Մոնումենտում 2-ժամյա զվարճանքն արժե նվազագույնը 3000 դրամ

Օրվա լուր | | May 29, 2009 17:37

dscn0242-14 հոգանոց ընտանիքի նվազագույն ժամանցը Մոնումենտում` Հաղթանակ զբոսայգում, արժե 2500-3000 դրամ` նվազագույն 30.000 դրամ աշխատավարձի 10 տոկոսը (պտտվող անիվ`անձը 300 դրամ /4 հոգին `1200 դրամ/, մանկական ատրակցիոն` անձը 200-300 դրամ /միայն երեխաները` 400-600դրամ /, 4 բաժակ պոպ-կորն` 200 դրամ, 4 հատ ռուսական պիշկի` 400 դրամ, տրանսպորտ`800 դրամ):

Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով Հաղթանակ Զբոսայգու կարուսելներն ապրիլի մեկից թանկացել են հարյուր դրամով` բացառությամբ մի քանի մանկականների: Զբոսայգու միայն արտաքին լուսավորության համար կազմակերպությունը ամսեկան վճարում է նվազագույնը 15.000 կվ էլեկտրաէներգիայի գումար` 450.000 դրամ:

Զբոսայգու «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրեն Թորոս Ումրիկյանի տվյալներով` ապրիլ- մայիս ամիսներին կարուսելներից օգտվողերը քչացել են մոտ 7 տոկոսով:

2 երեխաներին զբոսանքի տարած Սուսաննա Մանուկյանը բողոքում է ատրիակցիոնների գների թանկացումից. «Երեխաներս ուզում են գոնե երկու կարուսել նստել, մեկն արժի 300, մյուսը` 500 դրամ: Ես ո՞նց 3 տարեկան երեխային բացատրեմ, որ 2000 դրամ չունեմ` կարուսելի համար»:

Հաղթանակ զբոսայգու «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրեն Թորոս Ումրիկյանն ասում է, որ ամբողջ քաղաքում միայն իրենց զբոսայգին ունի 100 դրամ արժողությամբ ատրակցիոններ. «Մանկական մի շարք ատրակցիոնների գինը թողեցինք 100 դրամ, մի քանիսինն իջեցրինք, փոխարենը` էքստրիմ և բարդ ատրակցիոնների գինը, որոնք մեզ մոտ առանց այն էլ էժան էին, բարձրացավ 20-40 տոկոսով»:

Ումրիկյանն ասում է, որ 100-300 դրամ արժողությամբ 15 կտրոն գնելու դեպքում գումարի 20 տոկոսը հետ է վերադարձվում: «Տոմսի աջակողմյան մասից կտրում է հսկիչը, մնացած մասը մնում է հաճախորդին: Զբոսանքի վերջում, եթե հաճախորդն այդ 15 կտրոնների բլանկն առանց առանձնացնելու կամ մասնատելու վերադարձնում է դրամարկղին, նրան տրվում է 3 նույնարժեք ատրակցիոնից օգտվելու հնարավորություն»,-բացատրում է Ումրիկյանը: Այս նորույթի մասին, սակայն, հատուկենտ մարդիկ գիտեն. տոմսարկղերի պատուհաններին փակցված կանոնակարգերի խճճված բովանդակությունն այդպես էլ անհասկանալի է մնում այցելուներին:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով` 2009թ. մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում կա 81.200 գործազուրկ: Եթե հաշվենք, որ նրանց գումարվում են նաև 10-յակ հազարավոր սոցիալապես անապահովներ, գործակալությունում չգրանցված հազարավոր գործազուրկներ, հեռավոր մարզերում ապրող և մայրաքաղաք հասնելու հնարավորությունից զրկված բազմահազար ընտանիքներ, ապա ստացվում է, որ հանրապետության բնակչության առնվազն 40 տոկոսը զրկված է Հայաստանի եզակի զվարճավայրից:

Դիտվել է 1798 անգամ:
Print Friendly

Leave a Reply