Ազգային գրադարանն ընկել է դատարանների դռները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 31, 2011 0:35

Անցած տարվա դեկտեմբերի 25-ին, ամփոփելով 2010-ի արդյունքները, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հատկապես կարևոր համարեց այն իրողությունը, որ ընտրության մի բարդ գործընթաց հաղթահարելու արդյունքում Երևանը կարողացավ նվաճել 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Սակայն տիկին նախարարը չմանրամասնեց, թե այդ «ընտրության բարդ գործընթացում» ինչ ծանրակշիռ փաստարկներ են եղել, որոնք գործել են Երևանի օգտին:

Հավանաբար Երևանն այդ տիտղոսին արժանացել է այն հանգամանքով, որ որևէ քաղաք չի կարող համեմատվել նրա հետ գրախանութների ու գրադարանների  անողոք ջարդով:

Իսկապես, շատ հետաքրքիր իրողություն է: Գրքի համաշխարհային մայրաքաղաք է դառնում մի երկրի մայրաքաղաք, որը կարողացավ իր ավելի քան 1000 հանրային գրադարաններից վերացնել ավելի քան 300-ը: Եվ նվազման միտումը դեռ անշեղորեն շարունակվում է: Վերջապես, սա այն երկիրն է, որ արդեն 15 տարի է` չի կարողանում «Գրադարանային գործի մասին» օրենք ընդունել. փաստ է, որ դեռ 1990-ականների վերջին մշակված ու բազմիցս վերանայված  նախագիծն այդպես էլ խորհրդարանի օրակարգ չի մտնում: Եվ խոսքն այն ոլորտի օրենքի մասին է, որը ոտքից գլուխ հիմնախնդիր է:

Ի դեպ, հենց նույն 2010-ին ազգային գրադարանի անունը հաճախ էր երևում մամուլում` կապված դրան հարող այգին ավերելու և այլանդակ նորակառույց տնկելու հետ: Մարդիկ հանրահավաքներ ու պիկետներ էին անում, ուզում էին փրկել այգին` չանդրադառնալով, թե ինչ է կատարվում բուն գրադարանի ներսում:

Բայց բավական էր Տերյան փողոցով մի քիչ վար քայլել, որ մազերդ բիզ-բիզ կանգնեին: Թամանյանական փառահեղ շենքի մուտքին (որի լուսանկարն է, ի դեպ, զետեղված բոլոր տպագիր ու էլեկտրոնային հանրագիտարաններում, սա է համարվում գրադարանի դեմքը) հիմա «Հայաստանի ազգային գրադարան» ցուցանակ չկա, փոխարենը լուսամուտներին հսկայական տառերով գրված է` «Դռներ, պատուհաններ…»:  Պարզվում է, որ այս կողմից առհասարակ գրադարանի մուտք չկա, հիմա այդ նախասրահում դռների ու պատուհանների արտադրամաս է գործում: Անմիջապես ընդհանուր ընթերցասրահի տակ գործում է «Կարաոկեն», իսկ մուտքից մի քիչ աջ` «Հալեպ» արևելյան համեմունքների ու քաղցրավենիքի խանութը, և եթե շենքի անկյունից մի քիչ էլ ներս գնանք, կպարզվի, որ այդ թևում էլ ինչ-որ բոդիբիլդինգի սրահ է գործում: Հնարավո՞ր է աշխարհում գտնել մի երկրորդ երկիր, որ իր ազգային գրադարանը հասցներ այսպիսի վիճակի, մի երկիր, որտեղ գիրքն այսպես անկյուն քշված լիներ: Այսքանից հետո ինչպե՞ս կարող էր Հայաստանը չանցնել «ընտրության բարդ գործընթացն» ու չնվաճել գրքի մայրաքաղաքի տիտղոսը:

Եվրոպական զարգացած երկրների նախագահներն իրենց նախագահության վերջին ժամկետում մտածում են հետք թողնել պատմության մեջ և մեծ մասամբ այդ ցանկությունն իրականացնում են ազգային գրադարանի հետ կապված լայնամասշտաբ շինարարությամբ: Օրինակ` Ֆրանսուա Միտերանը  նախաձեռնեց Ֆրանսիայի ազգային գրադարանի նոր շենքի շինարարությունը, մի փառավոր ծրագիր, ահռելի շինություն Սենայի ձախ ափին, որ իսկապես պատիվ է բերում այդ ժողովրդին էլ, նախկին նախագահին էլ:

Մեր նախագահներն էլ, անշուշտ, թե՛ նախկին, թե՛ ներկա, հավանաբար կմնան պատմության մեջ, բայց հակառակ իմաստով:

Հիմա, երբ 2012-ին աշխարհի տարբեր ծայրերից ուրախ-ուրախ հյուրեր գան մեր քաղաք` աշխարհի գրքի մայրաքաղաք, ի՞նչ ենք ցույց տալու: Ինչքա՞ն ենք պատսպարվելու Մատենադարանի ստվերի տակ:

Երանելի նիրհ

Մի 10-15 տարի առաջ բողոքում էինք, որ Հայաստանում ազգային գրադարան կոչվող հաստատություն կա, ցուցանակ կա, բայց իրականում կայացած չէ ազգային գրադարանի ինստիտուտը: Կարճ ասած` անունը կա, ամանում չկա: Հիմա, ինչպես տեսնում ենք, ցուցանակն էլ են իջեցրել. ոչ ամանում կա, ոչ էլ անունը կա:

Բանն այն է, որ «ազգային գրադարան» չի նշանակում սոսկ մի շենք կամ հաստատություն, որի ճակատին «ազգային գրադարան» ցուցանակ փակցված լինի: Ազգային գրադարանը` իր որոշակի գործառույթներով, կարևոր ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր պետության համար և տվյալ ժողովրդի ինքնության կարևոր հենասյուներից է, քանի որ կոչված է պահպանելու նրա հիշողությունը` մտավոր ժառանգությունը:

Այսօր ազգային գրադարանի և դրա գործառույթների տասնյակ սահմանումներ գոյություն ունեն, սակայն բոլոր սահմանումներում անխտիր նշվում է երեք կարևոր գործառույթ: Այդ գրադարանում  հավաքվում է տվյալ երկրի ամբողջ տպագիր արտադրանքը, առանց բացառության, և պահպանվում հավերժության, հետագա սերունդների համար, հավաքվում և պահպանվում է արտասահմանյան գրականության ամենամեծ հավաքածուն տվյալ երկրում, և ստեղծվում է ազգային մատենագիտությունը` հետադարձ և ընթացիկ:

Մինչև Հայաստանի անկախացումը այս գրադարանը, երբ դեռ «ազգային» անվանում չէր ստացել, դե ֆակտո կատարում էր հայրենական և արտասահմանյան գրականությամբ համալրվելու գործառույթները, քանի որ օժտված էր պարտադիր օրինակի արտոնությամբ (ստանում էր հայրենական հրատարակությունների անվճար պարտադիր օրինակները և արտասահմանյան հրատարակությունների վճարովի պարտադիր օրինակները): Սակայն հարցականի տակ էր պահպանության խնդիրը, քանի որ գրքերը հավերժորեն պահպանելու համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ, շենքի հատուկ նախագիծ և հատուկ սարքավորումներ, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում պահոցներում որոշակի լուսավորություն, ջերմաստիճան ու խոնավություն պահպանվի: Գրադարանի թամանյանական շենքը նման պայմաններ չուներ, թեպետ ճարտարապետը հանճարեղորեն այնպես էր այն նախագծել, որ ամռանն այստեղ բավական զով էր, ձմռանը` տաք: Էլ չենք ասում սարքավորումների մասին, բավական է միայն նշել, որ գրադարանի աշխատակիցներն անձեռնմխելի բաժնում խոնավություն ապահովելու համար նախնադարյան միջոց էին գործածում` ջրով լի դույլեր էին դնում:

Իրավիճակը շտկելու համար խորհրդային տարիներին նոր մասնաշենք կառուցվեց, սակայն մի պաշտոնյայի  ավտոտնակի պատճառով ահռելի սարքերը տեղադրեցին ոչ թե շենքի հարևանությամբ, ինչպես նախագծված էր, այլ շենքի մեջ, ու այնուհետև չկարողացան դրանք գործարկել, քանի որ դրանց աշխատանքից շենքը տատանվում էր: Այնպես որ այդ պանելային շենքում գրքերը շատ ավելի կարճ կյանք ունեն, քան հին շենքում:

Ներկայումս պահպանության հիմնախնդրին գումարվել է համալրման խնդիրը, վերջին 20 տարում տպագրված գրքերի մի զգալի հատված ազգային գրադարան չի հասել, և վերջին տարիներին ընդունված պարտադիր օրինակի մասին օրենքն էլ առանձնապես իրավիճակը չի փրկել: Այս պարագայում,  բնական է, ավելորդ է խոսել արտասահմանյան գրականության լիարժեք համալրման մասին: Իսկ ինչ վերաբերում է ազգային մատենագիտությանը, ապա ընթացիկ արձանագրային մատենագիտության գործառույթը կատարում է ազգային գրապալատը, որ իր հերթին բազմաթիվ հիմնախնդիրներ ունի: Մեր աղքատիկ բյուջեի պայմաններում,  չգիտես ինչու, պահպանելով խորհրդային տարիների ավանդույթը, այս գործի համար պահում ենք երկու հաստատություն, և բնականաբար, երկուսի համար էլ լիարժեք պայմաններ չենք ստեղծում:

Հիմա, ունե՞նք մենք ազգային գրադարան: Եվ ինչո՞ւ այս խնդիրը երբևէ չի մտահոգում մեր գրքասեր ժողովրդի իշխանություններին: Ինչքա՞ն պիտի քնենք մեր անցյալի դափնիների վրա:

Ասել, թե գրադարանի ղեկավարությունն այս մասին չի մտածում, արդար չի լինի: Գրադարանի հետ կապված բոլոր խոսակցություններում այս խնդիրներն արծարծվում են, բայց, ըստ երևույթին, ոչ այնպես, որ իշխանությունների ականջին հասնեն:  Սակայն արդարությունը պահանջում է ասել, որ հիմնական խնդիրները չլուծած` գրադարանը որդեգրել էր մերժելի գործելաոճ. տարիներ շարունակ իր սուղ տարածքները վարձակալության էր տալիս տարբեր հաստատությունների: Մի քանի տարի առաջ այստեղ նույնիսկ ինչ-որ քոլեջ էր գործում, որ ոչ մի կերպ, ոչ մի փաստարկով հնարավոր չէր արդարացնել:

Ֆրանսիայի ազգային գրադարանի շենքը

Ֆրանսիայի ազգային գրադարանի շենքը

Բայց, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել մշակույթի նախարարի հետ: Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարելը դրական ազդեցություն է թողել:  Պատասխանատու անձինք իրար են անցել: Վերջապես նորոգում են շենքը, ավելին, նույնիսկ մտածում են գրքի թանգարան ստեղծելու մասին, որպեսզի մեր 500-ամյա տպագիր հարստությունը հպարտորեն ներկայացնեն հյուրերին: Ահա և ձեռնամուխ են եղել առկա վարձակալների հետ պայմանագրերը խզելու գործին, ինչն էլ նրանց դատարանների դռներն է հասցրել:

Վարձակալների հետ պայմանագրերը խզելու նախաձեռնությունը մի այլ պատճառ էլ ունի. ներկայիս գործող օրենսդրությամբ պետական շինություններն անհատույց  տրվում են դրանք զբաղեցնող հաստատություններին: Սակայն գրադարանը չի կարողանում սեփականության վկայական ձեռք բերել, քանի որ կադաստրը մատնացույց է անում կառույցի այն խախտումները, որոնք կատարել են հիշյալ վարձակալները. լուսամուտը դարձրել են դուռ, աստիճաններ են ավելացրել և այլն:

Սակայն պարզվում է, որ գրադարանի վարձակալները, որոնց հետ գրադարանը տարիներ շարունակ խաղաղ գոյակցել է, ոտները դրել են մի մաշիկի մեջ ու դուրս չեն գալիս: Նրանց գիրք, 500-ամյակ, գրքի մայրաքաղաք ու նման բաներ չեն հետաքրքրում, և պատճառաբանում են, որ իրենց պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ին: Բացի այդ, մարդիկ որոշակի ներդրումներ են արել վարձակալած տարածքներում և չեն ցանկանում իրենց միջոցները քամուն տալ:

Հունվարի 20-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ գրադարանի վարձակալներից մեկի` «Արթուր և Եկատերինա» ընկերության («Կարաոկե») վտարման հայցով դատավարությունը (դատավոր՝ Եսոյան): Վճիռը կհրապարակվի փետրվարի 4-ին:

Դատավարության ընթացքից պարզ դարձավ, որ գրադարանի նկուղային տարածքը 2004 թ. վարձակալել է քաղաքացի Սասուն Հայրապետյանը, որն էլ իր հերթին 2007 թ.  այն վարձակալության է տվել նշված ընկերությանը:  Պատասխանող կողմը փորձում է ապացուցել, որ պայմանագրի պայմանները չի խախտել, ուստի իրեն վտարելու հիմքեր չկան: Մինչդեռ հայցվորը` պետական գույքի կառավարման վարչությունը, ճիշտ հակառակ կարծիքի է: Բավական նուրբ իրավիճակ է, եթե, մանավանդ, հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիշյալ Սասուն Հայրապետյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականն է, իսկ այդ հաստատությունը, ինչպես գիտենք, արդի հայ իրականությունում ազդեցիկների շարքից է:

Ի՞նչ օրենքներ են մեզանում գործում, որ երկրի առանցքային մշակութային օջախներից մեկը հասել է նման իրավիճակի, ինչպե՞ս են կնքվել այդ պայմանագրերը, ի՞նչ պայմաններով, ո՞ւմ առաջարկով և ո՞ւմ թողտվությամբ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կփորձենք պարզել հաջորդ համարում, երբ համապատասխան տեղեկություններ ստանանք պետական գույքի կառավարման վարչությունից:


Դիտվել է 3157 անգամ:
Print Friendly

Leave a Reply