«Շողակաթի» աշխատակիցները պնդեցին, մենք էլ մտածեցինք՝ իսկ ինչու՞ ոչ, գեղեցիկ լոգո է և գեղեցիկ բառ…»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 22, 2011 19:41

Հանրային Խորհրդի մշակույթի հարցերով ենթահանձնաժողովում այսօր մի շարք մտավորականներ, «Արարատ» և «Շողակաթ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ և լրագրողներ քննարկեցին «Արարատ» հեռուստաընկերության շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակը:

Մտավորականներն անհանգստացած են, որ երկրի միակ մշակութային ալիքը դադարեցրել է իր գործունեությունը՝ փոխարենը իր հաճախականությունը տրամադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը:

Հանրային հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Մարատ Օրդյանը հայտնեց, որ մի քանի ամիս առաջ իրենք գիտեին, որ «Արարատն» ու «Շողակաթը» պիտի միավորվեն՝ ստեղծելով մի նոր հոգևոր-մշակութային ալիք: Իսկ հեռուստաընկերության խորհրդի ֆինանսատնտեսագիտական վաչության պետ Ալեքսան Առաքելյանը պարզաբանեց, որ «Արարատը» Հանրային հեռուստաընկերության մի ստորաբաժանումն է, և այն չի դադարեցրել իր աշխատանքները, իրավաբանական միավորում տեղի չի ունեցել, պարզապես համագործակցության պայմանագիր է կնքել Շողակաթի հետ:

«Կան բազնաթիվ ընկերություններ, որոնց արտադրանքը թողարկում է Հանրային հեռուստաընկերությունը, նույն ձևով՝ մի քիչ ավելի սերտ համագործակցությամբ, Հանրայինի համար հաղորդումներ կպատրաստի նաև «Շողակաթը»,-ասաց Առաքելյանը:

Համագործակցությունն այնքան սերտ է, որ հանրային հեռուստաընկերությունը որոշել է  «Արարատի» փոխարեն  օգտագործելու «Շողակաթի» անվանումն ու լոգոն:

Մարատ Օրդյանը բացատրեց, որ երկար են մտածել լոգոյի շուրջ, սակայն «Շողակաթ» անվանման մասին անգամ չեն էլ մտածել: Իրենց անվանումն ու լոգոն օգտագործելու առաջարկ արել են հենց  «Շողակաթի« աշխատակիցները, ինչն, ըստ Օրդյանի, շփոթ է առաջացրել նաև իրենց մոտ.

«Բայց քանի որ «Շողակաթի» աշխատակիցները պնդեցին, մենք էլ մտածեցինք՝ իսկ ինչու՞ ոչ, գեղեցիկ լոգո է և գեղեցիկ բառ»,-ասաց Օրդյանը:

Փաստորեն, եթե «Շողակաթի» աշխատակիցներն ի զորու են պնդելու, որ իրենց անվանումն ու լոգոն փոխարինի «Արարատի» ամվանմանն ու լոգոյին, շատ հավանական է, որ նորաստեղծ հոգևոր-մշակութային ալիքի ողջ ռազմավարությունը մշակվի հենց նույն «Շողակաթի» աշխատակազմի կողմից, ինչն էլ մտավորականներին հուզում է.

«Մենք ամենևին չենք թերագնահատում «Շողակաթի» գործունեությունը, սակայն կարծում ենք, որ մշակույթի համար պետք է գործի առանձին ալիք՝ ընդ որում պետական հովանավորությամբ. պարզ է, որ ոչ մի մասնավոր ընկերություն չի բացի մշակութային ալիք, քանի որ դա ռեյտինգ չի ունենա և շահույթ չի բերի»,-ասաց Հանրային Խորհրդի ներկայացուցիչներից մեկը:

Առաքելյանը հանգստացրեց անհանգստացողներին՝ հայտնելով, որ նպատակ կա Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապուղով հեռարձակմամբ ծրագիրը վերածել համահայկական ծրագրի, անվանել այն «Արարատ» և լոգոն օգտագործել այնտեղ:

Իսկ թե ինչ կլինի նախկին «Արարատ» հեռուստաալիքի աշխատակիցների հարցը, առայժմ անորոշ է.

«Որքան ես տեղյակ եմ, հեռուստաալիքի ողջ աշխատակազմին խոստացել են, որ նրանք կմնան իրենց կարգավիճակներում,-ասաց նախկին «Արարատ» հեռուստաալիքի պրոդյուսեր Արամ Սուքիասյանը,-հաղորդումների մի մասը կհեռարձակվի նախկին «Արարատի» կապուղով, իսկ մյուս մասը՝ արբանյակային հեռարձակմամբ: Ղեկավար կազմի փոփոխման հետ կապված մեզ որևէ պաշտոնական բան դեռևս ասված չէ»:

Այնուամենայիվ Սուքիասյանը չթաքցրեց իր վրդովմունքն այն առումով, որ իրենք տեղյակ չեն եղել սպասվող փոփոխություններից.

«Այն, ինչ տեղի է ունեցել, միակ հստակ պատասխան տվողը Ալեքսան Հարությունյանն է, ով ենթադրվում է, որ այստեղ պիտի լիներ, բայց այստեղ չի»,-ասաց նա:

«Անկախի» պատասխանատու քարտուղար, ՀԽ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի անդամ Անահիտ Հարությունյանը  հարց բարձրացրեց Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հրաժարականի վերաբերյալ.

«Կյանքը ցույց տվեց, որ «Արարատը», որպես մշակութային ալիք, թերի է և չի կատարում իր գործառույթները, որից էլ կարելի է ենթադրել, որ Հանրային հեռուստաընկերությունն ի վիճակի չէ կատարելու այդ գործը,-ասաց նա:

Բարձրացված հարցին պատասխանեց Օրդյանը.

«Եթե նույնիսկ բոլորը հրաժարական տան և սիրով հրավիրեն լավագույն մասնագետներին, անհնար է այն ստեղծել, քանի որ առհասարակ, մշակութային ալիք ունենալը շատ բարդ գործընթաց է: Ես կասկածում եմ, որ Հայաստանն իր կարողությամբ ի վիճակի է պահել մշակութային ալիք»,-ասաց նա:

Գագիկ Մանասյանը հայտարարեց, որ Հանրային խորհրդում այս հարցը դեռ կքննարկվի, կկայացվի որոշում և կներկայացվի համապատասխան մարմիններին: Ամեն դեպքում, որոշումը մեկն է լինելու՝ առանձին մշակութային ալիքի ստեղծումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:

Դիտվել է 2650 անգամ:
Print Friendly

Leave a Reply