Երկիրս երկիր չէ կամ՝ հայերի ամանորյա հանգիստը Շվեյցարիայում

ԷՍՍԵ | | January 19, 2011 15:57

Նոր տարին  արդեն անցյալ է, սակայն հայերը դեռևս շարունակում են շնորհավորել միմյանց: Ի՞նչ է սա, ավանդո՞ւյթ, թե՞ ամանորյա տոնի  մերօրյա կարծրատիպ:

Ամանորյա սեղանները

Ավանդույթը  ժամանակի ընթացքում, օտար մշակույթների հետ փոխազդեցության հետևանքով, փոխակերպվում է: Փոխվում է  բովանդակությունը, սակայն ծեսը՝որպես այդպիսին, չի փոխվում:

Օրինակ` հայերի մեջ այդպես էլ չի փոխվում ամանորյա սեղանները պես-պես ուտեստներով գերծանրաբեռնելու սովորույթը: Եվ ոչ միայն չի փոխվում, այլև  հետզհետե հարստանում է նոր  տարրերով:  Ամանորը զուգակցվում է պասով. մոտ 100 տարի առաջ հայկական ամանորյա սեղանին միս չէր կարող լինել, իսկ այսօր տոլման կամ խոզի բուդը դարձել են սեղանի անփոխարինելի ատրիբուտ: Սա էլ, փաստորեն, խորհրդային տարիների մշակույթի արգասիքն է:

Այդ ուտեստներից շատերը հնանում ու թափվում են: Մինչդեռ դրանց համար պատկառելի գումարներ են ծախսվում:

Միջին խավի հայը Նոր տարվա սեղանին տրամադրում է մոտ 1000 դոլար: «Փող չունեցող ժողովուրդը», որ  ամեն քայլափոխի դժգոհում է, թե «երկիրս երկիր չի», Նոր տարվա նախօրեին սրբում է խանութների եղածն ու չեղածը:

Այդ  պատկերն ամենուր է` Հայաստանի բոլոր մարզերում: Գործընկերս պատմում է, որ Մարտունու սուպերմարկետում նախատոնական օրերին բազմամարդ հերթեր են գոյանում: Վանաձորի մեր թղթակիցը ասում է, որ դեկտեմբերի 20-ից հետո առևտրի կետերում հերթը վերածվում է հրմշտոցի, իսկ Էջմիածնի  բոլոր խանութներում դեկտեմբերի 31-ին այնպիսի խառնաշփոթ էր, որ առևտուր անելու համար պետք էր զինվել ծով համբերությամբ:

Ի՞նչ է սա. հայկական «լոպպազություն», թե՞ …

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը բացատրում է, որ սա չի կարելի համարել զուտ հայկական երևույթ: «Ավելի շուտ՝ դա մարդուն բնորոշ հատկանիշ է, մարդկային մտածողություն,- ասաց նա,- քանի որ կարծրատիպ կա, որ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցնի, մարդիկ ուզում են հնարավորինս ճոխ սեղան գցել, որպեսզի եկող տարին անցնի նույն ճոխությամբ»: Նա նկատում է, որ հայերի` ամանորի սեղաններով հետ չմնալու ձգտումը կարելի է համեմատել բուհական կրթություն ունենալու հետ: «Այսօր ամեն քայլափոխի նոր բուհեր են բացվում, որոնք չգիտես` ինչի համար են կամ  ինչ են սովորեցնում,- ասաց նա,- բայց բոլորն էլ փող են ծախսում, որ իրենց երեխան գնա ինստիտուտ ու դիպլոմ ստանա, կարևոր չէ, թե հետո ինչ կլինի»:

Ամանորյա եթերը

Ամանորյա եթերն այս տարի աչքի էր ընկնում առանձնահատուկ անճաշակությամբ ու ձանձրույթով:

Դեռ թարմ են մանկական հիշողությունները, երբ 8.30-ից հետո Հայաստանի առաջին ալիքով սկսվում էր ամանորյա շոու ծրագիրը, որը վարում էր Նառա Շլեպչյանը: Այն ժամանակ  համով հումոր կար, և երգերն էլ լավն էին: Իսկ այսօր իզուր ենք ջղային, վահանակը ձեռքներիս, ալիքից ալիք թափառում: Ամենուր ռաբիզային կլկլոցն էր, ըստ երևույթին, էլեկտրոնային ԶԼՄ-ների քաղաքականության ներկայիս ճարտարապետները կարծում են, որ դա է մեր մշակույթի գագաթնակետը, և ոչ մի ուրիշ երաժշտություն չի կարող հայ ժողովրդին ուրախություն պարգևել:

Մինչև բուն նախատոնական օրերը մանկական ֆիլմեր ու զվարճալի հաղորդումներ էին ցուցադրվում, իսկ վերջին տարիների եթերի ամանորյա երանգը կարելի է հասկանալ միայն ամանորյա մաղթանքներով լի գովազդային հոլովակներից:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը նամակ է հղել Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողովին և ներկայացրել տվյալներ, ըստ որոնց`  2010 թ. դեկտեմբերի 31-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի եթերում ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ու «Գովազդի մասին» օրենքների մի քանի դրույթներ բազմիցս խախտվել են. մասնավորապես`  խախտվել է գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսի չափը և այն գերազանցվել է 5,6 տոկոսով կամ՝ սահմանվածի 80 տոկոսի չափով:

«Հանրային» և «Արմենիա» հեռուստաընկերություններով ընթանում էին  «Աննա» և «Վերադարձ» սերիալները:  Ամանորյա վազվզոցի արանքներում ականջիս  դիպչում էին ինչ-որ պատառիկներ` պատկերացում տալով մարդկային այն խմբի հետաքրքրությունների մասին, որոնք սպառում են այդ սերիալները:

Ամանորյա հանգիստը ընտանեկան միջավայրից դուրս

Օտար մշակույթի հետ շփումից առաջացած նոր ավանդույթ է դարձել Ամանորը ընտանեկան օջախից դուրս դիմավորելու միտումը: Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ Ծաղկաձորում 6-օրյա փաթեթը մեկ անձի համար հասնում է մինչև 300 հազար դրամի: «Ռոսիա» նորաբաց հյուրանոցում երկու անձի համար փաթեթը 650 հազար դրամ է: Եվ սա միայն փաթեթի գինն է, իսկ լեռնադահուկային սպորտի հաճույքներից օգտվելու համար յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի ծախսել նվազագույնը 15-հազարական դրամ: Վարդան Ղուկասյանը, որ չորս հոգանոց ընտանիքով երեք օրով իջևանել էր Ծաղկաձորի «Կեչի» հյուրանոցում, ծախսել է 1000 դոլարին մոտ գումար: «Իսկ «Կեչին» Ծաղկաձորի ամենաստից հյուրանոցներից ա,- ասաց նա («Կեչին» սովետական պանսիոնատ է, վերանորոգված),- իսկ հյուրանոցից դուրս օրը մոտ 50 հազար ծախսում էինք լիժեքի, ճոպանուղու ու տրեների վրա»:

Ընդ որում, տոնական օրերին Ծաղկաձորում կամ Աղվերանում  ոչ թե դժվար է ազատ տեղ գտնել, այլ անհնարին. բոլոր տեղերը շատ վաղուց պատվիրված են: «Կեչառիսի» ադմինիստրատոր Սոնան ասում է, որ իրենց մոտ համարների ամրագրումը սկսվում է սեպտեմբերից:

Տարեցտարի աճ է գրանցվում Ամանորը արտերկրում անցկացնողների թվում: «Իմեգա տուր» ընկերության տնօրեն Կարեն Անտաշյանն «Անկախին» ասաց, որ իրենց ծառայությունում  ամեն տարի այդ թիվն ավելանում է մոտ 10 տոկոսով: Մարդիկ հիմնականում գնում են Դուբայ և Եգիպտոս: Դուբայի 3-4 աստղանի հյուրանոցներում  մեկ շաբաթյա ամանորյա փաթեթը մեկ անձի համար արժի միջինը 1800 դոլար, իսկ Եգիպտոսում՝ 1000-1200 դոլար:

Սա դեռ միջին խավ համարվող մարդկանց տվյալներն են: Հայաստանի «վերին արտի ցորեն» համարվող օլիգարխներից մեկն իր ընտանիքով Նոր տարին անցկացրել է Շվեյցարիայում: Նրանք հանգրվանել են մի հյուրանոցում, որտեղ մեկ գիշերը մի անձի համար արժի 1000 դոլար: Եվ օլիգարխի կինը չափազանց զարմացել է` Ժնևում տեսնելով երևանաբնակ հայերի. «Որտեղի՞ց դրանց էդքան փող»: Ամբողջ խնդիրն այն է, որ «փողին փող չասող», շվեյցարիաներում Նոր տարին դիմավորող և ուրիշների փող ունենալու վրա զարմացող այս օլիգարխը աչքի է ընկնում նրանով, որ ամեն պատեհ-անպատեհ առիթով ընդգծում է, թե «երկիրը երկիր չի»:

Այս տվյալները խոսում են  մի բանի մասին. աղքատության որոշակի մակարդակ ունեցող Հայաստանում կենսամակարդակն էապես բարձրացել է: Սակայն տիրող բարքերից ամենից շատ բողոքում է ունևոր խավը: Մնում է միայն հասկանալ, թե երկիրը չերկիր որակող մարդկանց ո՞ր պահանջը չի բավարարում Հայաստանը:

Դիտվել է 3154 անգամ:
Print Friendly

Leave a Reply