Փոխգյուղնախարար. «Մեզ պետք է որակ, ոչ թե քանակ»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2011 19:46

Գարնանացանի նախապատրաստման աշխատանքները, գյուղտեխնիկայի բաշխման սկզբունքները և տնտեսությունների խոշորացման հայեցակարգն էին այսօր քննարկում ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի նիստում:

«Գյուղատնտեսությունն այսօր ամենածանր վիճակում գտնվող ճյուղն է և ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն ՀԽ-ն և Կառավարությունը ներկայումս քննարկում են այս երեք հարցերը»,- նիստի ժամանակ նշեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը` նշելով, որ առաջիկա օրերին ՀԽ-ն պետք է նշված հարցերի շուրջ իր եզրակացությունը և առաջարկությունները ներկայացնի կառավարությանը:

Նիստին զեկույցով հանդես եկող փոխգյուղնախարար Սամվել Ավետիսյանը նշեց, որ 2010-ը գյուղատնտեսության համար անբարենպաստ տարի էր բոլոր առումներով. անցած տարի արձանագրվել է 13,5 տոկոս անկում: Ավետիսյանը նշում է, որ հետևանքների հաղթահարումը հեշտ չի լինի. դրա վկայությունը աշնանացանի հետ կապված խնդիրներն են` 2010-ին  ցանքատարածությունները կազմել են 81 հազար հա, իսկ այս տարի` 60-70 հազար հա:

Ավետիսյանի խոսքով` խնդիրը լուծելու համար որոշվել է 1000 տոննա որակյալ գարնանացան սերմնացու ներկրել և հատկացնել ֆերմերական տնտեսություններին:

Անդրադառնալով կրծողների դեմ պայքարին` Ավետիսյանը նշեց, որ այս տարի թունաքիմիկատները կհատկացվեն գյուղացիներին, որպեսզի ամեն մեկը իր տարածքում պայքարի վնասատուների դեմ: Փոխգյուղնախարարի խոսքով` այս մեթոդը փորձարկվել է հինգ տարի առաջ և ավելի արդյունավետ է, քան կենտրոնացված պայքարը:

Կրծողների դեմ արդյունավետ պայքարի միջոց է նաև ուշ աշնանային ոռոգումը, որից հողը սառցակալում է, և կրծողները սատկում են: Ավետիսյանի խոսքով, սակայն, ոռոգման համակարգի հետ առկա խնդիրների պատճառով ուշ աշնանային ոռոգում իրականացնել չի ստացվում, ուշանում է նաև վաղ գարնանային ոռոգումը, որն էլ արդեն ազդում է բերքատվության վրա. «Սածիլները չորանում են, իսկ ջուրը զուր տեղը հոսում է դեպի Արաքս»:

Խորհրդային տարիների համեմատությամբ` բավարար չէ նաև գյուղտեխնիկայի վիճակը: Անկախության 20 տարիների ընթացքում, ըստ Ավետիսյանի, երկիր է ներկրվել  ընդամենը 885 տրակտոր և 116 հացահատիկ հավաքելու կոմբայն, այն էլ օտարերկրյա դրամաշնորհների միջոցով. «տեխնիկայի ձեռքբերումը թանկ հաճույք է»: Խնդիր է նաև գյուղտեխնիկայի բաշխումը չափազանց շատ և մանր տնտեսությունների պարագայում:

Ավետիսյանը նշում է, որ մանր գյուղացիական տնտեսությունները միայն խոչընդոտում են գյուղատնտեսության զարգացմանը:  «Մշակվել է տնտեսությունների խոշորացման հայեցակարգ, որի լուրջ ուղղություն է կոոպերացիան»,- ասում է Ավետիսյանը` հավելելով, որ առաջիկայում կոոպերացիային պետական աջակցության ձևերը կսահմանվեն օրենսդրորեն:

Փոխգյուղնախարարը նշում է, որ ներկայումս չի օգտագործվում վարելահողերի 37 տոկոսը: Ըստ ուսումնասիրությունների` հիմնական պատճառներն են ֆինանսական միջոցների անբավարարությունը, վարկերի դժվարամատչելի լինելը և հողերի մասնատվածությունը և համայնքից հեռու գտնվելը: «Փաստորեն շատ դեպքերում գյուղացուն ավելի ձեռնտու է վարելահողը վերածել խոտհարքի, քան թե մշակել:  Նման պարագայում անհրաժեշտ է իրականացնել հողերի խոշորացման ծրագիր»:

Շարունակելով գյուղատնտեսության ոլորտի փոփոխությունների թեման` Ավետիսյանը նշում է, որ կկրճատվի գյուղական խորհրդատուների համակարգը. մարդիկ այստեղ տարեկան աշխատում են 5-6 ամիս, սակայն աշխատավարձ են ստանում ողջ տարվա համար: Փախարենը յուրաքանչյուր տարածաշրջան կունենա մեկ խորհրդատու, որն էլ կուսումնասիրի տվյալ տարածքում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, կկազմի տարեկան ծրագիր և, ըստ այդմ, մասնագետները տեղում սեմինարներ կկազմակերպեն բնակիչների համար:

Խարհրդային տարիներին 869 կոլտնտեսություններում աշխատել են 11 հազար մասնագետ-խորհրդատուներ: Այժմ ողջ խորհրդատվական համակարգում աշխատում է շուրջ 300 մարդ, որոնցից միայն 132-ն են մասնագետ-խորհրդատուներ:  Ըստ Ավետիսյանի` ներկայիս համակարգն արդյունավետ չէ, խորհրդատուների ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, չեն հասցնում բոլոր բնակավայրեր այցելել: «Մեզ պետք է որակ, ոչ թե քանակ»,-ասաց Ավետիսյանը` նշելով, որ ներկայումս խորհրդատուների կազմը թույլ է ու երբեմն  «ամոթ էլ է նրանց խորհրդատու կոչել»:

Հանձնաժողովի անդամ Դոլորես Ղափանցյանի նկատառմանը, թե ավելի ճիշտ չի լինի ամեն գյուղում ունենալ մեկ որակյալ գյուղատնտես և անասնաբույժ, ոչ թե պետական փողերը վատնել տարբեր օղակների վրա, Ավետիսյանը նշեց.«Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, պետք է միշտ առաջ նայենք: Քանի դեռ սնապարծ ենք ու կարծում ենք, որ սովորելու ոչինչ չունենք, կմնանաք այս մակարդակում»:

Առաջարկ եղավ նաև խորհրդատվության համար կիրառել հեռուստատեսությունը` այն համարելով տեղեկատվությունը գյուղացուն հասցնելու արդյունավետ միջոց: Ավետիսյանը նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում` հեռուստաեթերում նորից գյուղատնտեսական հաղորդաշար ունենալու համար:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply