրիլի 24-ը կմնա ոչ միայն ցեղասպանության, այլև քցված լինելու օր:
Խորենացի փողոցի վրա գտնվող ոսկու շուկայի ամենավստահելի առևտրականը` Արմեն Քալանթարյանը, տասնյակ մարդկանցից 3-4 միլլիոն պարտք է հավաքել ու անհետացել: Խոշոր պարտքերի դիմաց Քալանթարյանը տվել էր գրավ, բայց երբ անհետացել էր, պարտատերերն առաջին հերթին բացել են գրավի կնքված տոպրակներն ու տագնապով հայտնաբերել, որ այն չէ, ինչ պետք է լիներ այնտեղ. ադամանդի փոխարեն` հասարակ ապակու կտորներ (ցիրկոն), կես կգ-անոց ոսկե շղթայի փոխարեն` շան ոսկեգույն շղթա:
«Էդպիսի արարք նրանից ոչ ոք չէր սպասում: Դու քո վրա կկասկածեիր, նրա վրա չէիր կասկածի»,- ասում է արծաթի առևտրական Լևոն Ջավախյանը:
50-ամյա Արմեն Քալանթարյանը Երևանում հայտնի «բաղնիքի» ոսկու շուկայում 10 տարի գրավատունն աշխատեցնելու ընթացքում վաստակել էր ազնիվ ու ճշտապահ մարդու համբավ, որն էլ եղավ այն կապիտալը, որի դիմաց առևտրականները վստահեցին պարտք տալ հսկա գումարներ: Իր անբասիր համբավի շանորհիվ էր ձեռք բերել բազմաթիվ մեծահարուստ հաճախորդներ, որոնց մեծ մասն էլ դարձան նրա զոհերը:
«Նա ամեն օր սափրվում էր, իսկ մազերը երևի 2 օրը մեկ կտրում էր: Ամեն տեսնելուց այնպիսի տպավորություն էր, կարծես բաղնիքից հենց նոր էր դուրս եկել»,- պատմում է Ջավախյանը: Մեր ժամանակների Օստապ Բենդերի` այդ նիհար, սղալած մազերով ավանտյուրիստի քցած ամենախոշոր գումարը 800 հազար դոլլարն է, իսկ ամենամանրը` 3 500:
«Արմենը 100 դոլլարանոց մարդ չէր, նրա ամենափոքր գործարքը 3000-4000 դոլլար էր»,- պատմում է Քալանթարյանի մի գործընկեր, որ չցանկացավ անունը հրապարակել:
Փողկապը Քալանթարյանի կերպարում այնպիսի անփոխարինելի տարր էր, որ նրան ճանաչողները կատակում էին, թե նա փողկապով է անկողին մտնում: Նրա հաճախորդներն էլ միայն «փողկապավորներ» էին, ու շուկայի առևտրականների մոտ կարծիք էր ձևավորվել, որ նա մեծ թռիչքի անձ է:
«Միշտ էլ գալստուկավոր մարդիկ էին էստեղ գնում-գալիս: Ինքը հագած-կապած մարդ էր, 2008թ.Պաժեռո մակնիշի մի ջիպ ուներ` հատուկ որսի համար, մեկ ուրիշը` կնոջ համար: Ո՞վ կմտածեր էսպիսի բան», – ասում է Ատոմ Գազազյանը, որից Քալանթարյանը գրպանել է 21 500 դոլլար:
«Ամենաշատը հենց էդ գալստուկավորներին էլ քցել ա»,- լրացնում է Մկրտչյանը:
Միայն «բաղնիքում» Քալանթարյանը քցել է մոտ 15 հոգու, որոնց մեջ Վարուժանին` 70 հազար դոլլար, Համոյին` 45 հազար, Աշոտին` 50 հազար: Ասում են` հետը տարել է նաև գրավատանը գրավ դրած արժեքավոր իրերը:
Քալանթարյանն աֆյոռան ծրագրել էր մի քանի ամիս առաջ, նախապես վաճառել էր Թումանյան փողոցի վրա գտնվող տունը:
Գործընկերներին հաճախ տուն էր հրավիրում ու վստահությունն ավելի աճեցնում իր նկատմամբ. «Դա հատուկ արվում էր մեր վրա տպավորություն թողնելու համար, որ մենք տեսնեինք իր տան անցուդարձն ու նիստուկացը»,- ասում է հիմա գլխի ընկած Գազազյանը: Բոլորին զարմացրել էր Քալանթարյանի հատուկ կիրքը կենդանիների նկատմամբ:
Հյուրերի վրա հատուկ տպավորություն էր թողնում Քալանթարյանի կենդանիների հավաքածուն` շուն, թութակ, կրիա, թռչունների տեսակներ: Իսկ ոսկու շուկայի նրա գրասենյակում «տեղակալը» օձն էր, որին սպիտակ խամյակով կերակրելը նրա հաճույքներից մեկն էր:
Իսկ որսորդությունը Քալանթարյանի համար ծես էր. որսի հաճախ գնում էր ոսկու շուկայի տեր Վաղարշ Աբրահամյանի հետ ու իր նկատմամբ վստահությունն ավելի ամրապնդում, որ իրականացնի իր բուն որսը` մեծ փողերը:
«Խոշոր տրամաչափի» ու վստահելի մարդու կերպարը նա կերտում էր` անընդհատ իր մասին տարբեր լուրեր պտտեցնելով. «Խոսակցության ընթացքում, իբր իմիջիայլոց, ասում էր, թե Թիֆլիսում մի ազդեցիկ պաշտոնյա ընկեր ունի, ում վարորդի միջոցով ինքը բարձր կարատի ադամանդներ էր ուղարկում Վրաստան»,- ասում է Գազազյանը: Սակայն նրա ամենատպավորիչ «լուրը», որ ոսկու շուկայում հիմա են համարում Գյուլնազ տատի հեքիաթ, «Աֆրիկայի» պրոյեկտն էր. իբր Աֆրիկայից մի գործարար, որ իր մտերիմ ընկերն է, պատրաստվում էր Հայաստանում ադամանդի մշակման գործարան կառուցել` ներդնելով 200 մլն. դոլլար, իսկ ինքը լինելու է տնօրենը:
Բայց «Աֆրիկայի» տարբերակի մեջ ինչ-որ ճշմարտության հատիկ են փորձում գտնել քցված առևտրականները (Գազազյանն ասում է. «Էդ Աֆրիկայի մեջ մի բան էն չի») ու նաև հույս, որ Արմենի արածը սառը հաշվարկով աֆյոռա չէր, և նա դեռ կվերադառնա ու պարտքերը կփակի:
Հույսն Արմենի թողած միակ նամակն է, որ եղել է նրա աշխատակցուհի Արմինե Ահարոնյանի մոտ: Ատոմ Գազազյանին Արմինեն ասել է, որ Արմենը գրել է` իբր «Աֆրիկայի» գործում խոշոր պաշտոնյաներ են խառնված, որոնք իրեն քցել են ու ինքը ստիպված է արել այս ամբողջն ու փախել է` ընտանիքին փրկելու համար, և անպայման վերադառնալու է (Արմենն ամուսնացած է, ունի երկու որդի): «Անկախ»-ին չհաջողվեց կապվել Արմինեի հետ:
Արմենի հարազատներից մնացել են միայն նրա` կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով էկզոտիկ ագռավը, որ նրա վաճառված տան պարտեզում է, և օձը, որին ոստիկանները «կալանավորեցին» գրավատանը:
Ով չի ընկել Քալանթարյանի ծուղակը, այժմ հպարտանում է իր խորաթափանցությամբ. «Ինքը գիտեր` ում հետ ոնց,-ասում է մի առևտրական, որ չցանկացավ անունը հրապարակել ,-ինձնից 8000 դոլլարանոց մի ադամանդ 3 օրով վերցրել էր, երեք ամիս չէր տալիս, ասում էր` Գորիս եմ ուղարկել: Պատին դեմ տալուց հետո 3 րոպեից քարս Գորիսից եկավ»:
Իսկ Քալանթարյանի հին ծանոթը, որ չցանկացավ անունը հրապարակել, ասում է, որ ինքը երբեք չի հավատացել Քալանթարյանի ազնիվ կեցվածքին ու երբեք չէր կարող խաբվել նրա ստերին. «Արմենը տափուկ, մզո, ստոր արարած ա, որ գիտի մարդկանց տամար մտնելու ձևերը: Ես նրան վաղուց գիտեմ, ու էս պատմությունն ինձ հեչ չզարմացրեց»:
Ըստ նրա` Քալանթարյանը մութ անցյալ ունի և նեղ ու մութ տարիներին շատերին է «քցել», երեք տարով փախած է եղել ու բացառված չէ, որ այժմ փախել է հին պարտատերերի ահից:
Արմենը բարեխիղճ է եղել միայն տիկին Պայծառի նկատմամբ, ում 100 դոլլար պարտքը վերադարձրել ու նոր է թռել. «Ինձնից 100 դոլլար փող էր վերցրել, հետ վերադարձրեց,- ասում է տիկին Պայծառը, ում սեղանիկը հենց Արմենի գրավատան դիմաց է, և ով ոսկու շուկայից վերջինն է տեսել նրան,- ես նրանից ոչ մի վատ բան չեմ տեսել»: «Անկախին» հայտնի դարձավ, որ Արմենը ընտանիքով մեկնել է Վիեննայով Իսպանիա:
Ոստիկանության լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանը միայն հայտնեց, որ ոստիկանությունում խոշոր չափի խարդախության հոդվածով (178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով) քրեական գործ է հարուցված:

Դիտվել է 3315 անգամ:
Print Friendly

Leave a Reply