Հնագետները գտել են Վիետնամական մեծ պարիսպը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 28, 2011 21:35

“Սա ամենաերկար հուշարձանն է Ասիայի հարավարևելյան տարածքում”,- ասել է պրոֆեսոր Ֆան Հուի Լեն (Phan Huy Lê)` Վիետնամի պատմաբանների ընկերութան նախագահը: Պարիսպը մի քանի հատված ունի` կառուցված քարով կամ հողով: Որոշ հատվածներում պարսպի բարձրությունը հասնում է 4 մետրի:

2005 թ. դոկտոր Էնդրյու Հարդին (Andrew Hardy), որ Ասիայի հետազոտությունների Ֆրանսիայի դպրոցի Հանոյի մասնաճյուղի ղեկավարն ու պրոֆեսորն է, 1885 թվականի մի փաստաթղթում, որ կազմվել է իշխող Նգուեն դինաստիայի պալատում և վերնագրված է “Կայսր Դոնգ Կհանյի նկարագրական աշխարհագրություն”, հայտնաբերել է մի տարօրինակ հիշատակում` “Կուանգ Նգայի երկար պարիսպ”:

Այս հակիրճ հիշատակումը խոշոր հետազոտական ծրագրի և բազմաթիվ հնագիտական գիտարշավների շարժառիթ դարձավ, որոնք գլխավորում էին Հարդին և դոկտոր Նգուեն Տյեն Դոնգը (Nguyen Tien Dong)` Վիետնամի հասարակական գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի աշխատակիցը: Հինգ տարվա աշխատանքներից հետո պարիսպն այնուամենայնիվ գտան:

Երկար պատի շինարարությունը

Այն ձգվել է հյուսիսից հարավ, Կուանգ Նգայ և Բին Դին նահանգներով: Ամենայն հավանականությամբ, դա Նգուեն դինաստիայի ամենամեծ կառույցն է: Երկար պարսպի շինարարությունը սկսվել է 1819 թ. Լե Վան Դույետի` Զյա Լոնգ կայսրի մոտ ծառայող բարձրաստիճան մանդարինի ղեկավարությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ տեղի բնակիչները այդ պարիսպն անվանել են “Մեծ վիետնամական”, այն ավելի շատ նման է Ադրիանի պատնեշին, որը կառուցել են հռոմեացիները Բրիտանական կղզիներում, և որը պայմանական սահման էր ծառայում Անգլիայի և Շոտլանդիայի միջև: Երկար պարիսպը, ինչպես և Ադրիանի պատնեշը, կառուցվել է նախկինում գոյություն ունեցած ճանապարհի երկարությամբ: Այն իրար է միացրել 50 հին ամրոցներ, որոնց պահակազորը պետք է կարգուկանոն հատատեր և հետևեր հարկերի վճարմանը:  Հնագետները պարզել են, որ շատ ամրոցներ, շուկաներ ու տաճարներ` կառուցված ճանապարհի եզրին, շատ ավելի հին են եղել, քան բուն պարիսպը: Իսկ XIX դարի պարիսպը պետք է սահմանազատեր տարածքները և օգներ վերահսկելու առևտուրը հովիտներում ապրող վյետաների և լեռնային շրջաններում ապրող հրե ցեղերի միջև:

Շատ հնարավոր է, որ երկու ժողովուրդն էլ մասնակցել են պարսպի կառուցմանը: Հետազոտողների կարծիքով` նման պատնեշի կառուցումը թե վյետների, թե հրեների շահերից էր բխում: Իսկ վիետնամական այդ “աշխարհի հրաշալիքի” երկու կողմերի տեղական բնակիչները պատմում են, թե ինչպես են իրենց պատվարժան նախնիները կառուցել պարիսպը, որպեսզի պաշտպանեն իրենց տարածքները ուրիշ երկրների ներխուժումներից:

Համաշխարհային մշակութային ժառանգության նոր օբյեկտ

Հիմա կառավարությունը քննարկում է Երկար պարիսպը մշակութային ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու մասին դիմումը, իսկ հետագայում նրանք հույս ունեն այդ հուշարձանը դարձնել Վիետնամի զբոսաշրջության հիմնական կենտրոններից մեկը: 2010 թ. այստեղ ժամանեց մասնագետների միջազգային խումբը, և Քրիստոֆեր Յանգը (Christopher Young)` English Heritage-ին առընթեր միջազգային խորհրդի ղեկավարը, ասել է, որ “Երկար պարիսպը հետազոտողներին ուսումնասիրությունների, խնամքով կոնսերվացման և խելամիտ օգտագործման մեծ հնարավորություններ է ընձեռում”:

«INFOX.ru»

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply