Բաքու գնա՞լ, թե՞ ոչ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 2, 2011 0:12

Բռնցքամարտը Հայաստանում դասվում է այն մարզաձևերի շարքը, որոնց ներկայացուցիչներից մեդալներ ենք ակնկալում խոշորամասշտաբ միջազգային մրցաշարերում, այդ թվում նաև` օլիմպիական խաղերում: Հետաքրքիր է, թե ինչ փորձություններ են սպասում 2011-ին Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետներին,  և ինչ խնդիրներ են դրված նրանց առջև: Ահա թե այդ մասին ինչ ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:

– Նոր մրցաշրջանը հարուստ է մեկնարկներով, սակայն դրանցից ամենագլխավորը  սեպտեմբերի 14-30-ը  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Այն ուշագրավ է հատկապես այն առումով, որ մեդալներից բացի, խաղարկվելու են  նաև 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այդպիսի իրավունքի են արժանանալու աշխարհի առաջնությունում տարբեր քաշային կարգերում մրցանակակիր դարձած բռնցքամարտիկները:

Արդեն հաստատ որոշվե՞լ է, որ Հայաստանը պատվիրակներ է ուղարկելու այդ ստուգատեսին: Օրինակ` նախատեսված էր, որ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը պետք է մասնակցեր վերջերս Բաքվում կազմակերպված «Մաստերս» միջազգային մրցաշարին, որ նույնպես օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր, սակայն վերջին պահին նպատակահարմար չէր գտնվել մեր երկրի ներկայացուցչի ուղևորվելը Ադրբեջան:

– Նույնիսկ խոսակցություն չկա, որ կարող է բաց թողնենք աշխարհի առաջնությունը, չնայած այն հանգամանքին, որ 2010-ին Հայաստանի պատվիարակությունը, որ Ադրբեջան էր ժամանել մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը, որը Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր, խայտառակ ընդունելության արժանացավ: Մերոնց տեղավորել էին  գրեթե բանտային պայմաններ ունեցող մեկուսացված կացարանում, առանց հեռախոսային, ինտերնետային կապի, սնունդը` անորակ: Իսկ մրցումների ընթացքում Հայաստանի  ներկայացուցիչների հասցեին ինչ ասես, որ չէին ասել,  ավելին` նրանց վրա տարբեր առարկաներ էին նետել: Մի բան ակնհայտ է, որ առաջիկա աշխարհի առաջնության կազմակերպիչները հնարավորը կանեն, որ Բաքվում, ի պատիվ Հայաստանի հավաքականի որևէ բռնցքամարտիկի հաջողության, չբարձրացվի եռագույնը: Իսկ մեր խնդիրը կլինի հնարավորինս շատ մրցանակակիրներ, այսինքն`  նաև օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած մարզիկներ ունենալ:

Ի՞նչ է անհրաժեշտ դրան հասնելու համար:

– Պետք է լավ  նախապատրաստվել: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նախապատրաստական ծրագիր է կազմել, որն իրականացվում է: Հայաստանի ընտրանին, որի կազմում շուրջ երեք տասնյակ բռնցքամարտիկներ են, հունվարի 8-23-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Թիմը փետրվարի 6-19-ը Աբովյանում ուսումնամարզական պարապմունքների է մասնակցելու: Փետրվարի  20-26-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի մարզապալատում կայանալու է միջազգային ներկայացուցչական մրցաշար: Այդ ստուգատեսին կարողությունները կփորձի հայաստանցի 11  բռնցքամարտիկ: Մարտի 11-17-ին էլ Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքի մարզապալատում կայանալիք միջազգային մրցաշարին:  Ապա Հայաստանի ընտրանին կնախապատրաստվի ապրիլի 11-17-ը Երևանում կայանալիք  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սահմանած մրցանակների խաղարկությանը, որի պարգևատրման հիմնադրամը մեծ է լինելու: Թերևս այն ավելի պակաս չի լինի, քան անցյալ տարի կազմակերպված միջազգային մրցաշարի ժամանակ, որին մասնակցում էին 12 երկրների հավաքականներ: Սպասվում է, որ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցնողներին համապատասխանաբար կհանձնվեն 5 հազար, 3 հազար, հազար դոլար: Ընդ որում, հաղթողի մարզիչն էլ անուշադրության չի մատնվի և կստանա  հազար դոլար: Սիրողական բռնցքամարտում ոչ մի միջազգային մրցաշարում ավելի բարձր դրամական պարգևներ չեն շնորհվում: Ի դեպ, հետո Ղազախստանում էր բռնցքամարտի միջազգային մրցաշար կազմակերպվել, և հաղթողին հանձնվել էր 4 հազար դոլար, այսինքն` ավելի քիչ, քան հայաստանյան ստուգատեսում ուժեղագույն ճանաչվողին: Իսկ Հայաստանի առաջնությունը  կկայանա հունիսին, Երևանում: Որպես կանոն, մեր երկրի առաջնությունը հունվարին էր կազմակերպվում, սակայն այս անգամ հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է փոխել մարտավարությունը և մարզիկներին ուժերը փորձելու հնարավորություն տալ գլխավոր ստուգատեսից, աշխարհի առաջնությունից երկու ամիս առաջ: Մեհրաբյանն արդեն առանձնացրել է այն բռնցքամարտիկներին, ովքեր հավաքականի կորիզն են կազմում, և նրանց շարքերից պետք է կատարվի ընտրությունը: Ի դեպ, Հայաստանի առաջնությունից հետո  Ծաղկաձորում հուլիսի 14-31-ը ուսումնամարզական հավաք կկազմակերպվի, իսկ օգոստոսին մեր երկրի հավաքականի բռնցքամարտիկներն ուսումնամարզական պարապմունքներ կանցկացնեն Ղազախստանի, Ուզբեկստանի կամ Ռուսաստանի հավաքականի հետ: Դրանից հետո կմնա, որ մերոնք հաջող մասնակցեն աշխարհի առաջնությանը: Ի դեպ, լուրեր են շրջում, որ հնարավոր է` այդ ստուգատեսի անցկացման վայրը փոխվի, սակայն  Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան առայժմ այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի արել:

Հայաստանի մեծահասակների հավաքականում դրսից հրավիրված նոր բռնցքամարտիկներ կա՞ն:

– Գյումրիում ծնված, սակայն վերջին տարիներին Սոչիում բնակվող Վլադիմիր Սարուխանյանը ցանկություն է հայտնել համալրելու մեր երկրի հավաքականը: Նա  20 տարեկան է, Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի պատանիների, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Այդ մարզիկի Հայաստանի քաղաքացիության անձնագիր ստանալու հարցն առաջիկայում կլուծվի: Նախատեսվում է, որ Սարուխանյանը հանդես կգա 60 կգ քաշային կարգում, իսկ այդ քաշային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Ջավախյանը մրցումների կմասնակցի  64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականը համալրել է նաև Ուկրաինայում բնակվող ծանրքաշային Արմեն Սիմոնյանը: Չնայած երիտասարդ լինելուն` նա արդեն  դարձել է Ուկրաինայի առաջնության, միջազգային մրցաշարերի հաղթող:

Իսկ Հայաստանի հավաքականը կորուստներ չունի՞: Մասնավորապես, լուծվե՞լ է Սոչիում բնակվող Եվրոպայի չեմպիոն,  64 կգ քաշային Էդիկ Համբարձումյանի Հայաստանի հավաքականում մնալչմնալու հարցը:

– Ճիշտ է, նա մի քանի ոսումնամարզական հավաք բաց է թողել, սակայն որոշել է, որ շարունակելու է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Այդ է պատճառը, որ Էդիկը մասնակցել է մեր երկրի գլխավոր թիմի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքին: Ի դեպ, նա էլ այսուհետ հանդես է գալու 69 կգ քաշայինների մրցամարտերին: Էդիկը նախկինում քաշ գցելու հետ կապված խնդիրներ էր ունենում, այնպես որ առաջիկայում դրանք էլ կվերանան:

Նախատեսված էր, որ այս տարվա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվի Երևանում: Այդ պարտավորությունն ուժի մեջ է մնո՞ւմ:

– Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրաժարվել է հյուրընկալել այդ ստուգատեսի մասնակիցներին: Բանն այն է, որ դա կարող էր խանգարել, որ Հայաստանի ազգային հավաքականը լավ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը:

Անսպասելի քայլը չի՞ գցի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, պատճառ չի՞ դառնա , որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պատժամիջոցներ կիրառի:

– Նման բան չի կարող լինել: Ֆրանսիան, թեև բռնցքամարտի ոլորտում համարում ունցող երկիր է համարվում, սակայն 2010-ին մեկ ամիս առաջ էր հրաժարվել աշխարհի երիտասարդական առաջնության անցկացումից, և այն կայացավ Բաքվում: Այնպես որ մեր երկրի բռնցքամարտի ֆեդերացիային այդ առումով որևէ վտանգ չի սպառնում:

Իսկ որտե՞ղ է կայանալու Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

– Հայտնի է, որ այն անցկացվելու է օգոստոսի 11-21-ը, իսկ մրցավայրի հարցն առաջիկայում է լուծվելու: Մարտին կայանալու է Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Այդ ստուգատեսի արդյունքով կհամալրվի մեր երկրի հավաքականը, որը կնախապատրաստվի  Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply