Վահան Դիլանյան. Մամեդյարովի հայտարարությունը կատարյալ նոնսենս է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 25, 2011 14:28

Մեկնաբանելով  հունվարի 24-ին Քուվեյթի Alrai թերթի հետ հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու համար, Վահան Դիլանյանը այն որակել է` որպես կատարյալ նոնսենս:

Բանակցային որևէ ձևաչափում չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու հարցը այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը 1991թ-ից տիրապետում է անկախ պետության կարգավիճակի, ինչը ամրագրված է նաև երկրի Սահմանադրության մեջ,-նշել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և որ ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցը կարող է ելնել միայն ներկա կարգավիճակի սկզբունքից:

Դիլանյանը նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի իրականությունից իսպառ կտրված հայտարարությունը համարժեք է այն հնարավորությանը, որ պաշտոնական Երևանը կամ Ստեփանակերտը հայտարարեն, թե պատրաստ են քննարկել Ադրբեջանին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու հարցը:

Նույն հարցազրույցում Մամեդյարովը նաև ցավ է հայտնել, որ չեն իրագործվել ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը դուրս բերելու մասին 4 բանաձևերը:

Ըստ Դիլանյանի, ցավալի է, որ Կիևի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը ավարտած և շուրջ 20 տարի ադրբեջանական ԱԳՆ համակարգում աշխատած նախարարը չգիտի, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն:

Ցավալի է նաև, որ Մամեդյարովը չգիտի, որ հայկական զորքեր հանդիսանում են ոչ միայն ՀՀ, այլև ԼՂՀ զինված ուժերը, իսկ ԼՂՀ-ից պահանջել, որպեսզի նա դուրս բերի իր զորքերն իր իսկ տարածքից, առնվազն անտրամաբանական է,-ամփոփել է քաղաքագետը:

Դիտվել է 2068 անգամ:
Print Friendly

Leave a Reply