Համահայկական էլեկտրոնային գրադարանը կունենա ինտերնետային կայք

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 21, 2011 10:51

Առաջիկայում կգործարկվի Համահայկական էլեկտրոնային գրադարանի ինտերնետային կայքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետ Տիգրան Հարությունյանը, նախնական տվյալներով` պաշտոնական գործարկումը կլինի փետրվարին:

Կայքի ստեղծման աշխատանքներով զբաղվել է «Մասակա» ընկերությունը, որը հաղթող էր ճանաչվել նախապես հայտարարված մրցույթում: Տ. Հարությունյանի խոսքով` էլեկտրոնային գրադարանի կայքը կունենա բազմաթիվ հնարավորություններ, այն կլինի բազմալեզու: «Արեւելահայերենից եւ արեւմտահայերենից բացի, կայքում կտեղադրվեն նաեւ այլ լեզուներով գրքեր, որովհետեւ կան բազմաթիվ հայազգի գրողներ, ովքեր ունեն անգլերենով կամ այլ լեզվով գրված ստեղծագործություններ»,-ասաց վարչության պետը:

Նրա խոսքով` էլեկտրոնային գրադարանի ստեղծումը լավ հնարավորություն է, որպեսզի Հայաստանի հասարակությունը ծանոթանա Սփյուռքի գրական գործիչների ստեղծագործություններին եւ հակառակը: Սփյուռքի ցրվածությունն աշխարհով մեկ հնարավորություն չի ստեղծում, որ մարդիկ առնչվեն հայ գրականությանը: Ըստ Տ. Հարությունյանի` էլեկտրոնային գրադարանի ստեղծմամբ Սփյուռքում ապրող հայրենակիցները կկարողանան հաղորդակից դառնալ հայ գրականությանը, արվեստին, ազգային արժեքներին:

Կայքի գործարկումից հետո կիրականացվեն ֆոնդի համալրման աշխատանքները, որը շարունակական բնույթ կկրի: Այդ հարցում նախարարությունը նախատեսում է սերտորեն համագործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հրատարակիչների, գրողների հետ:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply