Ի՞նչ է հայցը և ի՞նչ տարրերից է այն բաղկացած

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 30, 2011 14:00

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: Իսկ դատական կարգով իրավունքների պաշտպանության և վերականգնման համար անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթի առկայություն, որի հիման վրա կսկսվի խախտված կամ վիճարկվող իրավունքի վերականգնման կամ պաշտպանության ընթացակարգը: Այդ փաստաթուղթը հայցն է (հայցադիմումը, դիմումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` «շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար», իսկ 3-րդ հոդվածի համաձայն` «դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա»:

«Հայց» եզրույթը նշանակում է որոնել, փնտրել, հասնել պաշտպանության: «Հայց» և «հայցի իրավունք» հասկացություններն անցել են զարգացման երկարատև ուղի` սկսած հին Հռոմից մինչև մեր օրերը: Հայցն ի հայտ է եկել քաղաքակիրթ հասարակությունում, այն եկել է փոխարինելու պաշտպանության բարբարոսական միջոցներին` արյան վրիժառությանը, կամայական դատաստանին և այլն:

Գոյություն ունեն «հայց» հասկացության բազմաթիվ սահմանումներ, սակայն ավելի ընդունելին կարելի է համարել այն, ըստ որի` հայցը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության քաղաքակիրթ միջոց է, որը սահմանում է դատարանում քաղաքացիական գործերի քննման և լուծման համար պաշտպանության եղանակն ու դատավարության ձևը, իսկ հայցի իրավունքը դատարան դիմելու օրենքով ապահովված հնարավորություն է` խախտված իրավունքների պաշտպանության, վերականգնման կամ իրավունքում անորոշությունը վերացնելու համար: Դատարանը կամ միջնորդ դատարանը խախտված կամ վիճարկվող սուբյեկտիվ իրավունքի կամ օրինական շահի պաշտպանությանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ շահագրգիռ անձը կամ այլ անձանց իրավունքների պաշտպանությամբ հայց հարուցելու իրավասություն ունեցող մարմինները, կազմակերպությունները կամ առանձին քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով հայց են հարուցում:

Հայցը սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության միջոց է: Սակայն դատարան դիմելու հետ միասին հայցվորի կողմից պատասխանողին պետք է ներկայացվի որոշակի նյութաիրավական պահանջ: Ընդ որում, դատարանն իրեն տրվող հայցադիմումի հիման վրա և դատավարական կարգով պետք է ստուգի հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող նյութաիրավական պահանջի օրինականությունն ու հիմնավորվածությունը և դրա հիման վրա իր վճռով բավարարի կամ մերժի:

Որպեսզի հայցը չմերժվի դատարանի կողմից, բացի այն, որ պետք է ունենա օրինական հիմք և հիմնավորված լինի, պետք է համապատասխանի որոշակի պահանջների, ունենա հայցին բնորոշ տարրեր: Գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունն առանձնացնում է հայցի երկու տարր` հայցի առարկան և հայցի հիմքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները, այսինքն` հայցվորի` իրավունքի խախտումը կամ վիճարկումը վերացնելու և այն վերականգնելու մասին պատասխանողին ուղղված պահանջը:

Իսկ 87-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հայցադիմումում պետք է նշված լինեն այն հանգամանքները, որոնց վրա են հիմնվում հայցապահանջները: Հայցի հիմքն են կազմում իրավաբանական փաստերը, որոնց հիման վրա հայցվորը հիմնավորում է պատասխանողի նկատմամբ իր նյութաիրավական պահանջը: Իրավաբանական փաստերը հանգամանքներ են, որոնք ստեղծում, փոփոխում են կողմերի իրավունքները և պարտականությունները կամ էլ խոչընդոտում են դրանց ծագումը: Այդպիսի իրավաբանական փաստեր կարող են լինել պայմանագրի կնքումը, ամուսնությունը և այն ՔԿԱԳ մարմնում գրանցելը, վնաս պատճառելը և այլն:

Չի բացառվում, և  դա բնական է, որ շատ քաղաքացիներ չեն տիրապետում հայց գրելու և ներկայացնելու «արվեստին»: Այդ գործին տիրապետում են իրավաբանները, առաջին հերթին` փաստաբանները: Սակայն հաշվի առնելով քաղաքացիների որոշ հատվածի անվճարունակությունը և սույն խնդրում նրանց խորհրդատվություն տալու անհրաժեշտությունը` առաջիկա հոդվածներից մեկում կանդրադառնանք այդ հարցին:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 6930 անգամ:
Print Friendly

Leave a Reply