ՌԴ-ից ներկրված բնական գազի ծավալները 2010 թ-ի ընթացքում նվազել են մոտ 12 տոկոսով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 12:04

Ռուսաստանի Դաշնությունից մեր հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2010 թ-ի ընթացքում նվազել են 11,6 տոկոսով` կազմելով 1440.1 մլն խմ` 2009թ-ի 1628.7 մլն-ի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, նշված ժամանակահատվածում իրացման ծավալները նվազել են 18 տոկոսով եւ կազմել 1361.7 մլն խմ` 2009թ-ի 1660.8 մլն-ի դիմաց: Իրացումը կատարվել է նաեւ ներքին պաշարների հաշվին:

Նախորդ տարվա համեմատ` 14,9 տոկոսով նվազել է բնական գազի սպառումը բնակչության կողմից` կազմելով 471.0 մլն խմ` 2009թ.-ի 553.2 մլն-ի դիմաց: Զգալիորեն նվազել է էներգետիկայի հատվածի իրացումը: Այն կազմում է 145.2 մլն խմ կամ 60,3 տոկոսով պակաս նախորդ տարվա համեմատ: 11,2 տոկոսով նվազել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից` կազմելով շուրջ 156.4 մլն խմ:

Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները` 270.8 մլն խմ, ինչը 4,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 4,2 տոկոսով ավելացել են ավտոգազալիցքավորման ճնշակայանների`ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները` կազմելով 318.2 մլն խմ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2010 թ-ի ֆինանսական տարվա տվյալներով` առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում ընկերության կողմից վճարվել է 16,5 մլրդ դրամի հարկ:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply