Տիգրան Սարգսյանն ընդունել է Սքոթ Յակոբսին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2011 16:01

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենակի կողմից հրավիրված կարգավորիչ բարեփոխումների ոլորտի առաջատար փորձագետ Սքոթ Յակոբսին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Սքոթ Յակոբսը կառավարության ղեկավարին է ներկայացրել կարգավորիչ բարեփոխումների վերաբերյալ համաշխարհային փորձը, անդրադարձել այդ ոլորտում աշխարհի տարբեր պետությունների լավագույն փորձառությանն ու Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ բարեփոխումների անցկացման հնարավորություններին:
Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում պետական կարգավորման արդյունավետ համակարգի կատարելագործման կարևորությանն ու կարգավորիչ դաշտի ազդեցության գնահատման խնդիրներին: Սքոթ Յակոբսը կարևորել է այն հանգամանքը, որ տարածաշրջանի պետությունների մեջ Հայաստանն այս հարցում առաջատար դիրք ունի: Նշվել է, որ կարգավորիչ ոլորտի բարեփոխումները հանգեցնում են տնտեսական աճի, վարչարարության բարելավմանն ու բարերար ազդեցություն են ունենում թե´ ներդրումային, թե´ գործարար միջավայրի վրա:
Սքոթ Յակոբսը զբաղեցնում է կարգավորիչ բարեփոխումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Jacobs & Associates»-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Ընկերությունը կարգավորիչ բարեփոխումների ոլորտի ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 80 երկրներում:

Դիտվել է 1717 անգամ:
Print Friendly

Leave a Reply