ՄԱԿ-ը տագնապ է հնչեցնում. պարենի գները հասել են ռեկորդային բարձրության

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 4, 2011 13:19

Դեկտեմբերի համեմատությամբ`ամենամեծ աճն արձանագրվել է կաթնամթերքների   գծով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  (FAO)  համաթիվը հունվարին հասել է 231 կետի, ինչը 3,4%-ով բարձր է 2010 թ. դեկտեմբերի համաթվից և ավելի բարձր է 2008 թ. հունիսի համաթվից, երբ ամբողջ մոլորակում “պարենային” հուզումների ալիք էր բարձրացել:

Այդ հուզումներն առավել ցայտուն էին Հաիթիում, Կամերունում և Եգիպտոսում: Հունվարյան համաթիվը հասել է ամենաբարձր ցուցանիշի սկսած 1990 թվականից, և ի դեպ, անշեղորեն աճում է արդեն 7 ամիս, ինչը FAO-ի տնտեսագետ Աբդուլռեզա Աբբասինայի խոսքով` չի կարող չանհանգստացնել:

Հունվարին համաթիվն աճել է բոլոր հիմնական ցուցանիշների հիման վրա, բացի մսից և մի խումբ մթերքներից: Օրինակ` հացահատիկների գծով համաթիվը հասել է 245 կետի: Ցորենի և այլ հացահատիկների գինը կտրուկ բարձրացավ Ավստրալիայի ջրհեղեղների պատճառով, որը ցորենի ամենխոշոր արտահանողներից է:

Բրնձի գնի աննշան նվազումը բացատրվում է նրանով, որ հատկապես հունվարին է շատ երկրներում տեղի ունենում բրնձի բերքահավաքը:

Դեկտեմբերի համեմատությամբ` գների ամենամեծ աճն արձանագրվել է կաթնամթերքների գծով` 6,2%: Դրան նպաստել է թե’ մատակարարման նվազումը, թե’ զարգացող երկրներում, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը, պահանջարկի շարունակվող աճը:

Մսի գնի համաթիվը մնացել է 166 կետի վրա, չնայած Եվրոպայում այն անկում է ապրել, որտեղ աղմուկ բարձրացավ` կապված դիոքսինով վարակված կերի հետ: Բրազիլիայում և Միացյալ Նահանգներում մսի գները, ընդհակառակը, մի քիչ աճել են:

Պաշարների կրճատման պատճառով նշանակալիորեն թանկացել է նաև շաքարը: Կապված այն մտավախությունների հետ, որ Յասի փոթորիկը վնաս կհասցնի Ավստրալիայում շաքարեղեգի բերքահավաքին, սպիտակ շաքարի գները հասել են ռեկորդային նիշի:

Պարենի բարձր գների հարցում պակաս դեր չեն խաղացել Ալժիրի և Թունիսի հակակառավարական ցույցերը, որոնք  անցան նաև արաբական աշխարհի մյուս երկրներ: Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը կոչ է արել աշխարհի առաջնորդներին մեծ ուշադրություն դարձնել պարենի հարցերին և անհապաղ միջոցներ ձեռնարկել պարենի գները իջեցնելու ուղղությամբ:

“Մենք բախվել ենք հումքի գների բարձրացման լայնամասշտաբ միտումներին,- զգուշացրել է նա,- ներառյալ սննդամթերքի գները”:

Պղնձի մի տոննայի գինը օրերս հասել է ռեկորդային 10 հազար դոլարի, իսկ նավթի Brent ապրանքանիշի մի բառելի գինը հասել է 103,37 դոլարի:

Զախար Ռադով

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply