Մաքսազերծման գինը կրկնակի բարձրացել է. որտե՞ղ է «թաղված շան գլուխը»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 3, 2011 15:03

Արդեն շաբաթից ավելի է, որ կառավարության ու տրանսպորտի և կապի նախարարության շենքերի դիմաց  քաղաքացիները ցույցի են դուրս գալիս: Նրանք բողոքում են դրսից ներկրվող ապրանքների գների բարձրացման դեմ:

Ցուցարարների հիմնական դժգոհությունն այն է, որ մաքսազերծման գինը ապրանքի մեկ  կգ-ի համար գրեթե կրկնակի թանկացել է: Թուրքիայից ներկրվող 1 կգ հագուստի գինը 4 դոլարից դարձել է 8 դոլար, իսկ Չինաստանից ներկրվող ապրանքի գինը` 7 դոլարից 14 դոլար: Ներկրող կազմակերպությունները պատճառաբանել են, որ այդ մասին հրահանգը վերևից է իջեցված:

Թուրքիայից, Սիրիայից և այլ երկրներից ապրանք տեղափոխելու և մաքսազերծելու համար Հայաստանի քաղաքացիները դիմում են բեռնափոխադրող ընկերություններին, օրինակ`  «Կովկաս տուր», «Նարինե», «Դեյվիդ տուր», «Չորս ընկեր» ՍՊԸ և այլն, որոնք էլ բարձրացրել են մաքսազերծման գումարի չափը:

Քաղաքացիները դիմում են կառավարության, քաղաքապետարանի, մաքսային ծառայության ներկայացուցիչներին՝ իրավիճակին լուծում տալու համար: Կառավարությունն ընդունել է մի քանի ցուցարարների, նրանց ասվել է, որ  մաքսատուրքերն ավելացնողը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններն են, և գործադիրը  կապ չունի դրա հետ:

Արտակ Գեղամյանը, որ տոնավաճառում շորերի առևտրով է զբաղվում «Անկախին» ասաց, որ ամեն ինչ Հայաստանում իրականացվում է վերևներից եկած հրահանգով. «Եթե ստեղ մի բան ա լինում, էդ մասին հնարավոր չի, որ վերևները չիմանան»: Նա ասում է, որ ժողովրդի համբերությունը մի օր կհատի ու կվերաճի հեղափոխության: «Եթե երկրիդ վարչապետի պետքը չի, թե իր քաղաքացիները ոնց են ապրում, ուրեմն մենք էլ դուրս կգանք նրանց դեմ»,- ասում է նա:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը հայտարարել է, որ 2011թ. հարկման դաշտում  օրենսդրական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մաքսային արժեքի որոշման գործընթացը տեղի է ունենում այն նույն սկզբունքներով, ինչ մինչ այդ էր:  Սաղոյանը շեշտել է, որ մաքսային արժեքի որոշման դեպքում «կիլոգրամ» հասկացություն գոյություն չունի: Մասնավորապես հագուստի, կոշիկի և նման այլ ապրանքների դեպքում չափման միավորը հատն է կամ զույգը:

Թուրքիայի հետ իրականացվող ողջ առևտուրը անլեգալ է: Մաքսատուրքը չի հաշվվում  կիլոգրամով: Մաքսակետերում ապրանքը  գրանցվում է ըստ տեսակի և քանակի:

Թուրքիայից ապրանք բերողները նախընտրում են խուսափել մաքսազերծման այդ եղանակից, քանի որ այդ դեպքում պետք է վճարեն ԱԱՀ, ուստի այդ հարցը «լուծում են» միջնորդ` բեռնափոխադրող ընկերությունները և մաքսային մարմինների հետ ունեցած պայմանավորվածության հիման վրա մաքսազերծումը կազմակերպում ըստ  կիլոգրամների:

Վարչության պետի պարզաբանմամբ՝ մաքսային տեսանկյունից ցույցին մասնակցող որևէ առևտրական հայտարարատու չի հանդիսանում, այսինքն` իր գործունեությունը իրականացնում է միջնորդ կազմակերպությունների միջոցով, որպիսիք են բեռնափոխադրող ընկերությունները:

ՊԵԿ-ի հարկային տեսչությունների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանն էլ հայտնել է, որ  դժգոհում են այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր իրենց իրական շրջանառությունները թաքցնելու կամ հարկերից խուսափելու պատճառով իրենց գործունեությունն իրականացնում են միջնորդ կազմակերպությունների միջոցով: Իսկ թե ինչու են  միջնորդ կազմակերպությունների ծառայությունները թանկացել,  այժմ ուսումնասիրություններ են տարվում:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն «Անկախին» ասաց, որ այս հարցադրումը պետք է ուղղել կառավարությանը. «Ինքս կփորձեմ  օգտագործել խորհրդարանական ամբիոնն այդ հարցադրումը կառավարությանը հասցնելու համար»:

Դալլաքյանը արձանագրում է փաստը. մարդիկ այսօրվա գործազրկության բարձր մակարդակի պայմաններում, երբ լուրջ երկարաժամկետ զբաղվածության ծրագրեր չկան,  ինքնուրույն զբաղվում են առևտրով, բայց նրանց համար ստեղծվում են անընդունելի պայմաններ: «Հարց է առաջանում, թե ո՞ր օղակում է ինչ-որ բան տեղի ունեցել, որովհետև կառավարությունն ասում է, որ դա մաքսայինի գործն է, մաքսայինը հղում է անում  բեռնափոխադրող ընկերություններին, այսինքն` ստեղծվում է անհասկանալի փակ շղթա,- ասում է նա,- բայց փաստ է, որ մարդիկ տուժում են, իսկ  դա շատ  բացասական է, որովհետև պետությունն առանց այդ էլ չի կարողանում մարդկանց աշխատանքի տեղավորել»:

Դիտվել է 2726 անգամ:
Print Friendly

Leave a Reply